Նախօրեին ԱՄՆ Սենատի անդամներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատի քննարկմանն էին ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Ժամանակագրական առումով սա «աստղաբաշխական ճշգրտությամբ» համընկավ Թուրքիայի պառլամենտում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սկզբնավորման հետ:
Արդյոք կապ ունե՞ն այս երկու գործընթացները, այսինքն` հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը սրանով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա` այդ երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ԱՄՆ-ին ցանկալի ուղղությամբ տանելու համար: «Եթե այդ լիներ նպատակը, պարտադիր չէր Սենատում այդ բանաձեւը ներկայացնելը, որովհետեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արդեն կա ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, եւ հենց դա կարող էր ճնշման միջոց լինել»,- կարծում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ Օբամայի խոստումը` օգտագործել «ցեղասպանություն» բառը, նույնպես ճնշման միջոց է եւ կարող է օգտագործվել` անկախ նման բանաձեւ ներկայացնելուց: Կ. Մանոյանը նաեւ չհամաձայնեց այն կարծիքին, թե նման բանաձեւի ներկայացումը Սենատ խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը դանդաղեցնում կամ կասեցնում է ցեղասպանության միջազգային ճանաչումը: «Լավագույն դեպքում դա պարզամիտ մեկնաբանություն է, վատագույն դեպքում` չարամիտ մեկնաբանություն»,- հայտարարեց Կ. Մանոյանը: Նա կարծում է, թե այս բանաձեւը դժգոհության արտահայտություն է հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման նկատմամբ: «Դա ինչ-որ տեղ բողոքի արտահայտություն է Հայաստան-Թուրքիա արձանագրություններում առկա պատմական հարթության վրա հարցեր քննարկող միջկառավարական ենթահանձնաժողովի նկատմամբ: Որովհետեւ Սենատում ներկայացված բանաձեւի գլխավոր հեղինակը Մենենդեսն է, մի մարդ, որը, երբ ՀՀ-ում փորձում էին նշանակել ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող ԱՄՆ-ի դեսպան, կասեցրեց նրա նշանակումը: Նա նաեւ հրապարակավ քննադատեց եւ հայ ժողովրդին ուղղված անարգանք կոչեց այդ ենթահանձնաժողովը»,- ասաց Կ. Մանոյանը: Բացի այդ, ըստ նրա, այս բանաձեւը ներկայացնողները փորձում են ճնշում գործադրել Սպիտակ տան վրա, որպեսզի վերջինս չկապի ցեղասպանության ճանաչման հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: «Սա ներկայացվել է նաեւ, որպեսզի հավելյալ ճնշում գործադրի Սպիտակ տան վրա, որպեսզի Սպիտակ տունը ցեղասպանության ճանաչման վերահաստատումը ԱՄՆ-ի կողմից անջատի Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Ինչպես հիշում եք` անցած տարի նախագահ Օբաման վկայակոչելով ապրիլի 22-ին հրապարակված Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնախարարությունների հայտարարությունը, ասաց, որ որպեսզի չխանգարի այդ բանակցություններին, ինքը իր խոստումը չի կատարում, թեեւ իր կարծիքը չի փոխել: Դրանից հետո էլ շարունակվեց Սպիտակ տան կողմից կապել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վերահաստատումը Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետ: Այս բանաձեւը ներկայացվում է որպես ճնշում, որ այս խնդիրները իրարից անջատվեն»,- ասաց Կ. Մանոյանը: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, համաձայն է, որ Սենատում ներկայացված ցեղասպանության վերաբերյալ այս բանաձեւը ավելի շատ ԱՄՆ-ի կողմից համապատասխան ճնշման միջոց է Թուրքիայի նկատմամբ: «Ես դեռեւս մի քանի ամիս առաջ իմ հարցազրույցներից մեկում կանխատեսել էի, որ նման բանաձեւ կներկայացվի: Նման գործընթացները նոր չեն ԱՄՆ-ում, եւ սա շարունակությունն է ցեղասպանության ճանաչման այս գործընթացի: Բայց մյուս կողմից՝ դժվարանում եմ ասել, թե ինչու հենց այս պահին ներկայացվեց այդ բանաձեւը: Ծանոթ լինելով ԱՄՆ-ի ադմինիստրացիայի գործընթացին, երբ նրանք պարբերաբար ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, հավանական է, որ սա կապված է ԱՄՆ-ի այդ ընդհանուր մոտեցման հետ, այն է` մինչեւ Թուրքիայի վրա ճնշում չգործադրվի, նա չի գնա որեւէ դրական քայլի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, համաձայն չէ այն մտքի հետ, թե այս բանաձեւի ներկայացումը Սենատ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց կարող է լինել: Նա ասում է, թե ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւեր պարբերաբար ներկայացվում են, եւ այս վերջին բանաձեւը այդ գործընթացի շարունակությունն է: «Նրանք միանգամից չեն կարող դադարեցնել այդ գործընթացը: Այդ սենատորները չեն կարող մինչեւ անգամ այս արձանագրությունների ստորագրումից հետո իրենց կարծիքը փոխել, ի տարբերություն շատերի: Սենատորների այս գործողությունները մեծ ապտակ պետք է լինեն նրանց համար, ովքեր այդ արձանագրությունները ստորագրել են եւ պատրաստվում են վավերացնել: Եվ կարծում եմ` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու պատճառով չէ, որ այս բանաձեւը ներկայացվեց»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: