«Կոլոմբոսի» հետքերով

23/10/2009

«Անցյալ տարվանից ի վեր Հայաստանը մաքսային ասպարեզում ռազմավարական ծրագիր է որդեգրել։ Ես զգում եմ նաեւ, որ այս նախաձեռնությունը վայելում է քաղաքական սատարում»,- երեկ հայտարարել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախագահ Կունիո Միկուրիան, ով այս օրերին գտնվում է Երեւանում: ՀՄԿ-ն Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին տվել է բարձր գնահատական։ Կ. Միկուրիայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՄԿ-ի հետ կատարված ամենակարեւոր առաքելությունը «Կոլոմբոս» ծրագիրն է։ Այն նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու մաքսային ծառայությունների կարեւոր գները: Նշենք, որ ՀՄԿ-ն առնչվում է բացառապես մաքսային հարցերին, մինչդեռ մեր հարկային եւ մաքսային ծառայությունները միավորված են մեկ կառույցի մեջ։ Ո՞րն է ավելի արդյունավետ՝ ունենալ առանձին կառույցնե՞ր, թե՞ մեկ միասնական կառույց, ինչպիսին այսօր ունի Հայաստանը։ Մեր թղթակցի այս հարցին Կ. Միկուրիան պատասխանել է. «Մենք այժմ գնահատման փուլում ենք։ Աշխարհում կան մի քանի օրինակներ, երբ մաքսային եւ հարկային մարմինները միավորվում են մեկում: Մաքսայինը եւ հարկայինը տարբեր կենդանիներ են, երբ մի կտուրի տակ ես դնում դրանց, հնարավորություններ են ստեղծվում նրանց միջեւ համագործակցություն ծավալելու: Այս տարվա վերջին մեր կազմակերպությունը անդրադառնալու է այս մոդելի արդյունավետությանը»։