«Արդյոք Թուրքիան կբացի՞ Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»,- երեկ Բաքվում ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան իրեն ուղղված այս հարցի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հրաժարվել է կոնկրետ պատասխանից: Նա ոչ «այո», ոչ էլ «ոչ» է ասել: «Մեր նախագահը, վարչապետը եւ ես` որպես արտգործնախարար, բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումը,- ասել է նա` ավելացնելով,- Խորհրդարանում երեկվա իմ ելույթում ես ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան կարեւոր է, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, եւ մեզ համար դա ռազմավարական առաջնահերթություն է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, բարգավաճումից, կայունությունից եւ թուրք-ադրբեջանական բարեկամությունից ավելի թանկ ոչ մի բան չի կարող լինել, քանի որ դա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է, եւ, կարելի է ասել, որ դուք ստացաք հարցի պատասխանը»: Շարունակելով` փորձել է պարզաբանել այն հարցը, թե ստեղծված իրավիճակը արդյոք համապատասխանո՞ւմ է Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի շահերին: Հավաստիացնելով, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին, նա ասել է, թե «պետք է մտածել ստեղծված իրավիճակը փոխելու մասին, ճանապարհներ գտնել` վերջ տալու հայկական 17 տարվա օկուպացիային»: «Ե՛վ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու օրը, եւ՛ դրանից առաջ, եւ՛ դրանից հետո մենք ամբողջ աշխարհին հայտարարել ենք. Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում սկսվի նորմալացման լայն գործընթաց: Դա նշանակում է, որ պետք է լուծվի եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը»,- հերթական անգամ ասել է Դավութօղլուն: «Ինչպե՞ս է այն հնարավոր լուծել»,- հարցադրում է արել Դավութօղլուն, եւ ինքն էլ պատասխանել է դրան. «Իհարկե, օկուպացիային վերջ տալու ճանապարհով: Սա այնքան ակնհայտ դիրքորոշում է, որ Ադրբեջանում ոչ մեկի մոտ չպետք է կասկածներ մնան: Ադրբեջանի օկուպացված տարածքները մենք համարում ենք մեր հողերը եւ կշարունակենք պայքարը դրանք ազատելու համար: Մենք գտնում ենք, որ ստորագրված արձանագրությունները կխթանեն այդ գործընթացը»: Նա նաեւ ավելացրել է, թե վերջին 5 տարիների ընթացքում այդ ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես, ըստ Դավութօղլուի, Թուրքիայի կովկասյան քաղաքականության արդյունքում Լաչին է մեկնել մի պատվիրակություն` տեխնիկական զննություն կատարելու համար: Նա նաեւ հավաստիացրել է, որ միջազգային բոլոր հանդիպումներում առաջին հերթին իրենք բարձրացնում են Ղարաբաղի հարցը: «Ցյուրիխում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մենք նորից բարձրացրել ենք այդ հարցը: Քանի դեռ ես Բաքվում եմ, մեր Արտգործնախարարության ներկայացուցիչը Վիեննայում մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով,- Հետագայում եւս Թուրքիան ամեն տեղ բարձրացնելու է Ղարաբաղի հարցը, նույնիսկ, եթե դա չանի Ադրբեջանը: Դա մեր ազգային հարցերից մեկն է: Մենք տարբերություն չենք դնում ադրբեջանական ու թուրքական հողերի միջեւ, ադրբեջանական ու թուրքական դրոշների միջեւ»: