Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի հերթական ամփոփ ցուցանիշները:
Հիշեցնենք, որ 2009թ. առաջին 7ամիսների ընթացքում թեեւ 325 խոշոր հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 7%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) ծավալը մոտ 21%-ով, այսինքն` շատ ավելի մեծ չափով, քան հարկերի ու տուրքերի նվազման միջին ցուցանիշն էր: Մի քանի օր առաջ ՊԵԿ-ի հրապարակած Հայաստանի 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի 2009թ. հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2009թ.-ի առաջին 8 ամիսների կտրվածքով այս պատկերը գրեթե չի փոխվել: Այսպես, հունվար-օգոստոս ժամանակաշրջանի կտրվածքով խոշոր հարկատուներն իրենց շրջանառության նվազման ցածր ցուցանիշի պարագայում (7%) դարձյալ շատ ավելի մեծ չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը` 22%: Այսինքն` ճգնաժամի պարագայում, երբ ՀՀ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, երբ հունվար-հուլիսին մեր գործարարների վաճառած ապրանքների ու ծառայությունների ծավալը միջինում նվազել է 18.4%-ով, խոշոր հարկատուները հաջողացրել են նվազեցնել իրենց կողմից վաճառված արտադրանքի ու ծառայությունների ծավալը ընդամենը 7%-ով, բայց երեք անգամ ավելի շատ են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը: Սա` հունվար-հուլիս ամիսների ընդհանուր կտրվածքով: Հիշեցնենք սակայն, որ ինչպես նշել էինք հունվար-հուլիս ամիսների մոնիտորինգի վերլուծության ժամանակ, առանձին վերցրած հուլիս ամսին նկատվել էր որոշակի դրական միտում, այն է` միայն հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 325 խոշոր հարկատուները գրեթե չէին նվազեցրել հարկային վճարումները այն դեպքում, երբ նրանց շրջանառությունը զգալիորեն նվազել էր: Եվ եթե հուլիսին նկատված դրական միտումը շարունակվեր, այսինքն` 325 խոշոր հարկատուները իրենց շրջանառության ծավալի նվազման համեմատ ավելի քիչ չափով նվազեցնեին բյուջե վճարվող հարկերի ծավալը, ապա 2009թ. տարեկան ցուցանիշներով շատ ավելի մեղմ պատկեր կարձանագրվեր: Սակայն, ցավոք, օգոստոս ամսվա տվյալները շատ ավելի բացասական են: Ըստ այդմ, խոշոր հարկատուները բավական մեծ ծավալով օգոստոսին նվազեցրել են բյուջե վճարած հարկերը այն դեպքում, երբ նրանց շրջանառությունը շատ ավելի քիչ չափով է նվազել: Այսպես, 2009թ. օգոստոսին 325 խոշոր հարկատուները բյուջե վճարել են նախորդ տարվա օգոստոսին կատարած վճարումներից մոտ 31%-ով պակաս գումար, բայց նրանց շրջանառությունը այս տարվա օգոստոսին նախորդի համեմատ նվազել է ընդամենը 5%-ով: Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե իրականում ինչ արդյունք են տվել կառավարության` «փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերը»: Նույնիսկ այն պարագայում, երբ փոքր ու միջին բիզնեսի ոլորտի ընկերություններում հարկային ստուգումներ չեն կատարվում, այս ոլորտը շատ ավելի քիչ չափով է նվազեցնում բյուջե վճարվող հարկերը, քան 325 խոշոր հարկատուները: Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտները 2009թ.-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 18.8%-ով (74.7 մլրդ դրամով): Եվ եթե այդ նույն ժամանակահատվածում 325 խոշոր հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 22%-ով, ապա մյուս հարկատուները նվազեցրել են իրենց հարկերը մոտ 17%-ով: Իսկ երբ դիտարկում ենք միայն օգոստոս ամսվա ցուցանիշները, ստացվում է, որ բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են 24%-ով, 325 խոշոր հարկատուների վճարած հարկերը` 33%-ով, իսկ մյուս հարկատուների վճարած հարկերը` 20%-ով (2008 եւ 2009թթ. օգոստոս ամիսներին բյուջեի հարկային եկամուտները կազմել են համապատասխանաբար 58 եւ 44 մլրդ դրամ, իսկ 325 խոշոր հարկատուների վճարած հարկերը` համապատասխանաբար 18 եւ 12 մլրդ դրամ): Այսինքն` օգոստոս ամսին 325 խոշոր հարկատուները զգալիորեն ավելի մեծ չափով են պակասեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը (33%), քան մյուս հարկատուները (20%): Ամփոփենք` 325 խոշոր հարկատուների հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին ութ ամիսներին բյուջեն լցնելու գործն ընկած է եղել համեմատաբար մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, եւ այս միտումը խորացել է նաեւ առանձին վերցրած օգոստոս ամսվա համար: Ցավոք, որեւէ հիմք չկա կանխատեսելու, որ հաջորդ ամիսներին եւս նույն օրինաչափությունը չի շարունակվի: