Հրանտ Վարդանյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ավելի ճիշտ՝ նրա ընտանիքին պատկանող բիզնեսներից մեկը՝ «Գրանդ Քենդին»։
Այս անգամ «գլխացավանքի» պատճառը ուկրաինացիներն են։ Մեկ շաբաթ առաջ Հայաստան էր ժամանել Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկա» ընկերության գլխավոր տնօրեն Ալլա Կովալենկոն։ Հենց այս տիկինն էլ բաց տեքստով հայտարարեց՝ «Հայաստանի տեղական արտադրող «Գրանդ Քենդին» դիմում է ոչ արդար մրցակցության քայլերի»։ Ոչ արդար մրցակցություն ասելով՝ Ալլա Կովալենկոն նկատի ուներ այն, որ «Գրանդ Քենդին» Հայաստանում արտոնագրել է 1000-ից ավելի արտադրատեսակների անուններ, այդ թվում՝ իրենց արտադրատեսակներից, սակայն չի արտադրում դրանք։ Այդպիսով, ըստ էության, իրենց դուրս է մղել շուկայից։ «Երբեմն մենք չենք հասցնում մեր արտադրանքի անվանումները գրանցել այլ երկրներում, քանի որ դա բավական ժամանակատար է։ «Գրանդ Քենդին» արտոնագրել է մեր արտադրատեսակների այնպիսի անվանումներ, որոնք զուտ ուկրաինական են, օրինակ` «Սլաբոժանսկայա լաստոչկա», «Սլաբոժանսկայա ռոմաշկա»գ Ստացվել է մի իրավիճակ, որ Ուկրաինայում արտոնագրված տարիներ շարունակ մեր կողմից արտադրվող հրուշակեղենը Հայաստանում հանդիսանում է կեղծ, եւ մենք այն չենք կարող իրացնել։ Այս ամենի հարցում առաջին հերթին տուժում է սպառողը»,- ասել է Կովալենկոն։
Վարդանյանների համար սա առաջին դեպքը չէ. նրանք բազմիցս հայտնվել են հեղինակային իրավունքի հետ կապված պատմությունների մեջ։ Մասնավորապես, մեր թերթի ընթերցողները թերեւս հիշում են «Նեմիրոֆֆ» ապրանքանիշի հետ կապված պատմությունը։ Վարդանյանները շուկա էին հանել «Նեմիրոֆֆ» անվանումով ծխախոտներ, ինչը «Նեմիրոֆֆ» ֆիրմայի ներկայացուցիչները համարում էին իրենց իրավունքների խախտում։ Անվանումների հետ կապված խնդիրներ ունեցավ նաեւ Վարդանյանների «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ «BEST» ապրանքանիշը գրանցելիս։ «Գրանդ Քենդին» նախկինում նույնպես զերծ չի մնացել նմանատիպ հարցերից։ 2004-ին հայ-ֆրանսիական «Sweet Land» ընկերությունը հայց ներկայացրեց «Գրանդ Քենդիի» դեմ՝ պնդելով, որ վերջինս խախտում է իր հեղինակային իրավունքները՝ արտադրելով ապրանքներ, որոնց հեղինակային իրավունքները պատկանում են իրեն (օրինակ՝ «Cola» եւ «Ֆրուտոպիա» կոնֆետները)։ «Գրանդ Քենդին» հանդես եկավ հակընդդեմ հայցով՝ պնդելով, որ ապրանքանիշերը մշակվել են 2003թ. իրենց մասնագետների կողմից, եւ շահեց դատը։ Նշենք նաեւ «Բելոչկա», «Միշկա նա Սեվերե», «Միշկա կոսոլապի», «Կարավան» կոնֆետների առիթով առաջացած վեճը «Գրանդ Քենդիի» եւ «Արարատ» ՍՊԸ-ի միջեւ։ Ցանկը կարելի է շարունակել, սակայն մի բան հստակ է՝ Վարդանյանները «կոփված են» ապրանքային նշանների, ավելի ճիշտ` ապրանքային նշաններ «պատենտավորելու» հարցում։
Սակայն այս անգամ (Խարկովի գործարանի դեպքում) ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է, քանի որ հայրենի կառավարությունը կարծես բռնել է ուկրաինացիների կողմը։ Կամ այդպես է ցույց տալիս։ 2 օր առաջ տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները` շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում: Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետեւ նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային այդ նշանները։ Դրանցով ոչինչ չի արտադրում, ուղղակի իր նպատակն է եղել՝ մրցակիցներին դաշտից դուրս մղել։ Նման բողոքներ մենք ստացել ենք նաեւ Ռուսաստանի մեր գործընկերներից, եւ եթե մենք այստեղ խնդիրը չշտկենք, նրանք համանման միջոցներ կիրականացնեն մեր արտադրողների նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այս հարցը պետք է դարձնենք քննարկման առարկա, քանի որ խոստացել ենք, որ մեր գործընկերներին կպատասխանենք, թե ինչպես ենք այս հարցը լուծում»։ Դժվարանում ենք ասել, թե վարչապետն ինչու կոնկրետ անուններ չի նշել, եթե դրանք արդեն իսկ հայտնի են բոլորին։
Թե ինչպես է կառավարությունը լուծելու այս խնդիրը, դեռեւս այնքան էլ պարզ չէ, քանի որ այստեղ առկա են մի շարք «խուճուճ» հարցեր, այդ թվում` իրավական: Թեեւ «Գրանդ Քենդին» ապրանքանիշեր «պատենտավորելու» իր քայլերը փորձել եւ փորձում է հիմնավորել հղումներ անելով այս կամ այն օրենքին, սակայն փորձագետների կարծիքով` համապատասխան ընթացք տալու դեպքում այդ գործընթացի իրական իրավական խախտումները ջրի երես դուրս կգան: Եթե ոչ Հայաստանի, ապա միջազգային դատական ատյաններում: «Գրանդ Քենդին» գրանցել է 1000-ից ավելի ապրանքանիշեր, որոնց կեսի կեսն էլ չի արտադրում։ 217 ապրանքային նշան գրանցել է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը», 97-ը՝ «Գրանդ Տոբակոն»։ Այսինքն՝ բավականին մեծ գումարներ են ծախսել գրանցման վրա։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ դրանց մեծ մասը, կրկնում ենք, չի արտադրվում: Այդ ապրանքանիշերի գրանցմամբ Վարդանյանները ընդամենը «չորով» փակել են տեղական շուկան նույնիսկ միջազգային հանրահայտ բրենդերի համար: Օրինակ՝ «Գրանդ Տոբակոն» գրանցել է այնպիսի անուններ, ինչպիսիք են «Գժելկա», «Բլագով», «Մեդոֆֆ», «Աբսոլյուտ», «Բալտիկա», «Խորտիցա», «Ռուսսկի Ռազմեր» եւ այլն։ Ճիշտ է՝ ընկերությունն այդ անվանումներով միայն ծխախոտ արտադրելու իրավունք ունի, բայց փաստը մնում է փաստ, որ օգտագործվել են հայտնի բրենդերի անուններ։ Փաստորեն, Վարդանյանները ծխախոտի ոլորտում ոչ մեկին «թփրտալու» տեղ չեն թողել։ Սակայն միայն սրանով չեն սահմանափակվել. զարմանքով հայտնաբերեցինք, որ Վարդանյաններին է պատկանում նաեւ «VITAMAX» ապրանքանիշը, որը նրանք արտոնագրել են դեղագործական արտադրանքի դասում։ «Vitamax»-ը վիտամինների արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերություն է, իսկ Վարդանյանները, որքան հայտնի է, այդ ոլորտում գոնե առայժմ գործունեություն չեն ծավալում։ Դժվար է ասել՝ ո՞րն է հանդիսացել այս անվան նկատմամբ հետաքրքրության պատճառը։
Այսպիսով, Վարդանյանները գերադասում են օգտագործել ուրիշների՝ տարիների աշխատանքի շնորհիվ հայտնի դարձած ապրանքանիշերը, անուղղակիորեն խոստովանելով, որ իրենք չեն կարողանում ինքնուրույն բրենդ ստեղծել։ Դա նաեւ նշանակում է, որ պարզապես ունակ չեն բավարարել սպառողի օրեցօր աճող պահանջմունքները։ Ցանկացած նորմալ երկրում նման գործելաոճ որդեգրած գործարարը կարժանանար սպառողի լիակատար արհամարհանքին, այդ ընկերությանը լուրջ չէին վերաբերվի եւ քմծիծաղով կխոսեին նրա մասին։ Մեզ մոտ նման բան տեղի չի ունենում. հասարակությունը նորմալ է վերաբերվում։ Ինչ վերաբերում է պետության գործառույթներին, ապա այս դեպքում կառավարության արձագանքը ավելի շատ ցուցադրական բնույթ ունի` թերեւս պայմանավորված օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունները չփչացնելու մղումով։