Ո՞վ կշահի

23/10/2009

«Եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, դրանից Եվրամիությունը կշահի: Մտնել Եվրամիություն, նշանակում է՝ ապահովել 1.5 միլիարդանոց իսլամական աշխարհի աջակցությունը»,- երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` բացման խոսքով հանդես գալով Միջերկրածովյան երկրների Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստում: «Թուրքիան 2008 թվականի տվյալներով) 17-րդ տեղն է գրավում աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրների մեջ: Այս տարի կբարձրանանք 16-րդ տեղը: Թուրք շինարար-կապալառուները աշխարհում 225 երկրների շարքում բարձրացել են երկրորդ հորիզոնականը` Չինաստանից հետո,- ասել է Էրդողանը` ավելացնելով,- Միջերկրական ծովը բոլորիս ծովն է: Այս մեծ ավազանին հետաքրքրող հարցերը մեզ են պատկանում: Այն կարծիքին եմ, որ Միջերկրական ծովը իր իմաստով կդառնա խաղաղության եւ կայունության ծով: Ես մեկ անգամ եւս ձեզ մեր գեղեցիկ Ստամբուլ բարի գալուստ եմ ասում եւ ձեր աշխատանքներին հաջողություններ մաղթում»։