«Հայաստանում աշխատանքային իրավունքի իրականացման տեսանկյունից այսօր գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը»,- երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` աշխատանքային իրավունքին, բնապահպանական խնդիրներին եւ մենաշնորհներին նվիրված ասուլիսում: Օրինակ՝ տաքսիների վարորդների իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով իրավապաշտպանի գրասենյակը դիմել է պետական տեսչություն: 70 կազմակերպություններից 5-ը ստուգելուց հետո գրանցվել են մի շարք խախտումներ: Օրինակ, վարորդներն առանց հավելավճարի 18 ժամ աշխատել են: Բացի այդ, ըստ Հարությունյանի, այս ոլորտում բացակայում է բժշկական վերահսկողությունը, իսկ կազմակերպություններից մեկն, արդեն մեկ տարի է, աշխատում է առանց արտոնագրի: Խախտումների արդյունքում ոտնահարվում է ոչ միայն մարդկանց աշխատանքային իրավունքը, այլ նաեւ ուղեւորների անվտանգությունը: Խոսելով երկրում գործող մենաշնորհային ընկերությունների մասին` իրավապաշտպանը հայտարարել է. «Մենաշնորհային տնտեսությունը մեր երկիրը տանում է եւ տանելու է դեպի փակուղի»: Սակայն երեկ Հարությունյանը սահմանափակվել է միայն ընդհանուր ձեւակերպումներով` առանց կոնկրետ ոլորտներ ու անուններ նշելու: Օրինակ, իրավիճակից ելքը նա տեսնում է «ինստիտուցիոնալ փոփոխություններում»: «Բարեփոխված համակարգը պետք է նպաստի արժանապատիվ, ազատամիտ, ինքնաբավ քաղաքացու ձեւավորմանը»,- հայտարարել է նա: Օմբուդսմենի գրասենյակի կողմից անցկացրած մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել է լուրջ խնդիրներ բնապահպանության ոլորտում: Հիմնական բացթողումները, ըստ Հարությունյանի, վերաբերում են զանգվածային ծառահատումներին, անտառների կամ ազգային պարկերի ոչ նպատակային օգտագործմանը, շինարարական թափոնների առկայությանը: «Այս ամենը ցույց է տալիս, որ այս տնտեսական համակարգի պայմաններում խոսել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանված լինելու մասին պարզապես անիմաստ է»,- ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: