1999-2000 թթ. ԼՂՀ կառավարության կողմից մշակված տնտեսական բարեփոխումների
ծրագրի բաղկացուցիչ մասն էին կազմում հարկային դաշտի կտրուկ բարելավումը,
տնտեսության կառուցվածքային բարեփոխումները եւ ազատականացումը,
արտասահմանյան ներդրումների ներգրավումը եւ այլն։
Ղարաբաղում ներդրումներ են կատարում ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես
էլ արտասահմանյան տարբեր երկրներից (ԱՄՆ, Լիբանան, Շվեյցարիա, Իրան,
Ռուսաստան, Ավստրալիա եւ այլն)։
Ջեկ Աբուլաքյանը, որը Սիդնեյում շինարարական ընկերություն ունի, տուրիզմի
զարգացման նպատակով Ստեփանակերտում տարիներ առաջ բացեց «Նաիրի» հյուրանոցը
եւ կառավարության կողմից պահաջվող չափի ներդրումներ կատարեց։
Նրա խոսքերով, Հայրենիքի ազատագրումից հետո հեռավոր Ավստրալիայում չէին
կարող հանգիստ նստել եւ որոշեցին գալ Ղարաբաղ։ «Սկզբից չէինք
կողմնորոշվում, թե որ բնագավառում պետք է ներդրում անել: Ծանոթացանք երկրի
իրավիճակին եւ տարբեր հանդիպումներից հետո եկանք այն եզրակացության, որ
Ղարաբաղում հյուրանոցային գործունեության կարիք կա, որը կնպաստի տուրիզմի
զարգացմանը: Վերադառնալով Ավստրալիա` 5 ընտանիքով հավաքվեցինք եւ
որոշեցինք հստակ քայլեր անել»,- պատմում է հյուրանոցի տնօրենը:
«Նաիրի» հյուրանոցում ներկայումս աշխատում են 25 հոգի, որոնց նվազագույն
աշխատավարձը 30.000 դրամ է: Հյուրանոցն ունի 46 համար եւ կարող է ընդունել
100-115 մարդ: Զրուցակցիս հավաստմամբ, նրանք համագործակցում են
տուրիստական շուրջ 20 ընկերությունների եւ կառավարության հետ:
Պարոն Աբուլաքյանի կարծիքով՝ «Ղարաբաղում բիզնեսով զբաղվելը շատ ձեռնտու է
միայն այն դեպքում, եթե ներդրվող գումարների օգտագործումը պարբերաբար
վերահսկվում է: Այդ իսկ պատճառով, ես ամեն տարվա 6-7 ամիսը լինում եմ
այստեղ»:
Խոսելով Ղարաբաղում տուրիզմի զարգացման կարեւորության մասին` նա
միաժամանակ նկատեց, որ առաջին հերթին պետք է համապատասխան պայմաններ
ստեղծվեն: «Նախորդ տարիների համեմատ տուրիզմն աստիճանաբար թափ է ստանում,
սակայն դա բավարար չէ: Ոլորտի զարգացման հստակ ծրագիր պետք է կազմվի` ՀՀ
եւ ԼՂՀ կառավարությունների, հյուրանոցային գործունեությամբ զբաղվողների
ջանքերով: Կարեւոր է նաեւ այն, թե Ղարաբաղի իրավիճակի, ռեսուրսների,
հյուրանոցային պայմանների, տեսարժան վայրերի մասին որքանով են տեղյակ
արտասահմանյան երկրներում: Այս առումով շատ քիչ աշխատանքներ են տարվում,
բայց սա թերեւս ամենակարեւոր գործոններից մեկն է ոլորտի բարելավման
համար»,- մեր զրույցի ժամանակ ասաց ավստրալահայ գործարարը:
Հյուրանոց այցելում են հիմնականում արտասահմանցիներ, իսկ հայաստանցիները
կազմում են մոտ 30%-ը: «Այստեղ են գալիս բավական հաջողակ բիզնեսմեններ,
բարեկեցիկ ընտանիքներ: Մեր հյուրանոցային պայմաններն ու գներն այնպիսին
են, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել։ Կարծում եմ, անհրաժեշտ է մտածել
նաեւ այս ուղղությամբ. պետք է ստեղծել նորմալ պայմաններ` մատչելի գներով,
ինչը հնարավորություն կտա հանգստանալ նաեւ հասարակության մյուս խավերին»,-
կարծում է պարոն Աբուլաքյանը:
Հյուրանոցային գործունեությունից եւ բարեգործությունից բացի, ավստրալահայ
գործարարը զբաղվում է նաեւ արտահանմամբ (գրանիտ, գինու տակառներ,
մուրաբաներ, ծիրան եւ այլն): Նա միաժամանակ հավաստիացնում է, որ Ղարաբաղի
տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է լեռնագործության,
որսորդության, ձկնորսության զարգացումը, առավել ձեռնտու է նաեւ քարերի
արտահանման գործը: