Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Նա մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում: Նախագահ Սերժ Սարգսյանը զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ երեկոյան Ստեփանակերտում հրավիրել է ավանդական խորհրդակցություն: