Սուրենյանցն առաջադրվում է

21/10/2009

Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ առաջադրվելու է իր թեկնածությունը Ազգային ժողովի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններում: «Երկար մտորումներից հետո` որոշել եմ թեկնածությունս առաջադրել ԱԺ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններին: Մտադիր եմ իմ համեստ դերակատարությունն ունենալ Հայաստանում քաղաքական օրակարգ ձեւավորելու գործընթացում, իսկ հաղթանակի հասնելու դեպքում` առնվազն օգտագործել խորհրդարանական ամբիոնն` իմ գաղափարներն ու արժեքային համակարգը հանրության սեփականությունը դարձնելու համար»,- նշված է Ս. Սուրենյանցի` երեկ տարածած հաղորդագրությունում, որում Հայ Ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամը նաեւ նշել է. «Իմ հայտը դուրս է զուտ կուսակցական եւ ընդդիմադիր ձեւաչափից եւ ավելի տարողունակ օրակարգ ունի: Վստահ եմ, որ արդար ընտրությունների պարագայում` իմ հաղթանակը կասկած չի հարուցում: Միեւնույն ժամանակ` պատրաստ եմ սեղմել ցանկացած թեկնածուի ձեռքը, ով հաղթանակը կվաստակի ազատ մրցակցության արդյունքում: Թիվ 10 ընտրատարածքում օրինական ընտրությունների անցկացումը համարում եմ իմ քաղաքական, քաղաքացիական հայտի գլխավոր առաքելությունը»: Սուրենյանցը տեղեկացրել է նաեւ, որ ընտրարշավին մասնակցելու է «Բաց Հայաստան» քաղաքական ծրագրով, իսկ որպես իր հայտարարության գլխավոր պահանջ` ակնկալում է «բոլոր քաղբանտարկյալների պարտադիր ազատ արձակումը»: Երեկ ավելի ուշ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ը կապ չունի Սուրենյանցի առաջադրման հետ, եւ նա Կոնգրեսի թեկնածուն չէ: Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, այս ընտրատարածքում իրենց թեկնածությունը պատրաստվում են առաջադրել նաեւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ՄԻԱԿ անդամ Վահան Բաբայանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ Կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն: