«Զվարթնոց». էքստրեմալ օդանավակայան

27/08/2005 Գ. ԱՎԱԳՅԱՆ

Դիմավորողների քանակն ուղիղ համեմատական է հյուրի հաղթահարած ճանապարհի երկարությանը՝ բազմապատկած նրա բերած ճամպրուկների թվով:

Չվացուցակն այնպես է կազմված, որ միաժամանակ վայրէջք են կատարում 2,
երբեմն էլ 3 ինքնաթիռ: Այդ դեպքերում դիմավորողների քանակն ուղղակի
սպառնալի չափեր է ընդունում, որ բավական է ցանկացած «գույնի» ու
«նրբերանգի» հեղափոխություն անելու համար:

Բարեբախտաբար (կամ դժբախտաբար), ընդդիմության առաջնորդները տեղյակ չեն
ամեն գիշեր օդանավակայանում կատարվող իրադարձություններից եւ ապարդյուն
փորձում են ժողովրդին հավաքել այլ վայրերում:

Դիմավորելու հաճույքը երկարաձգելու նպատակով սպասասրահում փակված են բոլոր
դռները, ներկված են բոլոր պատուհանները, որպեսզի հանկարծ ժամանողներն ու
դիմավորողները ժամանակից շուտ իրար չտեսնեն:

Եկողները, անցնելով մաքսային ու սահմանային անցակետերն ու ստանալով իրենց
ուղեբեռը (իմիջիայլոց, դա ոչ բոլորին է բախտ վիճակվում), հայտնվում են
դիմավորողների երջանիկ ամբոխի հետ դեմ դիմաց: Այդքան մարդկանց միջով
անցնելը բոլորին չէ, որ հաջողվում է: Ոմանք դուրս են մնում
«մրցապայքարից»՝ պարզապես անցնելով արգելափակող ժապավենների տակով:

Հյուրերի տպավորությունների մասին առավել ամբողջական պատկերացում կարելի է կազմել՝ կարդալով Լեւ Տոլստոյի «Շարքի միջով» պատմվածքը:

Օգոստոսի 7-ին՝ առավոտյան 04.45-ին, գնացել էի դիմավորելու Վիեննայից
ժամանող ինքնաթիռը: Գրեթե միաժամանակ վայրէջք կատարեց Պրահայից եկող
ինքնաթիռը: Եթե սրան էլ գումարենք Մոսկվայից ժամանողներին, որոնք ստանում
էին իրենց ուղեբեռը, ապա դիմավորողների քանակն ահռելի էր: Ժամը 7-ն անց
միակ դռան մոտ, որտեղից դուրս էին գալիս ուղեւորները, մնացել էր 5-6
դիմավորող: Նրանց հյուրերը, այդ թվում՝ եւ իմը, այդպես էլ չհայտնվեցին:
Դուռը մեր ոտնձգություններից պահպանող աշխատակիցները չկարողացան
պատասխանել «Ո՞ւր են մեր հյուրերը» հարցին: Նրանցից մեկն ասաց. «Կարող է
նրանց ուղեբեռը կորել է, ու հիմա նրանք այդ մասին հայտարարություն են
գրում»: Մի ուրիշ աշխատակից մեզ ուղարկեց սահմանապահների մոտ. «Գնա
հարցրու՝ սահմանային կետն անցե՞լ են, թե՞ չէ»: Սահմանապահները
պատասխանեցին, որ իրենք այդպիսի գրառումներ չեն անում, ընդամենը
անձնագրերն են ստուգում:

Որոշեցի դիմել Ավստրիայի AIRLINES-ի ներկայացուցիչներին, բայց գրասենյակը փակ էր, հավանաբար մինչեւ …հաջորդ չվերթը:

3 ժամ ավտոկանգառում մեքենան կանգնեցնելու համար վճարելով 1200 դրամ՝ ես տուն գնացի՝ հաջորդ չվերթը դիմավորելու համար ուժ հավաքելու: