Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կալանավորել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին: Այդ մասին երեկ հաղորդել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: Ըստ հաղորդագրության, Հայրապետյանը, ինչպես նաեւ նրա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապ իրականացնելու համար մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի, որի ո՛չ ինքնության եւ ո՛չ էլ քաղաքացիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում, կալանավորվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում: Գեւորգ Հայրապետյանը նախկին զինծառայող է, ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ: 2007 թվականին նա հեռացվել է Հայաստանի զինված ուժերից զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար: Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին մասով` «պետական դավաճանություն լրտեսության ձեւով», ինչի համար սահմանված է 10-15 տարվա ազատազրկում: Քրեական գործով նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունը: