Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, թեեւ դեմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին, սակայն այդպես էլ չի կարողանում միավորվել ու համատեղ պայքարել այդ գործընթացի դեմ: Պառակտվածության գլխավոր պատճառը, համենայնդեպս մինչ արձանագրությունների վավերացումը, թվում է, թե նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել-չպահանջելու հարցն էր: ՀՅԴ-ն մինչ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների վավերացումը ու դրանից հետո խոսում է միայն արտգործնախարարի հրաժարականի մասին (ինչը շատերի ծիծաղն է առաջացնում), իսկ «Ժառանգությունը», թեեւ մինչեւ հոկտեմբերի 10-ը չէր պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը, սակայն դրանից հետո հայտարարեց նախագահի հրաժարականի պահանջի մասին: Թվում էր, թե դրանից հետո ուր որ է «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կսկսեն համատեղ հանդես գալ կամ առնվազն որեւէ համատեղ հայտարարություն կստորագրեն: Սակայն պարզվում է՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ որեւէ քննարկում չի եղել: Ու եթե քննարկումներ սկսելու համար «Ժառանգությունում» դեռեւս սպասում են ՀԱԿ-ի արձագանքին, ապա ՀԱԿ-ում համարում են, որ նախագահի հրաժարականի պահանջ դնելով՝ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը արդեն իսկ «նույն դաշտում են»: «Դրական որեւէ պատասխան չեմ կարող տալ, որովհետեւ որեւէ քննարկում մեր եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե առաջընթաց նկատվո՞ւմ է համատեղ հանդես գալու վերաբերյալ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» բանակցություններում: Ա. Մարտիրոսյանը նշեց, թե իրենց` դեռեւս հունիսի սկզբի ուղերձին չեն պատասխանել ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՅԴ-ն, բայց քանի որ ՀՅԴ-ի հետ խորհրդարանում որոշակի շփումներ են եղել, այդ պատճառով էլ ի վերջո «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կարողացել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ: «Դաշնակցության կողմից էլ այդ ուղերձը մնաց անպատասխան, բայց քանի որ մենք խորհրդարանում էինք, ու ավտոմատ քննարկումներ տեղի ունեցան կոնկրետ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, հենց այդ հարցի շուրջ համագործակցություն տեղի ունեցավ: Բայց մենք խնդիրների մի քանի խումբ ենք առանձնացրել, որոնք դրված են մեր քաղաքական օրակարգում եւ որոնց շուրջ եւս, կարծում ենք, համագործակցությունը դեռ պետք է տեղի ունենա: Այնպես որ, խնդիրները մեծ մասամբ մնացել են, չեն լուծվել, ուստի բոլոր ուժերի համագործակցության համար բավականին մեծ հող կա»,- նշեց Ա. Մարտիրոսյանը` հավաստիացնելով, որ իրենք «իրենց ուժերի ներածին չափով» ամեն ինչ անում են, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նստեն մի սեղանի շուրջ: Լ. Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե «Ժառանգության» կողմից նախագահի հրաժարականի պահանջ դնելուց հետո «Ժառանգության» ու ՀԱԿ-ի` թեկուզ եւ առանձին-առանձին քայլերը արդեն իսկ համագործակցության դրսեւորում են: «Երբ մենք ասում էինք, որ պետք է բոլոր հասարակական-քաղաքական ուժերը միավորվեն նախագահի հրաժարականի պահանջի եւ նրան իշխանությունից հեռացնելու շուրջ, եւ հոկտեմբերի 10-ից հետո «Ժառանգությունը» միացավ դրան, ըստ էության ինքը` համագործակցությունը, արդեն առկա է: Ինչ վերաբերում է կոնկրետ շփումներին ու քննարկումներին, ապա, երբ որ մենք կոնկրետացված ինչ-որ բան ունենանք, հասարակությանը կներկայացնենք: Մենք գտնվում ենք նույն դաշտում, եւ նույնիսկ, եթե մեր քայլերը լինեն իրարից անկախ, դա արդեն համագործակցության դրսեւորում է»,- նշեց Ա. Մուսինյանը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այս կուսակցությունում կարծում են, թե ՀԱԿ-ն ու իշխանությունը պայքարում են ՀՅԴ-ի դեմ: «Մենք պայքարում ենք թուրքերի դեմ, իշխանությունն ու ՀԱԿ-ը` մեր դեմ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Բայց պարզվում է, ՀՅԴ-ն դեմ չի լինի, եթե ՀԱԿ-ը գա ու միանա թուրքերի դեմ Դաշնակցության պայքարին: Միայն թե այդ պայքարի ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չներկայացվի: «Ցավում եմ, որ նման անջրպետ կա: Միանանք ՀԱԿ-ին, որ ինչի՞ հասնենք: Այսօր այս հարցերը թողնենք եւ ասենք` Սերժ Սարգսյա՛ն, հեռացի՞ր: Մենք միանանք, բայց թող ասեն, որ դեմ են այս, այս հարցերին: Սերժ Սարգսյանին աթոռից իջեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն նստեցնենք իր աթոռին: Սա՞ է այս ազգի կարեւորագույն խնդիրն այս պահին: Միավորում կարող է լինել ազգի համար կենսական խնդիրների շուրջ»,- հայտարարել է Ա. Շահբազյանը: Անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ ՀԱԿ-ի ու իշխանության պայքարի վերաբերյալ Ա. Շահբազյանի հայտարարությանը, Ա. Մուսինյանը նշեց, թե Դաշնակցությունը ոչ մի բան էլ չի անում, որ ՀԱԿ-ը նրա դեմ պայքարի կամ չպայքարի: «Բայց Դաշնակցությունը ի՞նչ է անում, որ մենք նրա դեմ պայքարենք: Նրանք պահանջում են Է. Նալբանդյանի հրաժարականը, ասում` նախագահ, մի զիջիր, եւ նման անակտուալ կարգախոսներ: Մենք այդ կարգախոսների դեմ հեչ էլ չենք պայքարում: Եթե Դաշնակցությունը դրանից հաճույք է ստանում, թող շարունակի պահանջել Նալբանդյանի հրաժարականն ու ամեն զիջումից առաջ կամ հետո կոչ անի Ս. Սարգսյանին՝ չզիջել»,- նշեց Ա. Մուսինյանը: