Սայլն ընկավ փոսը

21/10/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ բնակչությունը սկսեց ինչ-որ չափով վստահել ՀԴՄ կտրոնների բոնուսային համակարգին եւ կտրոններ հավաքել, կառավարությունում ահագին ոգեւորվեցին։ «Սայլը տեղից շարժվեց,- սեպտեմբերի 10-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով,- կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն, եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց»։

Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ կառավարությունը բարեգործական կազմակերպություն չէ, եւ վճարված բոնուսների փոխարեն՝ պետությունը հարկային լրացուցիչ եկամուտներ է ստանում։ Սեպտեմբերի 10-ին, երբ կառավարությունը որոշում ընդունեց չորրորդ եռամսյակի բոնուսների համար նախատեսված 543.5 միլիոն դրամը տեղափոխել 2009թ. երրորդ եռամսյակ (քանի որ 9 ամսում նախատեսված գումարը բավարար չէր ապահովելու քաղաքացիներին տրվող բոնուսները), վարչապետը հայտարարեց. «Այս որոշումով, փաստորեն, արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետական եկամուտների կոմիտե։ 50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները։ Նաեւ արձանագրում ենք, որ ՊԵԿ-ը այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ։ Հասկանալի է, որ այս գործառույթն էապես նպաստում է ստվերային տնտեսության նվազմանը»։ Փաստորեն, մի պահ բոլորին թվում էր, թե «Շահում եք Դուք, շահում է պետությունը» բանաձեւն իրոք աշխատում է։

Միակ խնդիրն, այդ պահի դրությամբ, այն էր, որ «սայլը թափ էր հավաքել». գումարները չէին բավականացնում։ Սակայն ոչ մի խուճապ վարչապետի խոսքերում չէր զգացվում եւ խոսք անգամ չկար, որ գործընթացը կարող է սառեցվել։ «Ենթադրվում է, որ 2010թ. առաջին եռամսյակում էլ պետք է արդեն լուրջ միջոցներ նախատեսենք, որովհետեւ առեւտուրը չորրորդ եռամսյակում միշտ շատ ավելի մեծ ծավալների է հասնում։ Դա նշանակում է, որ առաջին եռամսյակում մենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիներ կունենանք, որոնք կստանան բոնուսներ»,- սեպտեմբերի 10-ին ասում էր Տ. Սարգսյանը։

Սակայն այդ ելույթից ընդամենը 1 ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, պարզ երկնքում ամպրոպ պայթեց։ Վարչապետը հայտարարեց. «Ես առաջարկում եմ, որ մենք այսօր մի համարձակ որոշում էլ ընդունենք, այն է` չորրորդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնենք բոնուսների տրամադրում, այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով՝ այն պարզ պատճառով, որ բացահայտված թերությունները, խախտումները եւ բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք»։ Սա սառը ցնցուղ էր «բոնուսային խաղերի» մեջ մտած մեր համաքաղաքացիների համար։ Ավելին, պարզվեց, որ մեղավորը հենց իրենք՝ վարչապետի ասած՝ «մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչներն են, որոնք բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցեն օրենքը եւ պետությունից փողեր փախցնեն»։

Հիմնական խնդիրը, հիշեցնենք, կապված էր հաստատագրված հարկ վճարողների հետ, որոնք «անտարբեր են այդ կտրոնների նկատմամբ, տպագրում են ՀԴՄ կտրոններ, բաժանում իրենց աշխատողներին` աշխատավարձի փոխարեն»։ Ստացվում էր՝ պետությունը ընկել է ծուղակի մեջ՝ սեփական քաղաքացիներին հնարավորություն տալով օրինական ճանապարհով բյուջեից գումարներ փախցնել։ Քիչ էր մնում խղճայինք պետությանը, որին անխղճորեն «քցում» են սեփական քաղաքացիները։ Սակայն բանը դրան չհասավ՝ կառավարությունը ուղղեց իր սխալը։ Նախ՝ ինչպես նշեցինք, որոշում ընդունվեց

4-րդ եռամսյակում ընդհանրապես բոնուսներ չվճարել։ Իհարկե, դրա համար վարչապետը հայցեց քաղաքացիների ներողամտությունը՝ «պատճառված անհարմարությունների համար», բայց համաձայնեք, որ կառավարությունը փչացած վերելակ չէ, որ ներողամտություն հայտնես ժամանակավոր անհարմարության համար, եւ անցնի-գնա։ Երկրորդ՝ նվազեցվեցին վճարվող բոնուսների չափերը` 1%` նախկին 3%-ի փոխարեն։ Եվ երրորդ՝ այսուհետ բոնուսներ չեն տրամադրվի այն կտրոնների համար, որոնք տրվում են կապի բնագավառում, կրթության ոլորտում եւ հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների կողմից։ Պաշտոնական բացատրությունը հետեւյալն է. հաստատագրված վճարով հարկվող տնտեսվարողի իրացման շրջանառության աճը չի բերում հարկային հետեւանքներ։ Պարզաբանենք։ Վարսավիրանոցները, օրինակ, հարկվում են հաստատագրված վճարով։ Այսինքն՝ անկախ նրանից, թե ամսվա մեջ քանի հաճախորդ է մտնում, վարսավիրանոցի տերը վճարում է կոնկրետ գումար՝ ըստ աթոռների քանակի։ Փաստորեն, այստեղ կարելի է տպել օրական 100 կտրոն՝ անգամ հաճախորդ չունենալու դեպքում։ Տնտեսվարողի համար դա ոչինչ չի փոխում. միեւնույն է՝ շահութահարկի հաշվարկ չի կատարում եւ ամեն ամիս վճարում է նույն ֆիքսված գումարը։ Փոխարենը՝ կտրոնների դիմաց նա կարող է բոնուսներ ստանալ, կամ, ինչպես ասում են, «գումարներ փախցնել պետությունից»։ Պետությունն էլ սրա դեմն առնելու համար որոշել է, որ բոնուս է տրամադրվելու միայն այն կտրոնների դիմաց, որոնք ստացվել են շահութահարկ վճարողներից։ Իսկ մինչ այդ հաստատագրված հարկ վճարողները օգտվել են պետության բացթողումից։ Եվ հաշվի առնելով, որ շրջանակը բավականին մեծ է (հաստատագրված վճարով հարկվում են, օրինակ, հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտները, բաղնիքները, ավտոտեխսպասարկման կետերը, արտարժույթի փոխանակման կետերը, շահումով խաղերի կազմակերպման կետերը եւ այլն), շատերը գայթակղությանը չեն դիմացել։

Այստեղ ծագում է ամենահետաքրքիր խնդիրը։ Գայթակղությանը չդիմանալու արդյունքում նրանց մի մասը ոչ թե պետությանն է «քցել», այլ՝ ինքն է ընկել ծուղակի մեջ։ Բանն այն է, որ եթե հաստատագրված հարկ վճարողը անհատ ձեռնարկատեր է, ապա ՀԴՄ կտրոն տպելը նրա համար անհետեւանք չի մնում։ Ճիշտ է՝ ա/ձ-ն շահութահարկ չի վճարում, սակայն տարվա վերջում վճարում է սոց. վճար։ Իսկ սոցվճարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում նրա հասույթը։ Հետեւաբար՝ որքան շատ կտրոն է տպել, այնքան մեծ է հասույթը, բնականաբար նաեւ՝ դրա համար վճարվելիք սոցվճարը։ Հնարավոր է, որ նրանց մի մասը այս մասին ի սկզբանե իմացել է եւ զերծ է մնացել ՀԴՄ կտրոններ «բազմացնելուց»։ Բայց կան շատերը, ովքեր ծուղակն են ընկել անտեղյակության պատճառով՝ տաքսիների վարորդներ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող վարսավիրներ կամ 7քմ-ից պակաս տարածք զբաղեցնող առեւտրականներ։ Այս մարդիկ տարվա վերջում ստիպված են լինելու որպես սոցվճար բյուջե մուտքագրել իրենց շրջանառության 3%-ը եւ այս ու այն կողմ ընկած սկսելու են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր հավաքել՝ վճարը թեթեւացնելու համար։

Այնպես որ, թե՛ պետությունն է ծուղակը ընկել, թե՛ հարկատուները։ Իսկ եթե սրան էլ գումարենք հիասթափված ՀԴՄ կտրոն հավաքողներին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ոդիսական ունեցավ «բոնուսային սայլը»։