«Սա կոպտագույն սխալ է»

21/10/2009

«Մենք երբեք ինքնանպատակ հանրահավաքներ չենք արել: Այո, այսօր կա որոշակի պահանջ, եթե կա ասելիք, իսկ ասելիք կա՛, ապա հանրահավաք պետք է լինի»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում համոզմամբ՝ թե արտաքին մարտահրավերները, եւ թե ներքին խնդիրները լուծելու նախապայմանը երկրում իշխանության լեգիտիմության հարցն է: Ստեփան Դեմիրճյանը շատ հանգիստ է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների առիթով վերջին շրջանում մյուս քաղաքական ուժերի հանրահավաքներին, սակայն դրանց մեկնաբանումը թողնում է հենց նույն ուժերի ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, ապա ՀԺԿ-ի տեսակետը նույնն է: «Մեզ համար բացարձակ անընդունելի է հայ-թուրքական պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումը, մենք այդ մասին բազմիցս զգուշացրել ենք մինչեւ արձանագրությունների ստորագրումը: Ակնհայտ է, որ արձանագրությունների այդ դրույթը Թուրքիային լիարժեք հնարավորություն է տալիս չընդունել Ցեղասպանության հարցը, ակնհայտ է, որ դա կասեցնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքիան ցանկացած երկրի կարող է ասել` ինչո՞ւ եք խառնվում մեր գործերին. մենք ենթահանձնաժողով ենք ստեղծել եւ կլուծենք մեր հարցերը: Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահն այլեւս ազատվել է «Ցեղասպանություն» բառի օգտագործումից»,- հայտարարել է ՀԺԿ նախագահը: Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, թե երբեւէ կասկածի տակ չեն դնի Հայոց Ցեղասպանությունը, ապա պարոն Դեմիրճյանը նշել է. «Հայկական կողմը երբեք չի կարող Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնել: Դա չէ հարցը: Հարցն այն է, որ մյուս կողմն է հարցը կասկածի տակ դնում, եւ հնարավորություն է տալիս կասկածի տակ դնել նաեւ մյուս երկրներին: Այնպես որ, սա կոպտագույն սխալ է»: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե ԼՂ հիմնախնդիրը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, Ստեփան Դեմիրճյանն ասել է. «Արձանագրությունների մեջ Ղարաբաղի անունը նշված չէ, սակայն Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապել է եւ շարունակում է կապել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Այդ մասին են վկայում թե Գյուլի, եւ թե Էրդողանի հայտարարությունները»: «ԼՂ-ն վաղուց պետք է դառնար բանակցությունների լիարժեք մասնակից: Սխալն այն էր, որ ՀՀ-ն բանակցություններում փոխարինեց ԼՂ-ին: Համանախագահներն էլ են ասում, որ ինչ-որ փուլից ԼՂ-ն կդառնա բանակցությունների մասնակից, սակայն ԼՂ-ն պետք է բանակցային գործընթացում լինի հենց սկզբունքների համաձայնեցման պահից եւ ոչ թե դրանից հետո»,- գտնում է ՀԺԿ նախագահը: Ստեփան Դեմիրճյանը չի բացառում, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունները ՀՀ ԱԺ հասնելու դեպքում` այն նույնպես կվավերացվի` անկախ ՀՅԴ-ի բողոքի ակցիաներից։ «Մեր խորհրդարանը կանի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը»,- վստահ է Ս. Դեմիրճյանը: Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ պարոն Դեմիրճյանը վստահեցրել է. «Սահմանի բացման դեպքում էլ մեր երկիրը զարգացման հեռանկար չի ունենա, քանի դեռ երկրում առկա է այս կրիմինալ, օլիգարխիկ համակարգը: Սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե դրան զուգահեռ արմատական փոփոխություններ իրականացվեն երկրի ներսում»: Ըստ նրա, սահմանի բացման ուղղությամբ մեր երկրում նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել մրցունակ տնտեսություն ստեղծելու համար: «Փոխարենը ձեւավորել են այս կրիմինալ օլիգարխիկ համակարգը: Մեր առաջնային խնդիրը նույնն է` ձերբազատվել այս համակարգից»,- հայտարարել է ՀԺԿ նախագահը: