«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Երեկ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո երեկ հայտարարել է Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը: Քննիչը հարց է ուղղել Մարիամ Սուխուդյանին, թե արդյո՞ք նա համաձայն է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում: Մարիամ Սուխուդյանը հրաժարվել է: «Ես գրեցի, որ համաձայն չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ գտնել իրական հանցագործներին»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Մարիամ Սուխուդյանը: Քննիչը տեղեկացրել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է եւ երկու օրից նրանք հրավիրվել են բաժին` ծանոթանալու գործի նյութերին: Դրանց ծանոթանալուց հետո Մարիամ Սուխուդյանն ու նրա շահերի պաշտպանը շարունակելու են միջնորդություններ ներկայացնել: «Առաջադրված մեղադրանքը նախորդի պես անհիմն է, չի բխում գործի իրական հանգամանքներից, եւ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է չիրականացնել գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն»,- պնդել է փաստաբան Նոնա Գալստյանը: Երիտասարդ ակտիվիստը դժվարանում է ասել, թե ինչ կլինի, երբ գործը մտնի դատարան, սակայն հավատում է «որոշ առողջ ուժերի գոյությանն այդ համակարգում եւ պատրաստվում է իր անմեղության համար պայքարել մինչեւ վերջ»: