Հայաստանյան մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ կոչով դիմել են իշխանություններին` պահանջելով անհապաղ, լիարժեք, արդյունավետ եւ անկախ քննություն անցկացնել Հելսինկյան ընկերակցության իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի գործով, որի խափանման միջոց կալանքը օրերս էր փոխվել: Նրանք պահանջել են հրապարակել քննության արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը ձերբակալվել էր հունիսի 1-ին` Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Կենտրոնի ոստիկանատանը իրեն դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը: Հակոբյանը անազատության մեջ էր մինչեւ հոկտեմբերի 16-ը, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Ողջունելով իրավապաշտպանի ազատ արձակումը` հայաստանյան յոթ իրավապաշտպան կազմակերպությունները միաժամանակ դատապարտում են այն փաստը, որ Հակոբյանից դեռեւս չի հանվել առաջադրված մեղադրանքը, եւ կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել Արշալույս Հակոբյանի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգությունները:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ եւ անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` կանգնեցնելով նրանց անկախ եւ անաչառ դատարանի առաջ եւ պատժելով օրենքով սահմանված կարգով»,- նշել են «Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիա», «Ընդդեմ խոշտանգումների» համաշխարհային կազմակերպության (OMCT) եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամը: