Երեկ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքի մի բնակիչ, ով իր դժգոհությունն էր արտահայտում Աբովյան-Երեւան միջմարզային երթեւեկի առիթով:
Վերջինս խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, բայց մեզ տրամադրեց այն նամակը, որը դեռ ապրիլին նա գրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Արդեն մի քանի տարի է, ինչ Երեւան-Աբովյան միջմարզային ուղեւորատար տրանսպորտը գտնվում է անասելի վատ վիճակում: Երթուղային տաքսիները օրվա գրեթե բոլոր ժամերին երթեւեկում են ծայրահեղ գերբեռնված, վտանգում մարդկանց եւ կյանքի արժանապատվությունը»,- ասվում էր վարչապետին ուղղված նամակում, որտեղ նշվում է նաեւ Աբովյանի քաղաքապետարանի, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության անուշադրության մասին: «Գնացեք Աբովյան ու կտեսնեք, թե ի՞նչ է կատարվում»,- առաջարկեց Աբովյանի բնակիչը: Հետեւեցինք նրա խորհրդին: Միայն դեղին միկրոավտոբուսի մեջ հասկանալի դարձավ մի ոտքի վրա կանգնած եւ հարմարավետ նստած մարդկանց զայրույթի ու հաճույքի ներքին սահմանը: Այդպես էլ միկրոավտոբուսը հասավ Աբովյան, որտեղ մեր հանդիպած գրեթե բոլոր աբովյանցիները խուսափում էին երթեւեկության սպասարկման որակի մասին հարցադրումից կամ պատասխանում էին շատ հակիրճ: «Մեր քաղաքի տրանսպորտը շատ էլ լավ ա աշխատում, ի՞նչ կա որ»,- այսպես ասացին բնակիչները, որոնց շարքերում, այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր ոչ միայն երթեւեկությունից էին դժգոհ, այլ նաեւ ՀՀ Կառավարությունից: «Ավանտյուրիստ ու խաբեբա ա Կառավարությունը: Տո ի՞նչն ա լավ, որ տրանսպորտն էլ լավ լինի, հը՞»,- նշեցին բնակիչներից ոմանք: «Շատ վատ ա աշխատում առավոտյան ժամերին»,- ասացին մյուսները: Այս կտրուկ պատասխաններից չէր տարբերվում նաեւ այն պատասխանը, որը մենք ստացանք Աբովյանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից. «Ես չեմ կարող հարցին պատասխանել, պիտի քաղաքապետից հարցնեմ, նոր: Բայց ասեմ նաեւ այն, որ միջմարզային երթեւեկության հարցով զբաղվում է միայն ՀՀ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը»: Ի դեպ, 2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` Աբովյան-Երեւան ավտոբուսային երթուղու եւ նրա սպասարկման իրավունքի հատկացման համար հայտարարեց մրցույթ: Համաձայն կազմակերպված մրցույթի` ավտոբուսների շահագործումը էապես բարելավելու էր վերոհիշյալ ուղղությամբ իրականացվող ուղեւորափոխադրումների գործընթացը: Իսկ մրցույթի արդյունքների մասին տեղեկանալու համար պետք է պարզապես մեկ ոտքով հասնել Աբովյան ու ետ դառնալ, ինչն էլ բավական է Աբովյանում տիրող մթնոլորտին ընդդիմանալու համար: