Երեկ խմբագրություն էին եկել «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» ֆինանսական բաժնի նախկին մի քանի աշխատակիցներ, ովքեր 2008թ. սեպտեմբերի 22-ից հիմնադրամի տնօրեն Մայքլ Դոմարշի հրամանով հեռացվել էին աշխատանքից (Մ. Դոմարշը «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» գործադիր տնօրենն է 2007թ.-ից):
Խմբագրություն եկած հիմնադրամի նախկին աշխատակիցները ասում էին, որ անհիմն են հեռացվել, ինչի պատճառով արդեն մեկ տարի է` դատական գործընթացների մեջ են:
«Սեպտեմբերի 22-ի առավոտյան Մայքլ Դոմարշը մեզ կանչում ա` ասում ա, որ մեզ հեռացնում ա աշխատանքից: Ես չգիտեմ` նրան մարդ հնարավո՞ր է անվանել այն բանից հետո, երբ վերջինս կանգնում ու մեր երեսին ասում ա` ես թքած ունեմ քո ու քո ժողովրդի վրա: Ընդ որում` դա ասելուց հետո էլ ավելացրեց, որ ինքը նույնիսկ կարող է ոտքերը բարձրացնել սեղանին, անգամ ընդունարանի սեղանին: Ու այդպես էլ արեց»,- երեկ պատմում էին «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» նախկին աշխատակիցները: Ընդ որում, այդ ժամանակ հիմնադրամից հեռացվեցին ֆինանսական բաժնի բոլոր աշխատակիցները` ֆինանսական տնօրեն Արտակ Մուրադյանը, ֆինանսների վերահսկիչ Սրբուհի Հարությունյանը, շինարարության գծով հաշվապահ Հովհաննես Դերձակյանը, աշխատավարձի գծով հաշվապահ Եվգենյա Մանուկյանը, գանձապահ Սերգեյ Բարդեղյանը եւ գլխավոր գանձապահ Սուրեն Թադեւոսյանը: Աշխատակիցների կարծիքով՝ իրենց հեռացման պատճառն այն էր, որ սկսել էին ընդդիմանալ տնօրինությանը, որի «քայլերի» համար տվյալ աշխատակիցներն արդեն լուրջ խոչընդոտ էին հանդիսանում: «2008թ. հունվարից երեք ամսով հիմնադրամում աշխատանքի ընդունվեց նաեւ Մայքլ Դոմարշի կինը` Քերըն Դոմարշը` որպես թանգարանային կրպակի մենեջեր: Բայց նրա կինը համարյա լրիվ գործերին խառնվում էր, ու երեւի հենց կնոջ հրահանգներով էլ ամուսինը գործում էր»,- պատմում էին նախկին աշխատակիցները, որոնց կարծիքով` Դոմարշ ամուսինների միայն ծառայողական մեքենայի համար հիմնադրամից ծախսվել է շուրջ 100.000 դոլար, իսկ Դոմարշների շան խնամքի համար` աշխատանքային մեկ ամբողջ հաստիքի չափ գումար, չհաշված` ամուսինների արտասահմանում անցկացրած արձակուրդների գումարները: «Հետաքրքիրն էն ա, որ Դոմարշը նույնիսկ չէր թաքցնում իր անձնական կարծիքը: Ասում էր` ես ամերիկացի եմ, ես ամեն ինչ կարող եմ անել: Երբ ինձ կանչեց, որ հեռացման մասին հայտնի, հարցրեցի, թե ինչո՞ւ է աշխատանքից հեռացնում, եթե մենք աշխատանքը պարզապես գերազանց էինք կատարում, ասաց` «Լավ եմ անում, որովհետեւ ես քո տնօրենն եմ»: Իսկ ամենացնցողը հեռացման տեքստն էր, որտեղ ասվում էր, որ մեզ հեռացնում է հետեւյալ պատճառներով` կողոպուտի, գողության, գույքի վաճառքի եւ հիմնադրամին պատճառած այլ վնասների համար»,- նշում է նախկին աշխատակից Սուրեն Թադեւոսյանը, ով 2003թ. հուլիսից աշխատել է հիմնադրամում` նախ՝ որպես պահեստապետ, հետո՝ գանձապահ, իսկ 2007թ.-ից` որպես գլխավոր գանձապահ: «Եվ ես, այնուամենայնիվ, նորից հարցրեցի Մայքլ Դոմարշին, թե ինչի՞ հիման վրա է ազատում ինձ աշխատանքից: Եվ ինքն իր մասին ասաց. «Իսկ դու գոհ չե՞ս, որ քեզ ինքը` Մայքլ Դոմարշն է ազատում աշխատանքից: Երբ ասացի, որ էդ անունն ինձ որեւէ բան չի ասում, նա շարունակեց` ասելով. «Էս հիմնադրամում 200-ից ավելի մարդ է աշխատում, եւ ես կարող եմ նրանցից ցանկացածին հեռացնել առանց որեւէ բացատրության, որովհետեւ ես Մայքլ Դոմարշն եմ, իսկ Դուք ո՞վ եք»,- հիշում է նախկին գլխավոր գանձապահը, ով մյուս 5 աշխատակիցների հետ միասին ժամանակին այդ կապակցությամբ դիմել է ՀՀ Աշխատանքի պետական տեսչություն: Տեսչությունը պարզել էր, որ նրանք անհիմն են հեռացվել աշխատանքից: Դրանից հետո աշխատակիցները դիմել են դատարան: «Մենք դիմեցինք, որովհետեւ վճիռը, որով մեզ ազատեցին, արգելք էր դնում նաեւ մեր հետագա գործունեության վրա: Հենց դատական առաջին նիստից հետո մեզ վերականգնեցին աշխատանքի: Դե, երեւի Դոմարշին էստեղ ինվեստ անելուց առաջ ասել էին, որ ինքը գալիս ա հետամնաց երկիր, որտեղ մարդիկ անլեզու են»,- ներկայացնում են այս վերաբերմունքից վիրավորված նախկին աշխատակիցները, որոնց աշխատանքի վերականգնումը, սակայն, այդքանից հետո տեւեց ընդամենը 6 օր: «Հոկտեմբերի 26-ին եկան մեզ ասացին, որ մեր բոլորիս հաստիքները կրճատվել են, որովհետեւ Ամերիկայում առավոտվա ժամը 6-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, եւ որոշման համաձայն` պարզապես հաստիքները կրճատվել են»,- ասում են նախկին աշխատակիցները, որոնց զարմացրել էր այն փաստը, թե ինչպե՞ս է հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ-ի ժամանակով վաղ առավոտյան ժամը 6-ին նիստ գումարել: «Ոչ ֆորսմաժոր էր, ոչ ջրհեղեղ էր, որ առավոտյան այդ ժամին վեր կենան: Ընդ որում` այդ փաստաթուղթը ստորագրվել էր հոգաբարձուների խորհրդի երեք անդամների կողմից: Ըստ երեւույթին, ոչ մի ժողով էլ չի եղել: Ու այն փաստաթուղթը, որը ներկայացվեց դատարանում, դա դեռեւս փաստ չէր»,- նշում են նախկին աշխատակիցները, որոնց դիտարկմամբ՝ այս անգամ հիմնադրամը աշխատանքից չէր ազատել գանձապահին` Սերգեյ Բարդեղյանին, իսկ մյուս աշխատակիցների փոխարեն նոր պայմանագիր էր կնքել հաշվապահական մի ընկերության հետ: «Մեզ կրկին ազատելուց հետո նորից դիմեցինք դատարան: Այս անգամ դատական առաջին նիստը բավական ծիծաղելի էր: Մեր հայցը մերժվեց: Մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան, որը վճիռ կայացրեց` գործը նորից ուղարկել առաջին ատյանի դատարան: Ընդ որում` ամբողջ դատական ծախսերը մեզ վրա էին, անգամ մյուս կողմի իրավաբանների ծախսերը»,- ասում են նախկին աշխատակիցները, ովքեր այժմ դատական 2 գործընթացների մեջ են` մեկը իրենց աշխատանքից անհիմն հեռացնելու հետ կապված, մյուսն էլ այն որոշման դեմ, որն ընդունվեց Ամերիկայում վաղ առավոտյան: «Մենք հիմա սպասում ենք մեր վճռին, որը կհրապարակվի նոյեմբերի 5-ին»,- մեզ հետ զրույցում ավելացրեցին «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» նախկին աշխատակիցները, որոնք, այնուամենայնիվ, հույս ունեն, որ իրենք կվերականգնվեն աշխատանքի: «Ու ամենաուշագրավն էլ էն ա, որ մայիսին, 130 հոգու կրճատումներից մի քանի ամիս հետո, հիմնադրամը սկսեց հայտարարություններ տալ` նոր աշխատակիցների ընդունման համար»,- վերջում նշեցին նրանք: