Երբեմն կնոջ կյանքը համեմատում են տարվա եղանակների հետ: Երիտասարդությունը գարունն է, հասունությունը` ամառը: Կինն ունի իր աշունը. այս դեպքում նա այլեւս չունի իր նախկին փայլը, բայց աչքի է ընկնում յուրահատուկ հմայքով ու խորհրդավորությամբ: Այսպիսի «աշնանամուտը» պայմանավորված է կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխություններով, որ տեղի են ունենում կյանքի այդ հատվածում: Դրանք կլիմակտերիկ փոփոխություններն են:
Կլիմաքսը կնոջ վերարտադրողականության ավարտն է, այսինքն՝ նա այլեւս ի վիճակի չէ հղիություն տանելու: Հայտնի գիտնական Վ. Մ Դիլման այն դասում է «ծերության նորմալ հիվանդության շարքում»: Այսինքն՝ կլիմաքսը կնոջ կյանքում նորմալ եւ անխուսափելի երեւույթ է: Կլիմաքսի միջին վիճակագրական տարիքը 48-53-ն է:
Կլիմակտերիկ ընթացքը բժիշկները պայմանական բաժանում են մի քանի էտապների` նախադաշտանային դադար (դաշտանի դադարելուց 4-5 տարի առաջ), դաշտանադադար (վերջին դաշտան) եւ հետդաշտանային, որն ընդգրկում է դաշտանադադարից հետո ընկած ժամանակահատվածը:
Կլիմաքսը սկսվելու առաջին նշաններն են դաշտանային ցիկլի անկանոն խանգարումները: Այն կարող է տեղի ունենալ 44-45 տարեկանում, այսինքն՝ դաշտանադադարից 4-5 տարի առաջ: Իսկ ահա հենց դաշտանադադարը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով` ժառանգականություն, ռասայական պատկանելություն, առհասարակ կնոջ առողջական վիճակը` խոսքը հիմնականում կնոջ էնդոկրին համակարգի խանգարումների մասին է, եւ վնասակար սովորությունները: Օրինակ` եթե մոր, քրոջ կամ այլ արյունակից կին ազգականների մոտ դաշտանադադարը տեղի է ունեցել «շուտ», ուրեմն հավանականությունը մեծ է, որ տվյալ կնոջ մոտ եւս կսկսի ավելի շուտ` մյուս կանանց համեմատ: Բացի այդ, վաղ դաշտանադադար կարող է լինել ծխող եւ չծննդաբերած կանանց մոտ:
Ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում կլիմակտերիկ շրջանում. այս դեպքում փոխվում է ոչ միայն սեռական համակարգի օրգանների աշխատանքը, այլ նաեւ` անատոմիական կառուցվածքը: Փոքրանում է ձվարանների չափն ու զանգվածը եւ դրանք սկսում են աստիճանաբար «կնճռոտել»: Նույն պրոցեսները տեղի են ունենում նաեւ արգանդի ներսում` արդեն դաշտանադադարի առաջին տարում այն չափերով սկսում է փոքրանալ:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերը նշված երեւույթները կնոջ հորմոնալ ֆոնի փոփոխության արդյունք են: Սկսվող դաշտանադադարի նախանշաններն են` միանգամից սաստիկ ջերմության զգացողությունը (մի տեսակ տաքություն է վրա տալիս), առատ քրտնարտադրությունը, հաճախակի գլխացավերը, զարկերակային ճնշման տատանումն ու սրտխփոցը: Բացի նման զգացողություններից, նկատվում են նաեւ հոգեզգացմունքային փոփոխություններ` նյարդային լարվածություն, քնկոտություն, թուլություն, անհանգստություն, դեպրեսիա, մոռացկոտություն, անուշադրություն եւ այլն: Նման նշանների շատ արտահայտված լինելու դեպքում պահանջվում է բուժում` վիտամիններ, դիետա, հորմոնաթերապիա:
Կլիմաքսի սկսելու հետ մեկտեղ կարող են առաջ գալ այլ առողջական խնդիրներ եւս. օրինակ` կարող են առաջանալ միզասեռական օրգանների աշխատանքի խանգարումներ` ցավեր սեռական ակտի ժամանակ, քոր, այրոց, հաճախամիզություն եւ այլն:
Նման խանգարումներ հանդիպում են գրեթե յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս 55-60 տարեկան հասակում: Այս գանգատները պայմանավորված են նաեւ էստրոգենների ոչ բավարար քանակով, որի արդյունքում միզասեռական օրգաններում տեղի են ունենում «ատրոֆիկ» փոփոխություններ: Այլ խոսքով ասած` խանգարվում է այս օրգանների սնուցումը:
Բացի թվարկված խանգարումներից ու հիվանդություններից, կանանց մոտ հետկլիմակտերիկ շրջանում հաճախ է առաջանում օստեոպարոզ, քանի որ ոսկրային հյուսվածքները շատ փխրուն են դառնում: Այս տարիքում կանանց մոտ կոտրվածքների թիվը 4 անգամ ավելի շատ է, քան տղամարդկանց մոտ: