Խե՜ղճ Էդիկ

19/10/2009

Մինչ ՀՀ իշխանություններն ու պաշտոնական քարոզչությունը կրկնում են «հայ-թուրքական արձանագրություններն` առանց նախապայմանների» արտահայտությունը, երեկ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ պայմանավորելու մասին հերթական, սակայն ավելի «ջիգյարով» հայտարարություններով: «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ավելացնելով,- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ ունի կարգավորել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Քանի դեռ չի լուծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, անհնար է Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել»: Շեշտելով, թե ԼՂ-ն եւ շրջակա յոթ տարածքները «18 տարի է` օկուպացված են», Գյուլն ասել է, որ այժմ` հայ-թուրքական բանակցությունների շնորհիվ այդ հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության օրակարգում: «Մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք` Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին հակառակ քայլեր չի կատարի: Ադրբեջանը եւ Թուրքիան աշխարհում ամենամոտ երկրներն են, եւ, իհարկե, մենք նույնպես չենք հանդուրժում նրա տարածքների գրավման փաստը»,- հայտարարել է Գյուլը` գնահատելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները: «Հիշենք` ինչպես մի քանի տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին այցելում ինչպես զբոսաշրջիկներ, իսկ այժմ նրանք լրջորեն գործի են անցել: Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմամբ մենք հասել ենք նրան, որ ղարաբաղյան խնդրի լուծումն առաջնահերթ է դարձել գերտերությունների համար… Այնպես որ, առաջիկայում ղարաբաղյան հարցում մենք ականատես կլինենք լուրջ առաջընթացի. պարզապես այժմ այդ մասին խոսելը վաղ է»,- ասել է Գյուլը, որը հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր հարցազրույցում խոսել է ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Այսինքն` Թուրքիան օրեցօր ավելի ու ավելի է ամրապնդում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի իր դիրքերը: Եվ սա Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումն է, նույնիսկ այն դեպքում, եթե այդ արձանագրություններն իսկապես կապ չունեն ԼՂ հարցի հետ: Իհարկե, կարելի է չկասկածել, որ, ասենք, Էդուարդ Շարմազանովը կամ իշխանական որեւէ այլ գործիչ Գյուլի այս արտահայտությունները ներկայացնելու է որպես «հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ակնհայտ վկայություն»: Ինչպես որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեկվա հետեւյալ հայտարարությունը. «Ադրբեջանական հողը սուրբ է մեզ համար՝ ինչպես մեր սեփականը, եւ այդ հողը օկուպացումից ազատելը մեր առաջնային ազգային խնդիրներից է: Նույնիսկ, եթե երկինքը փուլ գա` Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի»: