«Իշխանությունների քաղաքական ու գաղափարական իսկական հենարանը ոչ թե կոալիցիան է, այլ ընդդիմությունը` իր պառակտվածությամբ ու ներքին հակասություններով»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: «Շատ ցավալի է, որ ընդդիմությունը, լինելով շատ ավելի ծանրակշիռ` թե՛ տարածական առումով, թե՛ որակական առումով, գուցե ուղղակիորեն, գուցե անուղղակիորեն, ինչ-որ տեղ նպաստում է, որպեսզի իշխանությունները այդ փաստաթուղթը բերեն վերջնական տեսքի»,- ասել է նա` շեշտելով, որ ընդդիմություն ասելով՝ նկատի ունի թե՛ ՀԱԿ-ին, թե՛ ՀՅԴ-ին: «Իշխանությանը, կարելի է ասել, քարտ բլանշ է տրված, որ նրանք այդ փաստաթուղթը բերեն վերջնական տեսքի: Եվ չեմ տեսնում այսօր ռեալ գործընթացներ քաղաքական դաշտում, որոնք խոչընդոտեն իշխանություններին` ինչպես ԱԺ-ում վավերացնելու, այնպես էլ վերջնական ստորագրությունը փաստաթղթի վրա կնքելու համար»,- ասել է Հակոբյանը` հավելելով, որ արձանագրությունների վավերացումը կանխելու միակ ձեւը իշխանությունների հրաժարականը պահանջելն ու ըստ այդմ գործելն է: «Չեմ կարծում, թե այսօր կա թեկուզ մեկ քաղաքական գործիչ ՀՀ-ում, որը կարծի, թե հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ում չեն վավերացվի: Եվ միակ ճանապարհը, որով կարելի է կանխել այդ ստորագրությունը (եթե ոչ 100 տոկոսով, բայց դա միակ ճանապարհն է), դա իշխանության հրաժարականի պահանջն է, նախագահի հրաժարականի պահանջը, որը երեւի թե հնարավորություն կտա, իրականացնելու դեպքում, հետաձգել գոնե այդ փաստաթղթի հետ կապված զարգացումները,- ասում է Ռ. Հակոբյանը: Սակայն, ըստ նրա, իշխանափոխության հասնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի` մասնավորապես` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միավորում: «Այսօր այդ պայքարը, որ տարբեր ուղղություններով տարվում է եւ ըստ էության պառակտում է ընդդիմադիր դաշտը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է նրան, որ իշխանությունները հասնեն իրենց նպատակին: Եվ նրանք էլ կարծես թե չեն թաքցնում, որ իրենք հաղթել են եւ կարող են հասնել իրենց նպատակին»,- ասում է Ռ. Հակոբյանը: Նախկին դաշնակցականը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը շատ վտանգավոր է Հայաստանի համար, եւ, որ Հայաստանը կորցնում է շատ բան` չստանալով ոչինչ: Ռ.Հակոբյանը շեշտել է, որ այս գործընթացը ու արձանագրությունները նախապայմաններ են ենթադրում: «Եթե որեւէ մեկը կարող է ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչու անպայման ապրիլի 22-ին պետք է ստորագրվեր այդ հայտնի հայտարարությունը, եթե դա նախապայման չէր, պարտադրանք չէր, եթե կարողանա բացատրել, եւ դա լինի տրամաբանական, ես կասեմ` իսկապես չկա: Այն, որ պատի նման 5 գերպետությունների ներկայացուցիչներ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կանգնած էին ստորագրողների հետեւում եւ ուշադրությամբ հետեւում էին, մի քիչ էլ ագրեսիվ հայացքով, որ հանկարծ այնպես չլինի, որ չստորագրեն, դա խոսում էր այն մասին, թե պարտադրանքների ինչ մեծ տարածություն, ինչ մեծ էներգիա կար այդ փաստաթղթերի ստորագրման հետ կապված,- նշել է նա` վստահեցնելով,- Ամբողջ գործընթացները ընթացել են պայմանների, ճնշումների ազդեցության տակ. դա շատ տեսանելի է»: Ռ.Հակոբյանը չի կասկածում նաեւ, որ ԼՂ հարցը` որպես նախապայման՝ կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Դա, ըստ նրա, տեսանելի կլինի հատկապես արձանագրությունների վավերացումից հետո, երբ կտրուկ արագանա ԼՂ հարցի կարգավորման գործընթացը: Իսկ որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, դրանում նախկին դաշնակցականը չի կասկածում: