Անցած շաբաթվա վերջին Հայաստանում էր գտնվում Համաշխարհային բանկի պատվիրակությունը` կառավարիչ-տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլայի գլխավորությամբ։ Վերջինս ՀԲ-ի, այսպես ասած, երկրորդ դեմքն է։
Այդ իսկ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ տկն Նգոզիի ասուլիսը հրավիրվել էր կիրակի օրը, հետաքրքրությունը բավականին մեծ էր, եւ լրագրողները չէին ալարել կիրակնօրյա հանգստից 2 ժամ նվիրել այս իրադարձությանը։
Տկն Նգոզին հետաքրքիր էր նաեւ այն տեսանկյունից, որ ՀԲ-ի իր ներկայիս բարձր դիրքին հասել է ոչ այնքան զարգացած մի երկրից՝ Նիգերիայից։ Նշենք, որ նա ունի շատ լավ կրթություն (սովորել է Հարվարդում), մի քանի տարի ղեկավարել է Նիգերիայի Ֆինանսների նախարարությունը, եւ նրան հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն, տնտեսական աճ եւ վճարունակ վարկառուի հեղինակություն իր երկրի համար։ Իսկ նրա հետաքրքիր հագուկապը եւ թարգմանչի ներկայությունը պարբերաբար մոռանալու անմեղ սովորությունը թույլ չէին տալիս զղջալ կիրակի օրը շուտ արթնանալու համար։
Այսպիսով, շաբաթ օրը տկն Նգոզիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, նրա տնտեսական թիմի հետ։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, վարչապետը հյուրին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու խոսել է մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների մասին։ Տ. Սարգսյանը շեշտել է, որ կառավարությունն իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն եւ առանձնակի ուշադրություն է դարձնում հակաճգնաժամային բովանդակություն ունեցող այն քայլերին, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող աջակցությանն ու օժանդակությանը համակարգաստեղծ կազմակերպություններին։ Ինչ վերաբերում է ընթացիկ բարեփոխումներին, Տ. Սարգսյանը նշել է, որ դրանց հիմնական թիրախը հարկային ու մաքսային վարչարարության բարելավումն է, ինչը էապես կազդի տնտեսության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման ու մեր երկրում տնտեսության ստվերայնության կրճատման վրա։
Չնայած հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ վարչապետն ու իր թիմը տկն Նգոզիի հետ կիսվել են նաեւ Հայկական աշխարհի հայեցակարգի հետ կապված իրենց ոգեւորությամբ, քանի որ «Տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան նշել է, որ բարձր է գնահատում ու սատարում է Հայկական աշխարհի հայեցակարգին, քանզի դա ժամանակակից աշխարհում Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններից մեկն է»։
Իհարկե, ինչպես եւ սպասվում էր, տկն Նգոզին եւս գովեստի խոսքեր չի խնայել մեր կառավարության համար։ Նա գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ու դրանց իրականացման վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներն ու Համաշխարհային Բանկ-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները, համագործակցությունը լավ օրինակ են, եւ այդ օրինակը նա հաճախ ներկայացնում է այլ երկրներում` որպես հաջող գործակցության բանաձեւ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԲ կառավարիչ-տնօրենը կրկնեց իր այս խոսքերը՝ «մեծ ակնածանքով հիշելով վարչապետին եւ նրա տնտեսական թիմին»։ Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր՝ ո՞րն է հիացմունքի պատճառը, եթե Հայաստանում այս տարի արձանագրվելու է 15%-անոց տնտեսական անկում։ Ընդունելով, որ ճգնաժամն, իրոք, բացասական մեծ ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա, տկն Նգոզին նշեց, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ է արձագանքել ճգնաժամին, իրականացրել է բյուջետային ճիշտ քաղաքականություն եւ կարողացել է պահպանել սոցիալական ծախսերը։
Ինչպես նշեց տկն Նգոզին, ճգնաժամի արդյունքում կտրուկ նվազել են դրսից ստացվող տրանսֆերտների ծավալները, առաջացել է լարվածություն եւ արձանագրվել գործազրկության աճ։ «Բնականաբար, դա հանգեցրեց հարկերի հավաքագրման ծավալների եւ պետական եկամուտների կրճատման։ Սակայն պետք է ասեմ, որ Հայաստանի կառավարությունը ինչպես հարկն է արձագանքեց դրան»,- մեր իշխանություններին արդարացրեց ՀԲ կառավարիչ-տնօրենը։ Ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքը շատ խոցելի է եւ մեծապես կախված է դրսից ստացվող փոխանցումներից։
Փաստորեն՝ խոցելի տնտեսական կառուցվածք ունենք՝ անիմաստ մեծ տեսակարար կշիռ ունեցող շինարարությամբ եւ վերջին տարիներին գրեթե զրոյական աճ ունեցող արդյունաբերությամբ։ Սակայն երբ ճգնաժամը նոր էր սկսել «դրսեւորվել» Հայաստանում, թե՛ ՀԲ, թե՛ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչները մեզ հանգստացնում էին՝ պնդելով, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամը դիմավորում է ուժեղ դիրքերից։
Մեր այս դիտարկմանն ի պատասխան, տկն Նգոզին նախ պատասխանեց, որ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչպես կընթանա ճգնաժամը (որի մասին մեր կառավարությունը ժամանակին գերադասում էր լռել.), ինչ ազդեցություն կունենա, եւ որքանով կնվազեն տրանսֆերտները։ Իսկ հետո պարզաբանեց, որ «ուժեղ դիրքեր» ասելով՝ իրենք նկատի են ունեցել կայուն տնտեսական համակարգը, պետական պարտքի ցածր մակարդակը եւ այլն։ Իսկ ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն էլ հուշեց, որ բանկային համակարգն էլ բավականաչափ կապիտալիզացված էր։ Որքանով հասկացանք, եթե ուժեղ չլինեինք, ու կառավարությունն էլ հիանալի չգործեր, այսօր միգուցե տնտեսություն չունենայինք։
Հանուն արդարության՝ նշենք, որ գովեստի խոսքերից բացի՝ տկն Նգոզին վեր հանեց նաեւ այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս տնտեսությանը առաջ շարժվել։ ՀԲ կառավարիչն առաջին հերթին կարեւորեց մրցակցության դաշտում առկա խնդիրները՝ նշելով, որ տնտեսությունը հարկավոր է դիվերսիֆիկացնել։ Նրա խոսքերով, մրցունակության բարձրացման առումով Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում՝ հաշվի առնելով Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու հեռանկարը եւ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը։ Տկն Նգոզին առանձնացրեց այն հանգամանքը, որ պետք է ջանք չխնայել, որպեսզի տնտեսությունը չլինի օլիգոպոլիստիկ համակարգի գերին։ Բացի այդ, ըստ ՀԲ ներկայացուցչի, ետճգնաժամյա փուլում կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումները հարկային եւ մաքսային ոլորտներում, ինչը կապահովի լրացուցիչ բյուջետային մուտքեր։ Եվ իհարկե՝ կրկին անգամ հիշեցրեց կոռուպցիայի դեմ լիարժեք պայքարի եւ ուժեղ ու անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտության մասին։ «Եթե այս հարցերում առաջընթաց լինի, ապա հանրապետությունը կունենա հզորանալու եւ զարգանալու հիմքեր»,- նշեց տկն Նգոզին։
Ամեն ինչ շատ ճիշտ է։ Եթե վերը նշվածը իրականություն դառնա, ապա տնտեսությունը զարգանալու, միջազգային կառույցներն էլ՝ իշխանություններին գովաբանելու հիմքեր կունենան։ Իսկ առայժմ հնչում են ներբողներ, որոնք ուղղված են զարգացման հիմք չունեցող տնտեսությունը ղեկավարողներին։