Իսկ ինչո՞ւ չկախել առաջին իսկ պատահած սյունից

19/10/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Բնության մեջ չկա հայ, ով կասկածի տակ է առնում Ցեղասպանության եղելությունը կամ մերժում է այն: Անգամ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում համաձայնությամբ ստեղծվել է Հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձնաժողովը: Պարզապես յուրաքանչյուրը Ցեղասպանության իր ինտերպրետացիան ունի` ելնելով կրթական ցենզից, աշխարհայացքից, անձնական շահից եւ այլն: Այս ենթատեքստում է, որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում այնքան էլ միանշանակ (եթե չասենք` թշնամաբար) չընդունեցին հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձնաժողովի ձեւավորման փաստը` կասկածներ ունենալով, թե այդպիսով Ցեղասպանության եղելությունը կարող է տեղափոխվել քննարկման հարթություն: Եվ այս մտավախությունը հիմք դրեց խնդրի դեմ իրավական պայքար ծավալելու գործին: Օրերս ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն առաջարկեց` մինչեւ ԱԺ-ի կողմից Արձանագրությունների վավերացումն ընդունել օրենք, որը Հայաստանի ցանկացած պաշտոնյայի կարգելի մասնակցել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող որեւէ քննարկման: Դավիթ Շահնազարյանի կարծիքով` նման օրենքը կհակակշռի Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում բոլոր նրանց համար, ովքեր 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի իրադարձությունները կորակեն իբրեւ հայերի ցեղասպանություն:

Այն, որ Թուրքիայում կա նման օրենք, հասկանալի է. ցեղասպանություն իրագործած պետությունը բարդույթներ ու վտանգներ ունի եւ օրենքի խստությամբ է փորձում չեզոքացնել հասարակության մակարդակով Ցեղասպանությունը ճանաչելու վտանգը: Սակայն 301 հոդվածը ժամանակի ընթացքում կորցնում է իր արդյունավետությունը, քանի որ արդեն տասնյակ-հազարավոր թուրքեր ընդունում են, որ իրենց նախնիներն իրականացրել են հայերի ցեղասպանություն, եւ պատրաստ են ներողություն խնդրել մեզնից: Անգամ` գրավոր: Թեեւ հնարավոր չէ ժխտել, որ քրեորեն հետապնդվելու վախից շատերը գուցեեւ բարձրաձայն չեն ասում այն, ինչ մտածում են: Սակայն որեւէ օրենք չի կարող արգելել մարդուն մտածել այնպես, ինչպես կամենում է: Իսկ մտածելուն, համոզմունքին հետեւում է հաջորդ քայլը` գործողությունը:

Ֆրանսիայում, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում (եւ ոչ միայն այդտեղ) քրեորեն պատժելի արարք է համարվում արդեն Հայոց Ցեղասպանության մերժումը, ժխտումը: Եվ դա էլ է հասկանալի նույնքան, որքան Թուրքիայի Քր.օր-ի 301 հոդվածը: ԱՄՆ-ում, Եվրոպայում կա հայկական ազդեցիկ համայնք: Այդ երկրներում ապրում են նաեւ տարբեր ժողովուրդներ, այդ թվում` թուրքեր, ովքեր վստահ են, որ հայերի հետ կատարվածն ամենեւին ցեղասպանություն չէ: Եվ պետությունը զսպում է նրանց` իրենց կարծիքը հրապարակայնորեն արտահայտելու գայթակղությունից` մատնանշելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը: Դավիթ Շահնազարյանի առաջարկը փորձ է մեր պատմաբանների համար ստեղծել իրավական հիմք` Ցեղասպանության հարցը քննության առնելուց հրաժարվելու համար: ՀՅԴ-ն այս հարցում ավելի հեռուն է գնացել. համաձայն «Ռեգնում» գործակալության` ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանն ասել է, թե ՀՅԴ-ն առաջարկում է լրացնել ՀՀ Քր.օր-ի 397.1 հոդվածը: Ըստ այդմ` Օսմանյան Կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանությունից հրաժարումը, Ցեղասպանության հերքումը, խրախուսումը կամ արդարացումը պատժվում է նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկ չափով կամ երեքից հինգ տարվա ազատազրկմամբ:

Առաջարկը` Հայաստանում ընդունել օրենք, որը ՀՀ քաղաքացիներին պետք է պարտադրի ազատազրկվելու կամ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով տուգանվելու վտանգից ընդունել Ցեղասպանության եղելությունը, նվաստացուցիչ է: Այսինքն` սա նշանակում է, որ կան հայաստանցիներ, ովքեր կասկածի տակ են առնում Ցեղասպանության փաստը: Մի բան, որ գոյություն չունի: Այսպիսով` թուրք քաղաքական գործիչները, պատմաբանները կարող են ենթադրել, որ Հայաստանում Ցեղասպանություն չճանաչող հայերի թիվն այնքան վտանգավոր չափերի է հասել, որ ԱԺ-ն ստիպված է ընդունել օրենքի վերոնշյալ փոփոխությունը` կանխելու համար ահագնացող այդ պրոցեսը: Հայաստանում Ցեղասպանության եղելությունը մերժող հայերին պատասխանատվության ենթարկելու մասին օրենքն արդեն ի՛նքն իր գոյությամբ կասկածի տակ կդնի Ցեղասպանության եղելությունը:

Պարզապես կա հարցի մյուս կողմը: Ենթադրենք, շարքային որեւէ հայ ընտրությունների ժամանակ տեսնում է, թե ինչպես է մեկ այլ հայ օրը ցերեկով լցոնում քվեատուփը, թե ինչպես, օրինակ, նախագահական ընտրությունների ընթացքը կասկածի տակ դնող կուսակցություններից մեկը, դիցուք՝ ՀՅԴ-ն, ամուր ձեռքսեղմումով շնորհավորում է մինչ օրս լեգիտիմության լուրջ խնդիր ունեցող ՀՀ նախագահին, թե ինչպես նույն այդ կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ողջ ընթացքում խոսում է ինչ-որ արդարությունից, ազնվությունից եւ մարդկային այլ առաքինություններից` իրենց երկրում տեղի ունեցած աննախադեպ կեղծիքները ստորադասելով վեհ, հայրենասիրական ինչ-ինչ գաղափարների: Եթե ներկա է լինում ազգությամբ հայ օլիգարխների զավակների հարսանիքներին, ուր մեկ սեղանը զարդարող մեկ փունջ ծաղիկն արժե այնքան, որքան իր մեկ ամսվա աշխատավարձն է, իսկ հրավառության գումարով կարելի կլիներ փրկել մի քանի երիտասարդ կյանքեր, ովքեր վիրահատության գումար չունեն, եւ եթե շարքային հայը չկարողանա տիրապետել իրեն եւ բացականչի` լա՜վ են արել, որ կոտորել են, նրան, հուսահատ այդ մարդուն, անմիջապես երեքից հինգ տարով պետք է ազատազրկեն, քանի որ իր աշխատավարձի 200-500-ապատիկ գումար նա իր օրում չի տեսել: Հասկանալի է, որ տուգանքի գումարը խիստ հարաբերական է, սակայն գնահատել Ցեղասպանության ուրացումը դրամական էկվիվալենտով, արդեն նսեմացնում է գաղափարը: Թեեւ Հայաստանում անգամ ամենավեհ, վիճարկման ոչ ենթակա արժեքներն ունեն կոնկրետ գին:

Գուցե արժե ընդունել օրենք, որը կաշխատի հակառա՞կ տրամաբանությամբ. քաղաքական այն ուժը կամ պետական այն չինովնիկը, ով իր վարքով շարքային հային կստիպի վրդովվել այնքան, որ նա կասի` իզուր թուրքերը բոլոր հայերին չկոտորեցին, քաղաքական այդ ուժը, հասկանալի է, Քր. Օր-ի համապատասխան հոդվածով, կա՛մ կկասեցնի իր գործունեությունը, կա՛մ այդ քաղաքացուն կվճարի նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկ գումար: Այս դեպքում Ցեղասպանության ճանաչման հարցը չի մնա զուտ վիրտուալ խնդիր: Թուրքերից ակնկալելով` գիտակցել իրենց կատարած ճակատագրական սխալը, մենք եւս խնդիր ունենք յուրաքանչյուրս մեր ներսում ճանաչել Ցեղասպանությունը: