Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ուրցը ժողովրդական բժշկության մեջ
Ուրցը շրթածաղկավորների ընտանիքին պատկանող վայրի բույս է: Այս բույսի լատիներեն անվանումն է՝ Thymus: Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայն գործածություն ունեցող բույս է: Այն օգտագործում էին դեռեւս հին հույները. ուրցը նրանց համար խիզախության խորհրդանիշ էր: Իսկ հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար, մարտից առաջ, լողանում էին ուրցի ջրով:
Ուրցը պարունակում է եթերայուղ, որի բաղադրիչներն են` թիմոլը, կարվակրոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը: Այն պարունակում է նաեւ հետեւյալ քիմիական տարրերը` կալիում, կալցիում, մագնեզիում:
Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում եւ չորացնում բացօթյա պայմաններում:
Ավիցենան բույսից ստացած եթերայուղերը քսելու ձեւով օգտագործում էր գլխացավի համար, իսկ ամբողջ բույսը խորհուրդ էր տալիս օգտագործել փսխման եւ ասթմայի դեպքում: Դրանից պատրաստված թուրմը կարելի է օգտագործել ողողումների տեսքով` որպես բուժամիջոց բերանի խոռոչի հիվանդությունների եւ անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի եւ այլ օգտակար նյութերի հետ խառնած, շատ լավ է ամբողջ օրգանիզմի աշխատանքին: Այն շատ լավ միզամուղ միջոց է, լավացնում է տեսողությունը, կերակրի հետ ուրցի օգտագործումը հանգստացնում է ատամնացավը: Ուրցը շատ ծանրամարս ուտելիքը դարձնում է դյուրամարս: Այն կանոնավորում է շնչառությունը եւ մի կարեւոր հատկություն եւս` աղիներից դուրս է բերում կլոր եւ տափակ որդերին: Միայն խորհուրդ չի տրվում շատ ուրց օգտագործել արյան ցածր ճնշում ունեցողներին:
Մեր ընթերցողներից մեկը հաշվի առնելով այն փաստը, որ շատ-շատերն են աշխատում համակարգչով ու հոգնածություն զգում, մեզ է ուղարկել աչքերի հոգնածությունից ազատվելու դեղատոմս: Հոգնածությունից ազատվելու համար շատ է օգնում երիցուկի, մաղադանոսի, լորենու, սամիթի ու ծոթորի, ուրցի (տիմյան) թրջոցը: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 15 րոպե: Հետո բամբակը թրջում եք այս թուրմով ու դնում փակ աչքերին` թողնելով 3-4 րոպե: Այդ թուրմը պետք է սառը չլինի: Իսկապես այն հրաշալի է հանում աչքերի կարմրությունն ու հոգնածությունը:
Օգտակար խորհուրդներ
Առաջարկում ենք օրգանիզմը ճարպային եւ աղային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկն ու սրտի կաթվածը կանխող ու նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան բուժամիջոց:
100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը (կամ եգիպտացորենի թելիկները) եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով աղալ եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան այս խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լ ջուր եւ թրմել թերմոսում 30-40 րոպե: Ապա քամել ու 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել: Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել եւ չխմել: Գործողությունը կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այս բուժամիջոցը օգտակար է նաեւ տեսողությանը:
Աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու միջոց
Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատներ, 1 բաժին կատվախոտի արմատներ, 1 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս դեղաբույսերը լցնել 1 տարայի մեջ, որպեսզի «ընկերանան»: Այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակը ամբողջ օրվա ընթացքում:
Եվ վերջապես յուրաքանչյուրիս բժիշկը մեր մեջ է: Գլխավոր խնդիրը մեր մեջ ոչ թե հիվանդություն, այլ առողջություն գտնելն է: