Իսկ դուք «չորացրե՞լ» եք ձեր «լվացքը»

16/10/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարզվում է՝ Հայաստանը համարվում է փողերի լվացման դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատված գնահատման հաշվետվության հիման վրա` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի միջազգային ստանդարտներին համապատասխանության առումով մեր երկիրը ԵԽ անդամ պետությունների շարքում գրավում է 10-րդ տեղը՝ առաջ անցնելով, օրինակ, Ռումինիայից, Չեխիայից ու Լեհաստանից։

Միջազգային ստանդարտներն իրենցից ներկայացնում են 49 հանձնարարականներ, որոնցից 6-ին համապատասխանում ենք, 20-ին՝ հիմնականում համապատասխանում ենք, 17-ին՝ մասամբ, իսկ 5 հանձնարարականի մասով՝ չենք համապատասխանում։ Մեկ հանձնարարական էլ ոչ կիրառելի է ճանաչվել Հայաստանի համար։ Գնահատման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ)։ ՖԴԿ-ն ՀՀ ֆինանսական հետախուզության մարմինն է, որը ստեղծվել է 2005 թ.՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա եւ գործում է Կենտրոնական բանկի կազմում: Կենտրոնի գործունեության նպատակն է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումը: Ինչպես երեկ իր ասուլիսում նշեց կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը, Եվրոպայի խորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը էական առաջընթաց է արձանագրել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական, ֆինանսական եւ իրավապահ ոլորտներում, ինչպես նաեւ՝ արդյունավետության բարձրացումը կանխարգելիչ միջոցառումներում:

Ինչպե՞ս է աշխատում այս կառույցը։ Այն ֆինանսական ու ոչ ֆինանսական հաստատություններից ու անձանցից ստանում է կասկածելի եւ որոշակի սահմանաչափը (20 մլն դրամ) գերազանցող գործարքների վերաբերյալ հաշվետվություններ, հետո իր մոտ առկա տարբեր տեղեկատվական աղբյուրների եւ շտեմարանների միջոցով իրականացնում է կասկածելի գործարքների ֆինանսական վերլուծություններ, եւ այդ վերլուծությունների արդյունքում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածները հիմնավորելու դեպքում դրանց մասին հաղորդումներ է ուղարկում իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու եւ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

20 միլիոն դրամը մեծ գումար չէ բիզնեսում, հետեւաբար՝ ստացվում է, որ Կենտրոնը տեղեկատվություն է հավաքում մանր գործարքներից բացի՝ գրեթե բոլոր ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Այսինքն՝ պատկերավոր ասած, գոնե մեկ անգամ միջին գումարի գործարք կատարած ցանկացած քաղաքացի կամ ընկերություն հայտնվում է խոշորացույցի տակ։ Դա, մեղմ ասած, այնքան էլ հաճելի երեւույթ չէ։ ՖԴԿ ղեկավարն այս կապակցությամբ ասում է, որ 20 միլիոն դրամը գերազանցող գործարքների ստուգման իմաստն այն է, որ դրանք ծառայում են որպես տեղեկատվական բազա՝ վերլուծությունների համար։ Բացի այդ, ըստ Դ. Ազատյանի, ԿԲ-ն, այսպես թե այնպես, «պատմականորեն» տիրապետել է այդ ինֆորմացիային։ Ինչ վերաբերում է կասկածելի գործարքներին, ապա գործարարը հայտնվում է կասկածի տակ, եթե, օրինակ, նրա կատարած գործարքը զգալիորեն շեղվել է (թե՛ գումարային, թե՛ բովանդակային առումով) նախկինում իր իրականացրած գործունեությունից։

2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՖԴԿ-ում հաշվառված են 417 ֆինանսական հաստատություններ եւ 639 ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք, որոնք հաշվետվություններ են ներկայացնում։ Մինչ օրս նրանք ներկայացրել են 294.308 հաշվետվություն 20 մլն դրամի սահմանաչափը գերազանցող գործարքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կասկածելի գործարքներին, ապա ՖԴԿ-ն ստացել է 164 կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություն, որից 68-ը՝ 2009 թ. ընթացքում:

Կենտրոնի գործունեության վերաբերյալ կարծիք կազմելու համար ամենակարեւոր ցուցանիշը, թերեւս, արդեն իսկ կայացած դատավճիռներն են։ Ահա այստեղ է, որ մի տեսակ արտասովոր թիվ է արձանագրվել։ Երեկվա դրությամբ փողերի լվացման հանցակազմով առկա է 7 դատավճիռ, որոնցից 1-ը կայացվել է 2006 թ.-ին, իսկ մյուս 6-ը՝ 2009 թ. ընթացքում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք մեր ֆինանսական դաշտն այդքան մաքո՞ւր է, որ ընդամենը 7 բացահայտված դեպք է գրանցվել։ «Այո, այո»,- պատասխանեց Դ. Ազատյանը՝ իր խոսքերը հիմնավորելով այն հանգամանքով, որ այս ընթացքում Կենտրոնն ընդամենը 60 տեղեկատվական հարցում է ստացել դրսից։ Այսինքն, գոնե արտաքին աշխարհի համար մենք կասկածի տեղիք չենք տալիս։

Փողերի լվացման դեմ պայքարի գործում գովեստների ֆոնին խիստ զարմանալի է դիտվում նաեւ այն գումարը, որը 7 դատավճիռների արդյունքում վերադարձվել է պետական բյուջե։ Ընդամենը՝ 40 միլիոն դրամ։ Առաջին դատավճիռը, կամ, ինչպես Դ. Ազատյանն է նշում, «առաջին ծիծեռնակը» անտառահատումների հետ կապված փոքր գործ էր. խոսքը ընդամենը 1 միլիոն դրամի մասին է։ Իսկ մնացած 6 դատավճիռների մասով աղմկահարույց որեւէ բացահայտում առայժմ չի հնչել։ Մինչդեռ «փողերի լվացում» ասելով՝ հասարակությունն այսօր առաջին հերթին հիշում է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը, ում իշխանությունները մեղադրում էին իբր 40 հազար դոլար «լվանալու» մեջ։ Այդ գործով դատավճիռ այդպես էլ չհրապարակվեց, Ալ. Արզումանյանը կալանավորվեց, հետո նրա խափանման միջոցը փոխվեց։ Այժմ գործն օդից կախված, «լղոզված» վիճակում է, եւ չի բացառվում, որ իշխանությունները ապագայում այդ մասին նորից հիշեն, եթե իրենց պետք լինի։ Այսինքն` փողերի լվացման դեմ պայքարի հետ կապված՝ առայժմ կարելի է արձանագրել միայն, որ այդ «գործիքն» օգտագործվել է առավելապես քաղաքական հետապնդում իրականացնելու համար: Գոնե Ալեքսանդր Արզումանյանի դեպքում դա ակնհայտ էր:

Ինչ վերաբերում է պաշտոնապես արձանագրված ու բացահայտված դեպքերին, ապա դրանց մեծ մասն, ըստ Դ. Ազատյանի, վերաբերում են բանկային քարտերի միջոցով կատարվող զեղծարարություններին։ ՖԴԿ ղեկավարը նշեց նաեւ լայն տարածում գտած խարդախության նոր, ժամանակակից ձեւի՝ «նիգերիական սխեմայի» մասին, երբ մարդկանց էլեկտրոնային հասցեներին նամակներ են ուղարկում՝ տեղեկացնելով, որ նրանք շահել են խոշոր գումար կամ ստացել ժառանգություն։ «Չկա մի դեպք, որ մարդը ստանա «շահած» գումարը։ Փոխարենը, կան տասնյակ մարդիկ, ովքեր գումարներ են կորցրել՝ այդ նամակի հեղինակներին վճարումներ կատարելով»,- նշեց Դ. Ազատյանը՝ խոստովանելով, որ իրենք ի վիճակի չեն դրա դեմ պայքարել։

Նշենք, որ ՖԴԿ գործունեությունը սերտորեն առնչվում է ՀՀ Նախագահի կարգադրության հիման վրա ձեւավորված «Հայաստանի Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որը, ինչպես խորհրդատվական բնույթի, այնպես էլ ոլորտում քաղաքականություն սահմանող մարմին է:

Երեկ Դ. Ազատյանի ասուլիսից հետո սկսվեց նաեւ այդ հանձնաժողովի նիստը, որի նախագահ, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացման խոսքում գովեստի եւ շնորհակալության խոսքեր ուղղեց հանձնաժողովի անդամներին, նրանց ղեկավարած հաստատություններին՝ ձեռք բերված հաջողությունների համար (հիշեցնենք հաջողությունը՝ 7 դատավճիռ եւ 40 միլիոն դրամ)։ Կարճատեւ ելույթից հետո Ա. Ջավադյանը առաջարկեց ներկաներին նույնպես խոսել առաջընթացի մասին, սակայն ո՛չ ՀՀ ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը, ո՛չ ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ո՛չ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ ո՛չ էլ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը խոսելու ցանկություն չհայտնեց (լրագրողների ներկայությամբ)։ Դրանից հետո ԿԲ նախագահը շնորհակալություն հայտնեց նաեւ լրագրողներին, եւ նիստը շարունակվեց արդեն փակ ձեւաչափով՝ ինչպես ասացին, բանկային գաղտնիքների շուրջ էլ են խոսելու։ Մի խոսքով՝ լրագրողները գնացին, իսկ փոխնախարարներն ու ծառայությունների պետի տեղակալները մնացին։ Եվ մինչ նրանք երկրում ֆինանսական կարգուկանոն հաստատելու հարցերն էին քննարկում, Վազգեն Սարգսյան նեղ փողոցի երկրորդ գծին կայանած նրանց ծառայողական մեքենաները վկայում էին ճանապարհային երթեւեկության ոլորտում հաստատված «կարգուկանոնի» մասին… քանի որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ասուլիսին ներկա չէր։