Գաղտնիք չէ, որ մարզային հյուրանոցներում զբոսաշրջիկների համար հարմարավետ
պայմանները բացակայում են, իսկ երեւանյան հյուրանոցների հարմարավետ
սենյակների դիմաց պահանջում են պատկառելի գումարներ: Օրինակ՝ 5 աստղանի
«Երեւան» հյուրանոցը 1 տեղանոց սենյակի 1 օրվա համար սահմանել է 66.000
դրամ, 2 տեղանոց սենյակի համար՝ 78.000, մեծ լյուքսը՝ 120.000, փոքր
լյուքսը՝ 99.000, նախագահական մեծ սենյակը՝ 360.000 դրամ, նախագահական
փոքր սենյակը՝ 240.000: Իսկ 5 աստղանի «Արարատ» հյուրանոցի լյուքս սենյակի
մեկ օրն արժե 56.250 դրամ, սուպերը՝ 69.750, էկոնոմիկ լյուքսը՝ 139.500,
նախագահական սենյակն արժե 229.500, ընտանիքի համար նախատեսված սենյակը՝
103.500: Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող 5 աստղանի «Անի պլազա» հյուրանոցի
1 տեղանոց լյուքս սենյակի գինը 41.000 դրամ է, 2 տեղանոց լյուքս սենյակը՝
51.000, 1 տեղանոց բիզնես լյուքս սենյակը՝ 68.000, 2 տեղանոց բիզնես
լյուքսը՝ 76.000, լյուքս կարգի համարը՝ 99.000։ Այս ամենի հետ մեկտեղ՝
հիշեցնենք, որ տուրիստական փաթեթները հիմնականում առաջարկում են 7-14 եւ
ավելի օրերի շրջագայություններ:
Այսպիսով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկի համար որքանո՞վ են մատչելի
վերոնշյալ գները, այն դեպքում, երբ զբոսաշրջիկն օրվա մեծ մասն անցկացնում
է պատմամշակութային վայրերում, եւ հյուրանոցը նրա համար զուտ գիշերելու
վայր է: Տուրիստական փաթեթի համար վճարվող գումարի մեծ մասը կազմում են
հյուրանոցներում ապրելու եւ ավիատոմսերի գները: Հյուրանոցների գները բարձր
են, բայց հյուրանոցների ծառայությունները մեծ մասամբ չեն համապատասխանում
սահմանված գներին։ Փորձեցինք պարզել, թե այս խնդրին ինչպես են վերաբերվում
Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները: Տուրիզմի շուկայում
տասնամյա փորձ ձեռք բերած, ներգնա տուրիզմով զբաղվող «Սաթի» ընկերության
տուրիզմի մենեջեր Կարինե Տերտերյանի հավաստմամբ՝ զբոսաշրջիկին առաջարկվող
տուրիստական փաթեթների գները բոլոր դեպքերում թանկ են ստացվում, հատկապես,
երբ հյուրանոցի գինը ներառվում է փաթեթի մեջ: «Զբոսաշրջիկը չի ակնկալում
նմանատիպ գներ մի երկրում, որտեղ ընդհանուր կենսամակարդակը ցածր է: Երբ
մեկը գնում է Շվեյցարիա, եւ իրեն ասում են՝ հյուրանոցի գինը 120 դոլար է,
նա չի զարմանում, որովհետեւ այնտեղ ամեն բան թանկ է, հետեւաբար՝ մարդկանց
աշխատավարձը նույնպես բարձր է: Բայց եթե զբոսաշրջիկը գալիս է Հայաստան՝
իմանալով միջին աշխատավարձը որքան ցածր է, ու իրենից պահանջում են նույն
գինն, ինչ Շվեյցարիայում կամ Անգլիայում է, ապա դա հարվածում է մեր
բիզնեսին»,- ասում է տիկին Տերտերյանը: Նա վկայում է, որ զբոսաշրջիկները,
նայելով հյուրանոցային գներին, ասում են, որ նույն գումարով կարող են գնալ
Իսպանիա, Իտալիա եւ ավելի երկարատեւ շրջագայել: Եթե սփյուռքահայերն, անկախ
տուրիստական փաթեթի գներից, պարբերաբար գալիս են Հայաստան, որովհետեւ
իրենց Հայրենիքն է, ապա օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր հետաքրքրված են
Հայաստանով որպես մշակութային երկիր, ետ է պահում Հայաստանում
ժամանակավորապես ապրելու համար պահանջվող գումարը: Զբոսաշրջիկը՝
հասկանալով, որ Հայաստանն անապահով տարածաշրջան է, նաեւ զարմանում է,
այսպես ասած, սահմանված «կծող» գների վրա եւ նախընտրում է որեւէ այլ
երկիր: Կարինե Տերտերյանի կարծիքով՝ միջազգային շուկայում դեռեւս
չհաստատված հայաստանյան տուրիստական շուկան պետք է վերանայի զբոսաշրջիկին
առաջարկվող ծառայությունների սակագները, ինչը թերեւս էապես կախված է
հյուրանոցների գնային քաղաքականությունից: Ըստ տիկին Տերտերյանի,
զբոսաշրջությունը զարգացնելու առաջին նախապայմանը հյուրանոցային շուկայի
կարգավորումն է, որի մեջ մտնում է նաեւ 2-3 աստղանի հյուրանոցների
պահանջարկը: «Նմանատիպ հյուրանոցների պակասը միանշանակ զբոսաշրջությանը
խոչընդոտում է,- ասում է «Սաթի» ֆիրմայի մենեջերը: -Դժբախտաբար,
Հայաստանում ներդրողները միանգամից 5 աստղանի հյուրանոցներ են կառուցում
եւ եկամուտի մեծ ակնկալիքներ են ունենում: Բայց տնտեսվարող սուբյեկտները
պետք է հասկանան, որ 2-3 աստղանի հյուրանոցներ կառուցելով ավելի մեծ
եկամուտ կունենան, որովհետեւ պահանջարկը մեծ է, եւ դրանով նաեւ կխթանեն
տուրիզմի զարգացմանը»: Տուրիստական ֆիրմաների փորձը ցույց է տալիս, որ
Հայաստան ժամանած մասնավորապես սփյուռքահայ զբոսաշրջիկները,
հյուրանոցներում տեղավորվելու փոխարեն, նախընտրում են կարճաժամկետ
բնակարաններ վարձակալել: Բացի հյուրանոցային սակագների հետ կապված խնդրից,
զբոսաշրջիկների համար անհարմարավետ է քաղաքից դուրս ճամփորդությունների
ժամանակ ճանապարհային զուգարանների բացակայությունը: Դրանք մեծամասամբ
չկան, իսկ սակավաթիվ զուգարանները գտնվում են սանիտարահիգիենիկ ողորմելի
պայմաններում: Զբոսաշրջիկի համար սա եւս խնդիր է, որովհետեւ նրանք
երկարատեւ ճանապարհորդությունների մեջ են լինում: Տիկին Տերտերյանի
խոսքերով՝ զբոսաշրջիկը մեր ճանապարհային երթեւեկությունից հաճախ շոկի մեջ
է ընկնում: Ինչեւէ, տուրիստական կազմակերպությունների գործունեությունը
ցույց է տալիս, որ Հայաստան ժամանել ցանկացող զբոսաշրջիկներին ետ պահող
բաղադրիչները երեքն են՝ հյուրանոցների անմատչելի գները, ճանապարհային
վտանգավոր երթեւեկությունն ու անհարմարավետությունը եւ զուգարանների
բացակայությունը:
Նաեւ այսպես «կծել» զբոսաշրջիկի գրպանը
Հիշեցնենք նաեւ, որ հյուրանոցների գնային ոչ ճիշտ քաղաքականության
պատճառով օրերս աղմուկ էր բարձրացել: Հայաստանի տուրիստական օպերատորները
բոյկոտ են հայտարարել հեղինակավոր «Եվրոպա» հյուրանոցին, եւ «Հայաստանի
ներգնա տուրօպերատորների միության» թվով 14 անդամները հայտարարել են, որ
դադարեցնում են պայմանագրային հարաբերությունները «Եվրոպա» հյուրանոցի
հետ: Բանն այն է, որ հյուրանոցում 1 դոլարի դիմաց 500 դրամ է հաշվարկվում,
իսկ դա հակասում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին:
«Ներգնա տուրօպերատորների միությունը» տուրիստական սեզոնի ընթացքում
իրականացվող այս ժեստը համարում է գների արհեստական բարձրացում 10-15%-ով:
«Եվրոպա» հյուրանոցի տնօրինությունը տուրօպերատորներին ակնարկել է, որ
շահագրգռված չէ տուրօպերատորների բերած հյուրերի չափաբաժնի պահպանմամբ,
մասնավորապես շեշտելով մասնավոր սեփականության դրույթներն ու
հիմնավորումները: