«Հայաստանի տեղական արտադրող «Գրանդ Քենդին» դիմում է ոչ արդար մրցակցության քայլերի»,- երեկ նման հայտարարություն է արել «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկա» ընկերության գլխավոր տնօրեն Ալլա Կովալենկոն: «Մենք մեր արտադրանքը արտահանում ենք ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստան եւ իրացման հետ խնդիր չունենք»,- ասել է նա` նշելով, որ «Գրանդ Քենդին» Հայաստանում արտոնագրել է 1000-ից ավելի ապրանքատեսակների անվանումներ, որոնց մեծ մասն այդ ընկերությունը չի արտադրում, ընդ որում` արտոնագրված ապրանքատեսակների անվանումները չեն սահմանափակվում միայն խարկովյան ֆաբրիկայի տեսականիով: «Երբեմն մենք չենք հասցնում մեր արտադրանքի անվանումները գրանցել այլ երկրներում, քանի որ դա բավական ժամանակատար է: «Գրանդ Քենդին» արտոնագրել է մեր արտադրատեսակների այնպիսի անվանումներ, որոնք զուտ ուկրաինական են, օրինակ` «Սլաբոժանսկայա լաստոչկա», «Սլաբոժանսկայա ռոմաշկա»։ Ցարական Ռուսաստանի ժամանակ «Սլաբոժանշինա» կոչվել է Խարկովի ներկայիս տարածքի մի մասը: Թեեւ «Գրանդ Քենդին» արտադրում է ընդամենը 166 անվանում արտադրանք, նա արտոնագրել է ավելի քան 1000 անվանում: Ստացվել է մի իրավիճակ, որ Ուկրաինայում արտոնագրված տարիներ շարունակ մեր կողմից արտադրվող հրուշակեղենը Հայաստանում հանդիսանում է կեղծ, եւ մենք այն չենք կարող իրացնել: Այս ամենի հարցում առաջին հերթին տուժում է սպառողը»,- հայտարարել է Կովալենկոն: Նշենք, որ Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Հայաստանում։