Վագոն-տնակից՝ առանձնատան պահակակետ

16/10/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

5 տարեկան Արմենի մանկությունն այնպես է դասավորվել, որ մանկական հիշողությունների մեջ դաջվել են միայն այն հիվանդասենյակները, որտեղ նա ամեն տարիքի հետ հաղթահարել է մի հիվանդություն:

Մի քանի տարի առաջ մայրը` Ժաննան, որդուն լողացնելու համար ջուր է եռացրել, ու Արմենն անզգուշորեն ընկել է այդ ջրի մեջ: Ժաննան պատմում է` «Ախր էս նեղվածքից, էս զզվելի պայմաններից ինչ ասես, որ գլխներիս չեկավ: Ջուրը եռացրեցի, որ սառը ջուր խառնեմ ու երեխեքին լողացնեմ: Ես էլ չիմացա, թե ոնց ընկավ եռացած ջրի մեջ: Եփվել էր մարմինը, խոր այրվածքներով տեղափոխեցինք հիվանդանոց, ու երկար ժամանակ երեխուն բուժում էին»: Այդ ժամանակ Ժաննան ամուսնու, սկեսրոջ եւ երկու երեխաների հետ ապրում էր 4-րդ գյուղի «Նվերի փողոցում» մի փոքրիկ բլրակի վրա տեղադրված երկաթե վագոնում: Վագոն-տնակի անհարմարավետությունից ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններից այս ընտանիքը ստիպված է հաղթահարել դժբախտությունը դժբախտության ետեւից: Այրվածքներից մաշկը կարկատված Արմենը տուն վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց կրկին հայտնվել է հիվանդանոցում: Վագոն-տնակում եղբոր` Տիգրանի հետ խաղալիս Արմենն այս անգամ էլ անզգուշորեն սուր դանակով հարվածել է աչքին: Բավականին բարդ վիրահատությունից հետո, բարեբախտաբար, վերականգնվել է տղայի մի աչքի տեսողությունը, սակայն բժիշկները տեղեկացրել են, որ երկրորդ վիրահատությունն անխուսափելի է, որից հետո Արմենի տեսողության հետ կապված երաշխիք չեն կարող տալ: Աչքի երրորդ միջնապատը մինչեւ օրս վնասված է, ինչի հետեւանքով այս փոքրիկին սպառնում է մի աչքի տեսողությունից զրկվելու վտանգը: Արմենի աչքն աստիճանաբար պատվում է փառով եւ տեսողությունը դառնում է մշուշոտ: «Ճիշտն ասած` ահագին դեղորայք են նշանակել վիրահատությունից հետո, բայց ոչ մեկը չկարողացանք գնել, ու հնարավոր չեղավ բժիշկների ասածներն անել: Էդ դեղերը շատ թանկ են, ու երեխաներիս սոված պահելու դեպքում միայն կարանք առնենք: Արմենիս հիվանդանոցից տուն բերեցինք՝ ուտելու բան չկար: Մամայենցիցս կովի կաթ վերցրի, կերավ` թունավորվեց: Երրորդ անգամ հիվանդանոց ընկավ»,- վստահեցնում է Ժաննան` ասելով, որ ընտանիքի միակ կայուն եկամուտը 20.000 դրամ ընտանեկան նպաստն է: Ամուսինը` Կարենը, պատրաստ է ամենածանր աշխատանքն էլ կատարել, սակայն միշտ չէ, որ նույնիսկ օրավարձով բանվորություն անող աշխատուժի պահանջարկ կա: Ժաննան ասում է` «Մի օր գործ կլինի` փող կբերի, մյուս օրն էլ սոված կնստենք: Ինքը աշխատող տղա ա, բայց գործ չկա, մշտական աշխատանք լիներ` լավ կլիներ: Գոնե կիմանայինք, որ ամսվա եկամուտ կունենանք»: Վագոն-տնակում ապրող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն էլ առողջական խնդիր ունի, որովհետեւ, ինչպես ասում է Ժաննան, «էս պայմաններում շունը կսատկեր»: Անցյալ տարի Ժաննայենք իրենց ունեցած միակ այդ տնակն էլ վաճառեցին, որովհետեւ սկեսրոջ կյանքը վտանգի տակ էր: Լյարդի վիրահատության համար պահանջված գումարը Ժաննայենք ի զորու եղան վճարել միայն վագոն-տնակը վաճառելուց հետո. «Ի՞նչ անեինք, թողեինք, որ խեղճ կինը մեռնե՞ր: Ծախելու բան էլ չունենք, վագոնը ծախեցինք ու մնացինք փողոցներում: Երկու երեխեքի հետ ապրելու տեղ չունեինք: Ցրտից ու քաղցից երեխեքը լրիվ կորցրին առողջությունը»: Փողոցում հայտնված այս ընտանիքի թշվառ կարգավիճակը տեսնելով՝ 4-րդ գյուղում առանձնատուն ունեցող մի մարդ այնքան է ազդվել, որ նրանց բերել է իր առանձնատան պահակակետ եւ թույլ է տվել ժամանակավոր այնտեղ հանգրվանել: Ժաննան ասում է, որ վերջինս շատ բարի մարդ է եւ խոստացել է նրանց տեղ տալ այնքան ժամանակ, որքան պետք է: Փոխարենը Ժաննայենք «տիրություն են» անում մեծահարուստի այգուն, ջրում եւ խնամում են ծառերը: «Պատկերացրեք, որ ջրից, բանից անփող օգտվում ենք: Ճիշտ ա, ներսում ջուր չկա, բայց ստացվում ա, որ իրա հաշվին ենք ապրում»,- ասում է Ժաննան, ում պայմաններին նայելիս՝ ապշում եմ, թե հինգ հոգով ինչպես են ապրում այդ փոքրիկ քառակուսու մեջ, ինչպես են ճաշում, լողանում եւ պահպանում տարրական հիգիենիկ պայմանները: 6 տարեկան Տիգրանն այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել, բայց դպրոցական կյանքը տեղափոխվել է երկրորդ պլան, որովհետեւ այս երեխայի մոտ էլ է առաջացել ծանր հիվանդություն: Տիգրանի մոտ բժիշկները սրտի արատ են հայտնաբերել, իսկ տարիներ առաջ «արյան սեպսիս» հիվանդության պատճառով նրա արյունը փոխվել է: Ժաննան մի տեսակ սառնասրտությամբ անվերջ պատմում է երեխաների հիվանդությունների մասին ու այնպես է խոսում, կարծես այդպես էլ պիտի լիներ: Թեեւ հաշվի առնելով նրանց կենցաղային պայմանները՝ հավանաբար այդպես էլ պետք է լիներ: Հարցնում եմ` «Իսկ Տիգրանի մոտ հայտնաբերված սրտի արատի համար մասնագետներն ի՞նչ են ասում: Վիրահատությո՞ւն է պետք»: Ժաննան շփոթված բառեր է որոնում, որ պատասխանի` «Դե՛, չգիտեմ, էլ չենք գնացել բժշկի, որ իմանանք: Առանց փողի մեզ ո՞վ կընդունի ու խորհուրդ կտա: Արմենի աչքի վիրահատությունը՝ մի կողմից, Տիգրանի սրտի պրոբլեմը՝ մյուս կողմից, արդեն խելագարվում եմ, չեմ դիմանում»: Տիգրանը լուռ հետեւում է մոր խոսքերին ու մարմինն աննկատ ճկելով նստում է հատակին: Արմենի ու Տիգրանի հայացքում խռովք կա: Այս երկու փոքրիկների դեմքի արտահայտության մեջ զարմանալի տառապանք կա, ասես` մեծավարի կյանք են ապրել: Հարցերիս չեն պատասխանում ու աննկարագրելի անհաղորդ երեխաներ են: «Հիվանդանոցներում մեծացած երեխեք են, իրանց համար շատ դժվար ա կյանքը»,- որդիների վարքագիծն այսպես է արդարացնում Ժաննան: 27 տարեկան այս կինն ամուսնանալիս կարծում էր, թե ապագայում ամեն ինչ կստեղծեն, պայմանները կբարելավեն, մինչդեռ այսօր հուսահատված է: Ասում է` «Սկզբում թվում ա, թե բաներ կան, որոնց հետ չես կարա համակերպվես, որ պիտի փոխվի ամեն ինչ: Բայց ամեն ինչի հետ հաշտվում ես ու, երբ հետ ես նայում` հասկանում ես, որ ոչինչ չունես, մենակ կորցնում ու կորցնում ես: Ճիշտ ա` ունեմ ամուսին, երեխաներ, բայց կյանքն ամեն ինչ խլում ա: Երեխաներս՝ հիվանդ, ամուսինս՝ շատ դեպքերում անկարող: Երբ հասկանում ես, որ ոչինչ չունես ու ունեցածն էլ կորցնում ես` էլ չես ուզում ինչ-որ բանի մասին մտածել, ցավոտ ա: Դրա համար էլ քեզ թմրացնելով, անասնական բնազդով ապրում ես: Չգիտես ում համար ու չգիտես ինչի համար ես ապրում»: Ժաննայի երազանքը փոքրիկ մի տուն կամ հանրակացարանային սենյակ ունենալն է, որտեղ հնարավոր կլինի չմտածել վաղը դրսում հայտնվելու մասին, եւ երեխաների առողջության հարցերը լուծելու համար կենցաղային պայմանները չեն խանգարի: Ասում է` «Թեկուզ մի տնակ, թեկուզ մի բուն: Մենակ թե էդ վախը սրտումս չլինի, որ երեխեքիս հետ վաղը փողոցում եմ հայտնվելու: Վաղվա համար հանգիստ լինեմ»: