Անպատասխան հարցեր

16/10/2009

Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանը դիմում-հաղորդագրություն է ներկայացրել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Դրանում մասնավորապես ասված է. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք, այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանում ԴԱՀԿ ծառայությունը դեռեւս սեպտեմբերի սկզբին խոստացել էր երեք շաբաթում տրամադրել նյութերը: Այս երկրում, որտեղ իբր օրենքներն են գործում, ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում օրենքով հասանելիք փաստաթղթերը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն՝ ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում։ Հարց է ծագում, ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում տրամադրել կատարողական նյութերի պատճենները: Ինչն է պատճառը: Ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խախտում օրենքի իմպերատիվ պահանջը: Ինչ ունի նա թաքցնելու կատարողական վարույթի կողմից` պարտապանից: Արդյո՞ք կհաստատվի այն կասկածը, որ ԴԱՀԿ ծառայությանը որեւէ գումար չի վճարվել եւ արդյո՞ք կհաստատվի, որ ԴԱՀԿ ծառայությունը կեղծ դրամարկղի օրդեր է տվել մեկ անգամ գումարի մուտքի եւ մեկ անգամ էլ գումարի վերադարձի համար: Դա՞ էր պատճառը, որ ԴԱՀԿ ծառայությունը իբր ստացված գումարները չի փոխանցել պարտատիրոջը` ՀՀ պետական բյուջեին եւ դեռեւս օրինական ուժի մեջ չմտած ՀՀ վարչական դատարանի` աճուրդն անվավեր ճանաչելու վճռի հիման վրա (օրինական ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջը կատարելը համարվում է հանցագործություն՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի) «ստացված» գումարն արագ հետ է վերադարձրել: Սրանք այն հարցերն են, որոնք կպարզաբանվեին թերեւս կատարողական նյութերով, իսկ դրանք չեն վերադարձվում: Մեր այս բողոքի առարկան ոչ թե ԴԱՀԿ ծառայության կողմից նյութերը չտրամադրելու հանգամանքն է, որի հետ կապված վարչական դատարանում գործ է քննվում, այլ` հիշատակված աճուրդի արդյունքում գումարի ստացման, մուտքի եւ ելքի անդորրագրերի կազմման հիմքում ընկած փաստերի ստուգման խնդրանքը: Ընկերությունը վերջին անգամ 28.09.2009թ. դիմել է ՀՀ Ոստիկանությանը եւ ՀՀ Գլխավոր դատախազությանը, սակայն առ այսօր հետաքննչական որեւէ գործողություն չի կատարվել: Խնդրում ենք Ձեր բոլորի միջամտությունը եւ օգնությունը վերոհիշյալ խնդիրները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ»: