Բուժիչ նամակներ

16/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կարագը` 40-ից առաջ եւ հետո

Ավիցենան ասում է. «Սերուցքային կարագը սնուցում է մեր մարմինը, այն օգնում է թուլացած նյարդերին ու հազին»:

Իսկ ահա մեր օրերում սերուցքային կարագ ուտելը դարձել է ոչ այնքան «պատշաճ», որովհետեւ շատ ենք լսում, որ «յուղոտ սննդամթերքը վատ է առողջությանը, քանի որ խոլեստերին է պարունակում»: Փորձենք որոշել՝ ում է կարելի կարագ ուտել, իսկ ում` ոչ կամ չափավոր:

Սերուցքային կարագն իր մեջ պարունակում է 150 տեսակի ճարպաթթուներ, որոնցից 20-ը` անփոխարինելի: Այդ ճարպաթթուների մեծ մասը բարձրացնում են խոլեստերինի քանակն արյան մեջ` ստեղծելով բարենպաստ պայմաններ` ուղեղի կամ սրտի կաթվածի համար: Իհարկե, կարագի մեջ կան նաեւ անփոխարինելի ճարպաթթուներ, որոնք անփոխարինելի նշանակություն ունեն մարդու օրգանիզմի համար: Դրանք շատ մեծ դեր են կատարում` օրգանիզմից դուրս հանելով խոլեստերինը: Ինչպես նաեւ՝ այն իր մեջ պարունակում է ճարպը քայքայող վիտամիններ` A, D, E եւ K:

Իսկ ահա բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Դոբրովոլսկին ասում է. «Այն փորձագետները, որ մարդկանց վախեցնում են խոլեստերինով, չգիտես ինչու չեն նշում այն փաստը, որ խոլեստերինի 80 տոկոսն արտադրվում է լյարդում եւ միայն 20 տոկոսն է մարդը ստանում սննդի միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե սննդի հետ թափանցած խոլեստերինի չափը շատ է սովորականից, ապա լյարդը կրճատում է խոլեստերինի սեփական արտադրությունը, այսինքն՝ խոլեստերինով հարուստ սննդամթերքի գործածումը առողջ մարդու վրա այնքան էլ չի ազդում: Իսկ լյարդում խոլեստերինի սինթեզման հաճախականությունն առաջին հերթին կախված է յուրաքանչյուր մարդու գենետիկական հատկանիշներից»: Պարոն Դոբրովոլսկու խոսքերով, դեռ 40-ը չլրացած մարդկանց համար, հատկապես խոսքը վերաբերում է երեխաներին ու դեռահասներին, ում հորմոնային համակարգը նոր է կարգավորվում ու ձեւավորվում, սերուցքային կարագը համարվում է ուժեղ ճարպաքայքայիչ վիտամինների աղբյուր: Այդ պատճառով էլ բոլոր նախադպրոցական հաստատություններում կամ բանակում նախաճաշի ժամանակ կարագը պարտադիր սնունդ է: Իսկ ահա 40-ից հետո խոլեստերինով հարուստ սննդամթերքի ավելցուկը կարող է խնդիրներ առաջացնել առողջության համար: Այս տարիքում արդեն պետք է սահմանափակել կարագի, երշիկի, ճարպի գործածությունը եւ սկսել հիմնականում սնվել բուսական ծագմամբ յուղերով: Իհարկե, սա չի նշանակում ընդհանրապես սննդակարգից հանել կարագը, պարզապես այն պետք է օգտագործել շատ չափավոր:

Ժողովրդական բժշկության մեջ շատ կան դեղատոմսեր, որոնց բաղադրության մեջ եղած սերուցքային կարագը ոչ թե վնասակար է, այլ` առողջարար: Օրինակ` հոդերի համար հիանալի խառնուրդ է հետեւյալ բաղադրատոմսը. անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ լոշտակի արմատ եւ աղալ սրճաղացով: Այնուհետեւ վրան լցնել 150 մլ ջուր եւ դնել կրակին` եռացնելով այնքան ժամանակ, մինչեւ կմնա մոտ 100մլ: Այնուհետեւ այս զանգվածին ավելացնել 400գ կարագ ու խառնել: Կստացվի քսուքանման զանգված: Քնելուց առաջ այն կարելի է քսել հիվանդ հոդերին: Այն շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է հոդերը մինչեւ խոր ծերություն պահպանելու համար:

Դիմադրողականությունը բարձրացնելու համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կարագով, մեղրով եւ ընկույզով դեղատոմսը: Անհրաժեշտ է վերցնել 100գ կարագ, 100գ մեղր եւ 30գ մանրացրած ընկույզ եւ այս ամենը լավ խառնել: Չմոռանանք, որ այս խառնուրդը օգտագործելուց հետո պետք է գոլ կաթ խմել: Այն պետք է խմել օրվա մեջ 3 անգամ` 1 ճաշի գդալից:

Կարագից պատրաստվում է շատ լավ ռադիկուլիտի դեղ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ եղինջ, 2 թեյի գդալ ծովաբողկ եւ 100գ սերուցքային կարագ: Այս ամենը լավ խառնել եւ 4-5 օր շարունակ երեկոյան քնելուց առաջ դրանով մերսել ցավոտ մասերն ու կապել տաք շորով: Արդյունքը հիանալի է:

Համակարգչի առջեւ երկար նստողներին խորհուրդ է տրվում աչքերի շուրջբոլորը կարագ քսել: Այն թեթեւացնում է աչքերի հոգնածությունը: