Հյուրանոցների տերերն աստղեր են կարում

27/08/2005 Լ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս տարվա հունվարի մեկից լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել,
սակայն Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվության
համաձայն՝ մինչ օրս ընդամենը երկու հյուրանոց է դիմել աստղայնության
կարգավիճակի լիցենզիա ստանալու համար: «Հայաստանի ներգնա տուրօպերատորների
միության» նախագահ Արայիկ Վարդանյանի կարծիքով, հյուրանոցների
ղեկավարությունն ակնհայտորեն խուսափում է աստղայնության լիցենզավորումից,
քանի որ իրականում դրանք չեն համապատասխանում այն աստղայնությանը, որն
իրենք հայտարարում են: «Նրանք չեն ուզում այդ հարցով դիմել, որովհետեւ
հյուրանոցների առկա պայմանները բոլորովին չեն համապատասխանում
նախասահմանված աստղայնությանը,- ասում է պրն Վարդանյանը: -Օրինակ՝ նորաբաց
«Գոլդեն Փելես» հյուրանոցը սահմանվել է 5 աստղանի: Հարց է ծագում, իսկ ո՞վ
է որոշել, որ հյուրանոցը 5 աստղանի է: Ցանկացած երկրում գոյություն ունի
հյուրանոցների աստղերի համապատասխանելիությունը որոշող լիցենզավորման
մարմին, որովհետեւ հյուրանոցը չպետք է հռչակի, թե 5 աստղանի է, բայց մեծ
գումարներ աշխատելով՝ 3 աստղանի հյուրանոցի սպասարկում առաջարկի»: «Գոլդեն
Փելես» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ պատասխանեցին, որ դիմել են
լիցենզավորման մարմնին, մասնավորապես շեշտեցին, որ իրենց հյուրանոցը
համապատասխանում է 5 աստղանի հյուրանոցի չափանիշներին: Իսկ այն հարցին, թե
Տուրիզմի վարչությունն արդյո՞ք տրամադրել է աստղայնության լիցենզավորման
համապատասխան փաստաթուղթ, պատասխանեցին՝ ոչ։ Իսկ 4 աստղանի «Վալենսիա»
հյուրանոցի տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ պետք է իրավաբանի
հետ խոսի, որից հետո կպատասխանի մեր հարցին: Ավելի ուշ պատասխանեց, որ չեն
դիմել լիցենզավորման մարմնին, բայց տեղյակ են օրենքի այդ պահանջին եւ
պատրաստվում են դիմել լիցենզիա ստանալու համար: Ինչեւէ, ըստ պրն
Վարդանյանի, լիցենզավորման մարմինները պետք է մանրամասն
ուսումնասիրություններ կատարեն աստղայնության համապատասխանելիության
չափանիշները ստուգելու համար: Օրինակ, մասնավորապես 5 աստղանի հյուրանոցը
պետք է ունենա Կոնգրես դահլիճ, լողավազան, վերելակների կատարյալ
արագություն, ավտոկանգառ, մուտքի տանիքը մինչեւ փողոց անձրեւներից
պաշտպանող հարմարավետություն եւ այլն: Պրն Վարդանյանի հավաստմամբ՝
երեւանյան 20-ից ավելի հյուրանոցների մեծ մասը չի համապատասխանում իրենց
հայտարարած աստղերի հյուրանոցային չափանիշներին, եւ դա է պատճառը, որ չեն
դիմում լիցենզավորման մարմին: Առեւտրի եւ տնտեսական զարգացման
նախարարությունն արդեն ժամկետ է սահմանելու, որի ընթացքում հյուրանոցները
պարտավոր են դիմել լիցենզավորում ստանալու համար, հակառակ դեպքում՝
կիրառվելու են պատժամիջոցներ: Ինչ վերաբերում է հյուրանոցների
քանակությանը, ապա պրն Վարդանյանի կարծիքով՝ դրանք զբոսաշրջություն
զարգացնելու առումով շատ քիչ են, եւ Հայաստանը 10 անգամ ավելի շատ
հյուրանոցների պահանջ ունի: