Ֆուտբոլում՝ ինչպես քաղաքականության մեջ

15/10/2009

Երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ի վերջո մեկնեց Թուրքիա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղը: Բուրսայի օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Օդանավակայանից Սերժ Սարգսյանը նախ ուղեւորվել է «Հոլիդեյ ինն» հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ: Այնուհետեւ նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, որտեղ նրանց դիմավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հյուրանոցում կայացել է Սարգսյան-Գյուլ դեմառդեմ հանդիպումը, որին հետեւել են երկու երկրների պատվիրակությունների միջեւ բանակցություններն` ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Թուրքիայի նախագահի անունից Սերժ Սարգսյանի պատվին տրվել է ճաշ, որից հետո երկու նախագահները ուղեւորվել են Աթաթուրքի անվան մարզադաշտ, որտեղ էլ երեկ կայացավ այդքան սպասված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Ցավոք, ինչպես նախորդ անգամ` սեփական հարկի տակ, այս խաղը եւս ավարտվեց հայկական թիմի պարտությամբ` 0:2 հաշվով: Սակայն ավելի ցավալի էր այն, որ ամբողջ հանդիպման ընթացքում մեր թիմի խաղը շատ նման էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շփոթված վիճակին` շաբաթ օրը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ: Եվ միայն սպորտային լավատեսություն է պետք՝ հույս ունենալու համար, որ ֆուտբոլային դիվանագիտությունը եւս չի ավարտվի նման պարտությամբ: Եթե, իհարկե, այն արդեն չի ավարտվել: