Ամերիկյան հեղինակավոր «STRATFOR» վերլուծական կենտրոնը երեկ մի նյութ է հրապարակել, որը վերաբերում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ Ռուսաստանի դերին՝ մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում։ Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «STRATFOR»-ի հրապարակումը, որը շատերին կհետաքրքրի՝ հատկապես 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ անցկացված զուգահեռների առումով։
Հոկտեմբերի 10-ին Թուրքիան եւ Հայաստանը, հարաբերությունների կարգավորման ճանապարհին ձեռք բերեցին խորհրդանշական համաձայնություն։ Սակայն դեռ շարունակում են մնալ կարեւոր եւ խճճված խնդիրներ։ Դրանք ներառում են շարունակվող վեճը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի ներսում առկա բաժանումները, եւ իհարկե՝ Ռուսաստանի գործոնը, որը լայն ազդեցություն ունի այս տարածաշրջանում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի դիվանագիտական ջանքերին ՌԴ աջակցության համար։ Մոսկովյան հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա թուրք գործընկեր Ահմետ Դավութօղլուի՝ երկար սպասված ցյուրիխյան հանդիպումից հետո։ Հոկտեմբերի 10-ին արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկու արձանագրություն. մեկը՝ պաշտոնական կապերը զարգացնելու, իսկ մյուսը՝ երկու երկրների միջեւ սահմանը բացելու մասին։ Արձանագրությունները այժմ պետք է վավերացման համար ուղարկվեն այդ երկրների խորհրդարաններ։
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների այս հանդիպումն, անշուշտ, մեծ նշանակություն ուներ։ Սակայն ձեռք բերված համաձայնություններն իրենց բնույթով շատ ավելի խորհրդանշական էին. երկու երկրներն էլ խոչընդոտների են հանդիպում՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու ճանապարհին։
Ուշագրավ է, որ արձանագրությունների ստորագրումից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը ձախողվել էր։ Համաձայն «STRATFOR»-ի հայաստանյան աղբյուրների, Թուրքիան դժգոհ է այդ անարդյունք բանակցություններից, երբ Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի հարցը դեռեւս մնում է չլուծված։ Ադրբեջանը զգուշացրել է. եթե Թուրքիան գործարքի գնա Հայաստանի հետ՝ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը, ապա իրենք ամեն ինչ կանեն Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցնելու կամ խանգարելու համար։ «STRATFOR»-ի աղբյուրները նշում են, որ այժմ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Հայաստանին։ Գործընթացը շարունակություն չի ունենա, եւ սահմանը չի բացվի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի։ Սա բավականին մեծ սպառնալիք է Թուրքիայի կողմից, որը վկայում է այն մասին, որ ստորագրված արձանագրությունները կարող են հեշտությամբ մոռացության մատնվել եւ մի կողմ նետվել։
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ եւս գործարքի նկատմամբ մեծ դժգոհություն եւ այլակարծություն կա։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ հասարակությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում բաժանված է երկու մասի։ Դա հասկանալի է, քանի որ Ցեղասպանության հարցը դեռ հաստատուն տեղ ունի նրանց հավաքական մտածողության մեջ։
Հայաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, արդեն հայտարարել են, որ իրենք դեմ են Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունների վավերացմանը։ Ճիշտ է, այս երկու կուսակցություններին բաժին է ընկնում Ազգային ժողովի 131 տեղերից ընդամենը 23-ը, սակայն, «STRATFOR»-ի տեղեկություններով, այս հարցում երկու մասի է բաժանվել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը, որն ունի 64 պատգամավոր։
Ինքը՝ Սարգսյանը, ձգտում է բարեհաջող ավարտել կարգավորման գործընթացը, սակայն իր իսկ կուսակցության ներսում առկա խորը տարաձայնությունների պատճառով այդ ձգտումները կարող են խնդիրների առաջ կանգնեցնել ՀՀ նախագահին։ Ուշադրության արժանի հաջորդ իրադարձությունը հոկտեմբերի 14-ին կայանալիք խորհրդանշական ֆուտբոլային հանդիպումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ. կմեկնի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը («STRATFOR»-ի հրապարակումը լույս է տեսել երեկ՝ մինչեւ խաղի մեկնարկը.- խմբ.)։ Սարգսյանը նախկինում հայտարարել էր, որ խաղին կայցելի միայն այն դեպքում, եթե սահմանը բացված լինի։ Սակայն այժմ երեւում է, որ նա, ամեն դեպքում, կմեկնի Թուրքիա՝ անգամ փակ սահմանի պարագայում։
Այս քայլը բավականին հակասական կընկալվի հայ հասարակության կողմից, որն արդեն խորապես երկպառակված է։ Այն կարող է քաղաքական խնդիրներ ստեղծել, եւ անգամ՝ Սարգսյանի անձնական անվտանգությանն ուղղված սպառնալիք դառնալ։ Չնայած Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրում բավականին կայուն է, եւ նրան հաջողվել է արդյունավետ հավասարակշռություն հաստատել տարբեր խմբերի միջեւ, սակայն, ինչպես ցույց է տվել անցյալը, այլակարծությունը խորհրդարանում եւ ժողովրդի մեջ կարող է բացահայտ եւ բռնի դրսեւորումներ ունենալ։ Նման դեպք տեղի ունեցավ 1999թ., երբ զինված մարդկանց մի խումբ, հայտարարելով, որ իրենց զայրացրել են երկրում տիրող կոռուպցիան եւ աղքատ տնտեսությունը, նիստի ժամանակ ներխուժեցին խորհրդարան եւ սպանեցին վարչապետին (ով այն ժամանակ ղեկավարում էր այն կուսակցությունը, որի նախագահն այժմ Սարգսյանն է) եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ «STRATFOR»-ը չի ենթադրում, որ նման դեպք կարող է կրկնվել, սակայն հայկական քաղաքականությունը ցույց է տվել, որ կարող է անկանխատեսելի լինել։
Հակամարտությունների Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ որպես առանցքային խաղացող՝ շարունակում է հանդես գալ Ռուսաստանը։ Մոսկվան ակտիվորեն ներգրավված է բանակցություններում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էլ նախաձեռնողական դիրքորոշում է որդեգրել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների կազմակերպման հարցում։ Գալիք օրերին նախատեսվում են նոր հանդիպումներ՝ Մեդվեդեւի եւ այս երկրների ղեկավարների միջեւ։ Ռուսաստանը գիտի, որ կարող է ազդել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի վրա։ Ռուսաստանը նաեւ զգուշանում է Թուրքիայի մեծացող դերից, որը կարող է շատ խորը ներխուժել Կովկասում ռուսական ազդեցության գոտի։ Ընդ որում, բոլոր խաղացողներից Հայաստանը միակն է, որի վրա Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի։
Իհարկե, սա չի բացառում ֆորմալ համաձայնությունների ձեռքբերումը՝ ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սակայն, միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, որ նման համաձայնությունները կարող են չբխել Ռուսաստանի շահերից։ Մինչեւ Ռուսաստանն իր համար չորոշի, որ իր շահերը չեն տուժում, ամբողջ գործընթացը մնալու է օդից կախված վիճակում։