Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման առաջին իսկ քայլը` Արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, հոկտեմբերի 10-ին, ձախողման եզրին էր հայտնվել, երբ երկու երկրների արտգործնախարարներն առարկեցին այն հայտարարությունների դեմ, որոնցով նրանք պատրաստվում էին հանդես գալ ստորագրման արարողության ավարտին:
Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի փակման խոսքին, ՀՀ արտգործնախարարն իր բողոքն արտահայտեց, որ թուրքական կողմը մտադրվել է իր ելույթում Ղարաբաղի (Արցախի) եւ պատմական հանձնաժողովի վերաբերյալ անընդունելի հարցեր բարձրացնել: Իր հերթին՝ Թուրքիայի արտգործնախարարը բողոքեց, որ իր գործընկերը փորձում է հաստատել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումը հիմնված չէ «որեւէ նախապայմանի» վրա:
Ավելի քան 3-ժամյա լարված վայրիվերումներից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հաջողվեց ճնշում գործադրել ՀՀ-ի եւ Թուրքիայի արտգործնախարարների վրա եւ ստիպել ստորագրել Արձանագրությունները՝ առանց փակման խոսքի: Այժմ այդ ստորագրված Արձանագրությունները պետք է ներկայացվեն ՀՀ եւ Թուրքիայի խորհրդարաններին՝ վավերացման համար: Սակայն նախքան այդ վերջնական քայլը կատարելը հայկական կողմը պետք է հետեւյալ ինը քայլերը կատարի, որպեսզի հնարավորինս նվազեցնի Արձանագրությունների պատճառած վնասը ՀՀ ազգային շահերին.
1. Որեւէ հասարակական կազմակերպություն կամ ընդդիմադիր քաղաքական կուսակցություն պետք է դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Արձանագրությունների սահմանադրական լինելը: Այս նախաձեռնությունը պետք է իրավական պահանջից անջատ լինի, երբ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, թե արդյոք կոնկրետ որեւէ միջազգային պայմանագիր համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ:
2. Մինչ այս Արձանագրություններին անդրադառնալը, ՀՀ Ազգային ժողովը պետք է սպասի եւ հետեւի, մինչեւ առաջինն իր թուրք գործընկերը դրանք կվավերացնի:
3. Եթե Թուրքիայի խորհրդարանը «ողջամիտ ժամկետում» Արձանագրությունները չվավերացնի, ապա ՀՀ խորհրդարանը դրանք պետք է չեղյալ հայտարարի:
4. ՀՀ Ազգային ժողովը չպետք է վավերացնի Արձանագրությունները, եթե թուրքական խորհրդարանը վավերացման ժամանակ վերապահումներ կամ պայմաններ ավելացնի դրանց:
5. ՀՀ կառավարությունը պետք է ետ վերցնի այս Արձանագրությունները խորհրդարանական քննարկումից, եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացումը կապի դրանց հետ չառնչվող հարցերի հետ, ինչպիսիք են Արցախի բանակցությունները կամ Հայոց ցեղասպանության հարցը:
6. Հայոց խորհրդարանը Արձանագրություններին վերապահում պետք է ավելացնի, ամրագրելով, որ դրանք անվավեր կհամարվեն, եթե վավերացնելուց հետո Թուրքիան նախատեսված 60-օրյա ժամկետում չբացի Հայաստանի հետ սահմանը, կամ եթե այն բացելուց հետո կրկին փակի: Ըստ էության, նախագահ Սարգսյանը պարտավորվեց նման վերապահում ավելացնել՝ ի պատասխան Լոս Անջելեսում հոկտեմբերի 4-ին ամերիկահայերի առաջնորդների հետ կայացած հանդիպման ժամանակ կատարված իմ առաջարկի:
7. Նախքան Արձանագրությունների վավերացումը ՀՀ Ազգային ժողովը պետք է օրենք ընդունի, համաձայն որի՝ անօրինական կճանաչվի ցանկացած պետական մարմնի կամ գերատեսչության մասնակցությունը որեւէ միջոցառման, ուր կասկածի տակ կառնվի Հայոց ցեղասպանության իսկությունը: Սույն օրենքը կդիմակայի թուրք ղեկավարների եւ այլոց հայտարարություններն այն մասին, որ Արձանագրություններում նշված պատմական ենթահանձնաժողովը վերանայելու է Հայոց ցեղասպանության փաստերը:
8. Հայաստանի խորհրդարանը անօրինական պետք է ճանաչի ՀՀ որեւէ պաշտոնյայի կողմից Արցախի հարցում տարածքային զիջումների վերաբերյալ բանակցություններ վարելը, ստորագրելը կամ հավանություն տալը: Այս քայլը անհնարին կդարձնի Արցախի հարցում ՀՀ-ին զիջումներ անելու թուրքական բազում պահանջները՝ նախքան Արձանագրությունների վավերացումը:
9. ՀՀ Ազգային ժողովը պետք է չեղյալ հայտարարի Կարսի պայմանագիրը, որը ճնշումների տակ ստորագրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից: Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու շնորհիվ Արձանագրություններում կատարվող հղումը միջազգային համապատասխան պայմանագրերով սահմանված հայ-թուրքական սահմանին` այլեւս օրինական ուժ չի ունենա, եւ դա հետագայում չի խանգարի հայկական կողմին հողային պահանջներ ներկայացնելու Թուրքիային:
Չափազանց կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները իրականացնեն վերոնշյալ քայլերը, որովհետեւ զուտ բանավոր պաշտպանական բացատրություններ տալը չի վերացնում Արձանագրությունների կործանարար ազդեցությունը:
Քանի որ ՀՀ ղեկավարները չեն ցանկանում կամ չեն կարող վերաբանակցել եւ ուղղումներ մտցնել այս Արձանագրություններում՝ նրանց նկատմամբ կիրառվող միջազգային ճնշումների պատճառով, ինչպես տեսանք Ցյուրիխի ներկայացման ժամանակ, ապա առնվազն պետք է միջոցներ ձեռնարկել ՀՀ ազգային շահերին հասցվող վնասը նվազեցնելու համար:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր