Երեկ մեր խմբագրությունը «ԳԱՖԵՍՋՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ից Ջերալդ Գաֆեսջյանի ստորագրությամբ ստացել է մի նամակ, որտեղ վերջինս վստահեցնում է, որ իր եւ իր հիմնադրամի գործունեության մասին «168 Ժամի» նախորդ համարներից մեկում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ
«Հոկտեմբերի 8-ին տպագրված «Գաֆեսջյանը վերադառնում է» խորագրով Ձեր հոդվածը կեղծ է եւ խաբուսիկ: Ձեր հոդվածում նշված կոնկրետ անհատների հետ կապ հաստատելու փորձ չանելով` Դուք չեք պահպանել հիմնական լրագրողական չափանիշները: Գաֆեսջյան Ընտանիք Հիմնադրամի (ԳԸՀ), Թանգարանի եւ Հայաստանում ԳԸՀ-ի նախագծերից որեւէ մեկի մասին ցանկացած հոդվածի նյութի համար էական են հետեւյալ փաստերը.
ԳԸՀ-ն ավելի քան իրականացրել է Հայաստանին` ոչ պակաս, քան 20 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում կատարելու իր պարտավորությունը Կասկադի նախագծում, որն ընդգրկում է Թամանյանի այգին, Խորհրդային ժամանակաշրջանի Կասկադի կառույցը եւ Կասկադի վերին հատվածի հողատարածքը: Առ այսօր եզակի այս նախագծում ԳԸՀ-ն ներդրել է 43 միլիոն ամերիկյան դոլար: Հաջորդ ամիս ԳԸՀ-ն կտոնի Կասկադի պաշտոնական բացումը: Իմ առաջիկա Հայաստան այցի ընթացքում ես կհանդիպեմ նաեւ Նախագահ Սարգսյանի եւ կառավարության այլ պաշտոնյաների հետ` դիտարկելու Կասկադի վերին հատվածի հողատարածքի զարգացմանն առնչվող ԳԸՀ-ի ծրագրերը:
Ես պատրաստակամություն եմ հայտնում շարունակելու Կասկադի ողջ հողատարածքի վերազարգացումը: Հետագա տարիներին ԳԸՀ-ն կշարունակի աշխատել ինչպես Հայաստանի Կառավարության, այնպես էլ հետաքրքրված ներդրողների եւ դոնորների հետ` եզակի այս նախագիծը եւ իր հողատարածքը դարձնելու արվեստի միջազգայնորեն ճանաչված կենտրոն եւ հավաքատեղի` թե Երեւանի բնակիչների ու թե հյուրերի համար: Նման ծավալի եւ հավակնոտ ցանկացած նախագիծ էլ, անշուշտ, ենթադրում է դժվարություններ եւ պահանջում նպատակների եւ ժամանակացույցների վերանայումներ: ԳԸՀ-ն պատրաստ է դժվարությունների հաղթահարման:
Ինչ վերաբերում է ԳԸՀ-ի այլ ներդրումներին մեդիայի, ֆինանսական ծառայությունների, այլընտրանքային էներգիայի եւ անշարժ գույքի բնագավառներում, «168 Ժամը» ամբողջովին սխալ է ներկայացրել Հիմնադրամի նպատակն ու միտումը: Ես 128 միլիոն ամերիկյան դոլար եմ ներդրել` պոտենցիալ այլ ներդրողներին ցույց տալով, որ Հայաստանը ազատ ձեռներեցության հարմար վայր է` Հայաստանի ապագայի համար կարեւոր սեկտորներում հաջող բիզնես-մոդելներ զարգացնելով եւ ապա որոշ դեպքերում, ինչպես հաջողված ձեռնարկությունները տեղի ներդրողներին վաճառելով եւ փոխանցելով, այնպես էլ ստացված ցանկացած շահույթ 100%-ով վերաներդրելով` նոր դեմոնստրատիվ նախագծերում կամ Հայաստանում ԳԸՀ-ի շահույթ չհետապնդող նախաձեռնություններում: Ներդրում, վաճառք եւ վերաներդրում կատարելու այս շարունակական ցիկլը կարող է անվանվել գործարար բարեգործություն: Ես ոգեւորված եմ 2001 թվականից սկսած մինչ օրս Հիմնադրամի ներգրավվածությամբ եւ արդյունքներով Հայաստանում եւ անհամբերությամբ սպասում եմ մեր նախաձեռնած գործի շարունակությանը:
Հայաստանի հետ առնչվող իմ բոլոր նախաձեռնություններում ես միշտ էլ հենվել եմ իմ վստահելի գործընկեր եւ ընկեր Բագրատ Սարգսյանի վրա: CS Media-ն միասին մենք դարձրեցինք հեռարձակման եւ տպագիր պլատֆորմների միջազգային առաջատար ծավալ, որ օրական հասանելի է ավելի քան 5 միլիոն հայության մեր Հայրենիքի եւ Սփյուռքի շրջանակներում: Երեւանում Armenia TV-ի եւ Լոս Անջելեսում USArmeina TV-ի միջոցով մենք ստեղծեցինք հեռարձակման գերժամանակակից մի համակարգ եւ համաշխարհային չափանիշներին համապատասխանող այնպիսի ծրագիր, որ բովանդակային ու դեմոգրաֆիկ առումով վարկանիշային սանդղակում զուտ առաջատար դիրք է ապահովում: Եվ մենք ստեղծել ենք այս ժամանակակից կառույցները ու իրականացնում ենք մեր գործունեությունը եւ հեռարձակումները շահույթով: Մենք նաեւ Armenian Reporter-ը վերածեցինք հայ-ամերիկյան առաջատար մի տպագրության, որ յուրաքանչյուր շաբաթ առաքվում է ԱՄՆ Կոնգրես եւ Վաշինգտոնում որոշում կայացնող այլ պաշտոնյաների: ԳԸՀ-ի բոլոր մեդիա նախագծերում ես հենվել եմ Բագրատի բիզնես կարողությունների, նվիրվածության եւ նրա ցուցաբերած ստեղծագործական ջիղի վրա: Առաջիկա տարիներին Բագրատը եւ ես ընդլայնելու ենք մեր մեդիա-համագործակցությունը Հայաստանում, ԱՄՆ-ում եւ աշխարհի մնացած մասերում` շարունակելով հնարավորություններ փնտրել նրանց հետ, ովքեր կիսում են Հայաստանի համար մեր պայծառ տեսլականը: Մենք մեզանից երկու անձից բաղկացած մի նախագիծ ենք ներկայացնում, որ վառ օրինակն է, թե ժամանակի ընթացքում ինչեր կարող են իրականացնել երկու հայեր` մեկը Հայաստանից եւ մյուսը Սփյուռքից: Հակառակ Ձեր անհիմն հայտարարության` Բագրատը երբեւէ որեւէ տեսակի մասնակցություն չի ունեցել թանգարանի ֆինանսներին:
Բոլորովին վերջերս կատարած իր Սփյուռք այցի ժամանակ Նախագահ Սարգսյանը միջոցներ եւ հնարավորություններ ունեցող սփյուռքահայերին Նյու Յորքում կոչ էր անում ներդրում կատարել Հայաստանում եւ Արցախում` պահելու եւ պահպանելու մեր դժվարությամբ ձեռք բերած անկախությունը: Հենց դա էլ անում է ԳԸՀ-ն` սկսած 2001թ.-ից, եւ ջատագովն է շարունակելու այս գործը հավերժ»:
Խմբ. կողմից – Փաստորեն, նամակի հեղինակ պարոն Գաֆեսջյանը արձագանքել է հիմնականում մեր թերթի այն հրապարակմանը, որտեղ «Գաֆեսջյան հիմնադրամի» միջոցների վատնումների հետ կապված նշված էր նաեւ Բագրատ Սարգսյանի անունը: Նշենք, սակայն, որ մեր ներկայացրած տեղեկությունների համար հիմք էին հանդիսացել «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի ղեկավար կազմում նախկինում երկար տարիներ աշխատած Էդուարդ Պալասանյանի հարցազրույցում բերված փաստերը: Վերջինս, ի դեպ, հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել իր կողմից ներկայացված ցանկացած փաստի տակ: Պարոն Գաֆեսջյանը, սակայն, արձագանքել է ոչ թե այդ հարցազրույցին եւ դրանում մատնանշված կոնկրետ փաստերին, այլ, կրկնում ենք, դրանց արդյունքում մեզ հայտնի դարձած եւ նաեւ նախկինում հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որոնք առնչվում են «Արմենիա» հեռուստաընկերության համասեփականատեր Բագրատ Սարգսյանին: