Թուրքիայում շատացել են հայաստանցիները

15/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ցեղասպանության խնդիրը հիմա ավելի շատ Թուրքիայի ու թուրքական հասարակության հարցն է, ոչ թե Հայաստանի ու հայերի»,- ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումը չի դադարեցնի կամ դանդաղեցնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Նրա կարծիքով՝ եթե անգամ հայերը ոչ մի բառ չասեն ցեղասպանության մասին, այս մասին խոսելու են թուրք մտավորականների զգալի մասն ու հասարակության առաջադեմ հատվածը: Վերջին 5-10 տարիների կտրվածքով Բ. Էստուկյանը մեծ փոփոխություններ է տեսնում թուրքական հասարակության կենցաղի եւ քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ այդ փոփոխությունները վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքին: «10-20 տարի առաջ, երբ որեւէ հայ ամուսնանում էր թուրքի հետ, դա մեծ դժբախտություն էր համարվում այդ հայ ընտանիքի համար: Հիմա նման բան չկա, խառնամուսնությունների թիվը կտրուկ շատացել է»,- ասում է Բ. Էստուկյանը: Ստամբուլի ու ընդհանրապես Թուրքիայի հայ համայնքը, ըստ Բ. Էստուկյանի, շատ մեծ խնդիրներ ունի հատկապես հայերեն լեզվի իմացության առումով: «Մեծ մասը, որոնք իրենց հայ են համարում, հայերեն չգիտեն»,- ասում է նա: Սա է պատճառը, որ «Ակօսը» լույս է տեսնում հիմնականում թուրքերեն լեզվով, եւ 24 էջից ընդամենը 4-ն է, որ հայերեն է: «Մեր թերթը հիմնականում երկու խնդիր է լուծում: Քանի որ Թուրքիայի հայերի մի մեծ մաս հայերեն չգիտի, հայկական իրականության վերաբերյալ ինֆորմացիան մենք թուրքերեն լեզվով ենք ներկայացնում նրանց: Մեր թերթը լույս է տեսնում 6-7 հազար տպաքանակով, եւ ընթերցողների կեսը հայերն են: Բայց հատկապես վերջին տարիներին, Թուրքիայի մեջ կա մտավորականության մի մեծ խումբ, որն ուսումնասիրում է հայկական միջավայրը, հայկական իրականությունը կամ էլ ուզում է իմանալ, թե հայերն ինչպես են ներկայացնում ու ընկալում այս կամ այն իրադարձությունը, ներառյալ` պատմությունը եւ ցեղասպանության խնդիրը: Եվ ահա այս մարդկանց պահանջը բավարարելու համար է նաեւ «Ակօսը»,- ասում է Բ. Էստուկյանը` հավելելով, որ թերթի ընթերցողների գրեթե կեսը ազգությամբ հայեր չեն: Բ. Էստուկյանն ասում է, որ վերջին տարիներին հատկապես Ստամբուլում շատացել է ՀՀ-ից ներգաղթած հայերի թիվը: «Գալիս են, տարբեր աշխատանքներով են զբաղվում, հատկապես շատ թուրքերի տներում են աշխատում, օգնում նրանց: Մեծ մասը օրինական կարգավիճակ չունեն, գալիս են 30 օրվա վիզայով եւ հետ չեն գնում: Ու եթե Ոստիկանության հետ խնդիրներ առաջանան, հնարավոր է` արտաքսվեն Թուրքիայից»,- ասում է նա: Բ. Էստուկյանը հիմնավոր չի համարում ՀՀ-ում մեծ տարածում գտած այն կարծիքը, թե հայ կանայք Թուրքիայում հիմնականում մարմնավաճառությամբ են զբաղվում: «Դրանք ստահոդ ու բացարձակապես անհիմն մտքեր են, նման բան չկա: Իմ հաստատումներս հատկապես Ստամբուլի վերաբերյալ են: Ես այստեղ 1 չէ, 11 չէ, 111 չէ, 1000-ով հայաստանցիներ գիտեմ, որոնք բոլորն էլ իրենց պատիվով իրենց ընտանեկան հասկացողությամբ իրենց օրապահիկը ապահովելով կապրին: Հետեւաբար՝ այդ մարդկանց այդպես ներկայացնելը շատ մեծ անարդարություն է, շատ մեծ անիրավություն է: Ես չեմ կարող ասել, թե ընդհանրապես չկա, ամեն ազգի մեջ էլ կա, ինչպես որ Հայաստանում: Ամեն ընկերային հավաքականության մեջ էլ որոշ համեմատությունով ընդունելի պատկեր է, որ մարմնավաճառներ կամ, ասենք, նարկոմաններ լինեն: Կարեւորը համեմատություններն են: Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, ինձ ասացին` էստեղ հայ մարմնավաճառներ չկան, էստեղինները ռուս են: Բայց երբ որ ասում եք` 3 միլիոնանոց երկրի մեջ հայ մարմնավաճառներ չկան, դա աննորմալ է, պետք է որ լինեն, պայմանով, որ ընդունելի համեմատության մեջ լինեն: Հետեւաբար` Թուրքիա եկող կանանց մեջ այդ տեսակներն էլ կան, թող ըլլան, բայց համեմատության մեջ շատ նվազ են»,- ասում է նա:

Ստամբուլ-Երեւան