Ստամբուլում օրերս տեղի ունեցավ Հրանտ Դինքի դատավարության 11-րդ նիստը: Վերջին դատական նիստը տեղի էր ունեցել երկու ամիս առաջ:
Ինչպես նախորդ բոլոր նիստերի ժամանակ, այնպես էլ այս անգամ դատարանի շենքի մոտ հավաքվել էին ինչպես Դինքի ընկերները, պոլսահայեր, այնպես էլ թուրքեր ու այլ ազգերի ներկայացուցիչներ` «Պահանջում ենք արդարություն», «Ով սպանել է, պետք է դատվի» պաստառներով: Վերջին այդ նիստում նախատեսված էր Հրանտ Դինքի որդու հարցաքննությունը: «Վերջերս Թուրքիան գտնվում է շատ կարեւոր զարգացումների մեջ, որոնք նախապես նույնիսկ ենթադրել հնարավոր չէր: Սակայն դատավարության մինչ այժմ հասած կետը մտածել է տալիս, թե մեզանից պահանջում են Հրանտի սպանության ահավոր ոճիրն ու հետագա իրավաբանական խայտառակությունը անտեսել կամ մոռանալ: Հրանտի փաստաբանները նախորդ նիստի ժամանակ հայցով դիմել էին դատարանին: Ակնկալություններով ու համբերություններով անցած երկար ժամանակահատվածից հետո նրանք դատարանին հարցրեցին, թե ինչու է հապաղում այս դատի դատախազը: Ուշագրավ է իրականությունը հայտնաբերելու պատասխանատվությունը ստանձնած դատախազի մինչ օրս ցուցաբերած գործունեությունը: Նա իր պահանջները ներկայացնում է միայն Հրանտի փաստաբանների պահանջների ժամանակ եւ առհասարակ օժանդակում է Հրանտի փաստաբանների պահանջները մերժելու որոշումները»,- նշված է Հրանտի ընկերների տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Հրանտ Դինքի սպանության հետեւում կանգնածները Թուրքիայի պետական կառույցներում մեծ ազդեցություն ունեն եւ ամեն ինչ անում են, որ գործը մինչեւ վերջ չբացահայտվի ու դատվեն միայն սպանության անմիջական իրականացնողները: Այս մասին Հայաստանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դինքի ընտանիքի գլխավոր փաստաբան Ֆեթիե Չեքին: Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը 2008թ.-ին հասավ 18-ի, իսկ այժմ նրանց թիվը 20-ն է, որից 5-ը ձերբակալված են, իսկ մյուսները դատվում են ազատության մեջ: Բոլոր մեղադրյալներն էլ Տրապիզոն քաղաքից են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են սպանությունն անմիջականորեն իրականացնող Օգյուստ Սամաստի հետ: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ազգայնական «Էրգենեկոն» խմբավորման անդամներից ոմանց Հ. Դինքի փաստաբանները կասկածում են Դինքի սպանության գործում ներգրավվածության մեջ: Սակայն, ինչպես նշեց Ֆ. Չեքին, դեռ բավարար ապացույցներ չկան «Էրգենեկոնի» գործով ամբաստանյալներին Դինքի սպանության գործով մեղադրանքներ ներկայացնելու համար: «Կասկածներ ունենք, բայց մեղադրանք ներկայացնելու համար բավարար չեն»,- ասում է Ֆ. Չեքին: Ուշագրավ է, որ թեեւ Դինքի սպանությունից 3 տարի է անցել, սակայն այս գործով դատավարությունը շարունակում է գտնվել Թուրքիայի հասարակության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Թուրքական հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, նախկինում կատարված նմանատիպ սպանությունները մեկ տարի հետո մոռացվում էին, սակայն բարեբախտաբար այս գործը շարունակում է գտնվել ուշադրության կենտրոնում: 10-րդ դատական նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ 2009թ. հունիսին, շուրջ 5 հազար մարդ դուրս էր եկել ցույցի: Վերջին դատական նիստը, որ տեղի ունեցավ 2 օր առաջ, թեեւ դատավարության հետեւող ցուցարարների թիվը ավելի քիչ էր, բայց այս նիստն էլ տակավին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր»,- ասում է փաստաբանը: Նա այս երեւույթը բացատրում է թուրքական հասարակության մեջ վերջին 3-4 տարիներին կատարված դեմոկրատական տեղաշարժերով, որի շնորհիվ սպանության հասարակական արձագանքը սպանության կազմակերպիչների ակնկալածի ճիշտ հակառակը դուրս եկավ: Չեքին ասում է, որ Դինքի սպանության կազմակերպիչները պլանավորել էին ամեն ինչ` սկսած սպանության իրականացնողին անչափահաս ընտրելուց, վերջացրած` Ոստիկանության կողմից սպանության վերաբերյալ փաստերը թաքցնելուց ու հասարակության արձագանքից: Սակայն, եթե ոճրագործները հույս ունեին հասարակության մեջ վախ առաջացնել եւ ի սկզբանե խեղդել ազատ խոսքը, ապա, ըստ Չեքինի, տեղի ունեցավ նրանց այս սպասումների ճիշտ հակառակ երեւույթը, երբ երկրում սկսեցին ավելի ու ավելի շատ խոսել մինչ այդ արգելված բազմաթիվ թեմաներով, այդ թվում` ցեղասպանության թեմայով: Դինքի փաստաբանները համոզված են, որ սպանության հետեւում կանգնածները նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ու խոր արմատներ չունեն Թուրքիայի պետական կառույցներում, քան «Էրգենեկոն» կազմակերպությունն ուներ: «Շատ հավանական է, որ նույնիսկ «Էրգենեկոնի» մեծությունը գերազանցող ավելի խորը մի կազմակերպության հասնենք: Որովհետեւ «Էրգենեկոնի» գործով այսքան շատ փաստեր հայտնաբերվելով հանդերձ՝ Հրանտի դատավարության փաստերն ու դրանց մի մասի թաքցվելը մեզ մտածել է տալիս, որ կազմակերպիչները շատ ավելի խոր արմատներ ունեցող մարդիկ են: Այս կապերը մեզ տանում են պետության մեջ խարիսխ դրած ավելի խոր մի պետության հասկացողությանը»,- ասում է նա: Այն, որ Դինքի սպանության փաստերը թաքցվում են հատկապես Ոստիկանության կողմից, գլխավոր փաստաբանը վստահ է: Նա ասում է, որ թեեւ կան ցերեկվանից հետո եւ սպանության պահին դեպքի վայրի նկարահանումները, սակայն այդ օրվա առաջին կեսը նկարահանած տեսաերիզները չկան: Իսկ դրանք կարեւոր են, քանի որ Սամաստը, բնակվելով Տրապիզոնում եւ ծանոթ չլինելով Ստամբուլի այն վայրերին, որտեղ կատարվեց սպանությունը, ու երբեք նախկինում Դինքին տեսած չլինելով, առանց դժվարության իրականացնում է սպանությունը: Այսինքն` նրան այդ օրվա ընթացքում օգնել ու ծանոթացրել են տեղանքին: Կամ, ըստ Չեքինի, հայտնի է, որ փամփուշտներ ստանալու համար Սամաստը բջջային հեռախոսով հաղորդագրություններ է ստացել: Երբ Դինքի փաստաբանները ստացել են այդ հաղորդագրությունների բնօրինակները, դրանք տարբերվել են Դատախազության ներկայացրածից:
Հ. Չեքինը նշում է նաեւ, որ եթե իրենք դատարանում շարունակ պահանջներով ու հայցադիմումներով հանդես չգան, դատավարությունը կավարտվի եւ կդատվեն միայն ոճրագործության անմիջական իրականացնողները եւ չեն բացահայտվի կազմակերպիչները: Նա նաեւ վստահեցնում է, որ եթե, այնուամենայնիվ, դատական այս ատյանում արձակված դատավճիռը իրենց չբավարարի, իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան, այնուհետեւ` Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարին:
Ստամբուլ-Երեւան