Բոջոլյանը վատառողջ է

15/10/2009

Թուրքագետ, քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանի ընտանիքը կրկին ահազանգում է նրա առողջական վիճակի մասին: «Ամուսինս լուրջ բուժման կարիք ունի, որը քրեակատարողական հիմնարկում կամ դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ իրականացնել: Բոլորն էլ գիտեն այդ մասին, սակայն թույլ չեն տալիս լիարժեք բուժում ստանալ: Սա միանշանակ քաղաքական հետապնդում է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ամուսնուս նկատմամբ հետապնդումները սկսվել են Քոչարյանի օրոք, քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում ամուսնուս տեսակետներն ընդունելի չէին Քոչարյանի եւ նրա թիմի համար»,- երեկ «Ա1+»-ին ասել է Մուրադ Բոջոլյանի կինը` Լյուդմիլա Բոջոլյանը: Հիշեցնենք, որ Բոջոլյանը ձերբակալվել է 2002թ. հունվարի 26-ին` «Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու» մեղադրանքով, եւ ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամանակով: Դատապարտվելուց հետո Բոջոլյանն իր պատիժը կրում է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, եւ պարբերաբար տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց՝ բուժման համար: Ոչ բավարար բուժում ստանալու հետեւանքով 2005թ. քրեակատարողական հիմնարկում Բոջոլյանը սրտի կաթված է ստացել: «Ամուսինս լուրջ սրտաբանի կարիք ուներ»,- ասել է՝ տիկին Բոջոլյանը: Մուրադ Բոջոլյանը պարբերաբար հետազոտման է ենթարկվում, եւ բոլոր ստուգումների արդյունքում բժիշկները նշել են, որ սրտի վիրահատության անհրաժեշտություն կա, որը հնարավոր չէր կատարել բանտային պայմաններում: Վերջին հետազոտությունը կատարվել է այս տարվա հոկտեմբերի 7-ին` «Մեդլայն» բժշկական կենտրոնում: «Պարզվեց, որ անցած տարիների ընթացքում ձեռք բերված մի շարք հիվանդություններին ավելացել են եւս մի քանիսը: Բոջոլյանի մոտ առկա են հետինֆարկտային կարդիոսկլերոզ, ստենոկարդիայի 3-րդ աստիճան, խնդիրներ են առաջացել. լյարդի, երիկամների, արյան շրջանառության քրոնիկ խանգարում եւ այլն»,- նշել է նրա կինը: Ի դեպ, Բոջոլյանն, արդեն 2 տարի է, կրել է իր պատժի 2/3-րդ եւ այդ ընթացքում որեւէ խախտում չի կատարել: Այսինքն, ցանկության դեպքում համապատասխան հանձնաժողովը նրան կարող է վաղաժամ ազատ արձակել: Վերջին 2 տարիների ընթացքում ՔԿՀ-ն Բոջոլյանի ազատ արձակման հարցն ընդամենը մեկ անգամ է ներկայացրել համապատասխան հանձնաժողովին, որը քննարկվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հարցի հետ մեկտեղ: Բոջոլյանի հարցը մերժվել է առանց որեւէ պատճառաբանության, իսկ Բոջոլյանի ընտանիքին բանավոր հայտնել են, որ չէին կարող միաժամանակ երկուսին էլ ազատ արձակել: