Անժիկն իր կյանքից ամաչում է, որովհետեւ իր պարտությունից տուժում է իր կյանքը: 57 տարեկանում հասկացել է, որ իրեն բաժին հասած կյանքի առաջ ինքը մնացել է սեւերես: Ասում է` «Կյանքիս ձեռքը կրակն եմ ընկել. ոնց որ ջարմա լինեմ իմ կյանքի համար: Ճիշտն ասած` մեռնել եմ ուզում»: Երիտասարդ տարիներին Անժիկը կամքի ուժ ունեցող, հաստատուն կին էր, բայց հիմա թույլ ու խոցելի է, որովհետեւ ամեն տարիքի հետ հաղթահարել է մի անարդարություն, արդեն սպառվել է: 4-րդ գյուղի երկաթե վագոնում ապրող Անժիկը երիտասարդ տարիներից սկսած կռվում է: Կռվում է ապրելու համար, բայց ստացվում է այնպես, որ ոչ հաղթում է, ոչ էլ` մարդավարի ապրում: Ուրեմն` պարտվել է, դրա համար էլ զինաթափ եղած ուզում է մեռնել: Երբ ջահել էր` կռվում էր ծնողների հետ, որովհետեւ իրեն «տունը մնացած աղջիկ» համարող հայրը որոշել էր աղջկան այդ պիտակից ազատելու համար ամուսնացնել նախկինում ամուսնացած, ամուսնալուծված ու երեխաներ ունեցող մի տղամարդու հետ: «Ախր ես էնքան ռոմանտիկ, կիրթ աղջիկ էի: Չէի կարող առանց սիրելու ամուսնանալ. մտածում էի՝ ավելի լավ է չամուսնանամ, քան տարիքի համար առանց սիրելու զոհ գնամ: Բայց հերս ծեծելով, ջարդելով ինձ մարդու տվեց մի հետամնաց տղամարդու, որը երեխեք ուներ ու ինձ մի ամիս պահելուց հետո հանեց, դուրս շպրտեց, միացավ նախկին կնոջ հետ: Անկեղծ ասած` ես էլ չհասկացա, թե ինչի հետս ամուսնացավ»,- տարակուսած պատմում է մտքերն ի մի բերելու համար մի քիչ լարված ու կենտրոնացած կինը: Մեկ ամիս ամուսնական կյանքն անցկացնելուց հետո Անժիկը հայտնվեց փողոցում, որովհետեւ հոր համար «տունը մնացած աղջկանից» առավել անընդունելի էր «տարած-հետ բերած» աղջկան հայրական տանը տեղ տալը: Ամուսնու տնից վռնդված Անժիկը վռնդվեց նաեւ հայրական տանից, մանավանդ, որ եղբայրն էլ կին ու երեխաներ ուներ: Ռոմանտիկ, գրքերի, հատկապես պոեզիայի սիրահար Անժիկի անձնական կյանքը դասավորվեց այնպես, որ փողոցներում հայտնվելով` միակ բանը, որ նրան դուր եկավ, քայլելն էր: Սոված, ծարավ, վիրավորված ու դժբախտացած Անժիկի համար բոլոր դռները փակվեցին ու բոլորն իրենից երես թեքեցին` ընդհուպ մինչեւ անգամ քույրերն ու եղբայրները: Մի քանի հնամաշ իրերի տոպրակը ձեռքին անընդհատ քայլում էր: Ամեն քայլի հետ վերհիշում, վիրավորվում, չարանում ու լաց էր լինում: Իսկ, երբ մեքենաների հարվածներից մի կերպ փախնում էր ու արժանանում էր վարորդների կշտամբանքին` սառած կանգնում էր. «Սկսեցի հասկանալ, որ էդ անվերջ քայլելու իմ ցանկությունը մի քիչ տարօրինակ ա, որովհետեւ նորմալ մարդը ո՞նց կարա առավոտից իրիկուն քայլի ու չհոգնի: Ու հետո անընդհատ ավարիայի իրավիճակ էի ստեղծում, բայց չէի հասկանում, թե ո՞նց եղավ: Քանի անգամ ավտոյի տակ ընկնելուց եմ փրկվել»: Մի խոսքով` Անժիկի անվերջ քայլելու ցանկությունը հասավ մի կետի, երբ նա քայլելով հասնում էր մի տեղ, որտեղից չէր կարողանում վերադառնալ քաղաքի իրեն ծանոթ հատվածները: Մեկ-մեկ էլ առավոտյան այգում քայլելիս նստում էր նստարանին ու, երբ սթափվում էր` հասկանում էր, որ մթնել է: Անջատումներ էր… Քայլելու հակումն Անժիկի մոտ սթրեսների ու հոգեբանական ծանր ապրումների արտահայտությունն էր, քանի որ ոչ ադեկվատ այդ երեւույթը հոգեբույժները գնահատեցին որպես նյարդային համակարգի լուրջ խնդիրների հետեւանք: «Մի օր արթնացա, տեսա՝ հոգեբուժարանում եմ: Ես գիժ չեմ, ճիշտ եմ ասում, ուղղակի չդիմացա, ուղղակի ներվերս քայքայվեց: Հավատում ես, չէ՞, ինձ…»: Հոգեբուժարանում 24 օր անցկացրած եւ բուժօգնություն ստացած Անժիկին տեղափոխեցին հայրական տուն, որտեղ հանգրվանելու ընթացքում Անժիկը նախընտրեց կրկին հոգեբուժարան տեղափոխվելը. «Հայրս ծեծում էր: Էդ տարիքիս էլ հանգիստ չունեցա, անասունի պես ինձ ոտնատակ էր տալիս: Անկեղծ ասած` ես ներող մարդ եմ ու, եթե հայրս էդքանից հետո ինձ լավ վերաբերվեր` ես կներեի, բայց… Շաբաթներով սոված էի մնում, դրա համար էլ ես սովոր եմ սովին. հիմա սովին դիմանում եմ, կոփված եմ»: Ամեն օր հոգեմետ դեղահաբերով նյարդերը հանգստացրած Անժիկի համար հայրական տանը՝ որպես «գնացած հետ եկած», դեռ մի բան էլ՝ հոգեկան հիվանդի պիտակով կարգավիճակը վերջնականապես կյանքը վերածեց մղձավանջի. «Մի օր նորից աչքերս բացեցի հոգեբուժարանում: Էս կյանքում ես չիմացա, թե որն ա իմ տունը: Իմ տունը երեւի հոգեբուժարանն ա, որովհետեւ հիմա, երբ զգում եմ, որ վատանում եմ` իմ ոտքերով գնում եմ էնտեղ: Գիտե՞ս, իմ ծանոթներն ու մտերիմներն ինձ տեսնում են, թե չէ` աչքները լցվում ա: Ասում են` Անժի՛կ, էս դո՞ւ ես»: Անժիկի ծանոթներից մեկը հոգեբուժարանից երկրորդ անգամ դուրս գրված Անժիկին մի երկաթե վագոն նվիրեց, որը հավանաբար էս կյանքում Անժիկի համար ամենաթանկ նվերն է: 4-րդ գյուղում մի ազատ տարածք գտած Անժիկը վագոնը տեղադրեց ու արդեն 17 տարի ապրում է մի վագոնում, որտեղ երբեք լույս ու ջուր չի եղել: Ասում է` ամենասարսափելին մթությունն է, որովհետեւ խավարի ստվերները նման են իր կյանքում տեղ գտած դժբախտություններին: Ամեն երեկո Անժիկը վառում է լամպն ու այն անջատում է միայն լուսաբացին, որովհետեւ մի փոքրիկ լույսն իրեն հուսադրում է: Ասում է` «Սալյարկով եմ վառում, բայց էդ աննշան լույսը սիրում եմ, դա ինձ ապրելու հույս ա տալիս: Եթե լամպը լրիվ անջատեմ` կհայտնվեմ հոգեբուժարանում,- ասում է Անժիկն՝ ամեն մի միտքն արտահայտելուց հետո ավելացնելով,- Ես գիժ չեմ»: Անժիկը գիժ չէ, պարզապես ծանր ու դժվար կյանք ապրած կին է, որն էս կյանքից ընդամենն ուզում է հանգստություն: Ասում է` իրեն բուժում է խաղաղությունը, երբ լուռ ու անխոս մթնոլորտ է: 17 տարի երկաթե վագոնում ապրող Անժիկին այսօր սպառնում են այդ տարածքից վռնդել, քանի որ 4-րդ գյուղի «Նորիկի փողոցի» այդ հատվածի հողատարածքը պատկանում է ուրիշին: «Ասում ա` դոմիկդ հանելու ենք շպրտենք: Իրա հողն ա, տուն ա կառուցելու, բան չունեմ ասելու, բայց նեուժե՞լի էս կյանքում, էս հողում մի հատ մարդու տեղ չկա: Էստեղից վռնդում են, էնտեղից դուրս են շպրտում…»,- հուզված ասում է Անժիկը, ով տարիներ շարունակ դիմում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարան, Երեւանի քաղաքապետարան՝ հանրակացարաններից մեկում սենյակ հատկացնելու խնդրանքով, բայց մշտապես մերժվում է: Հարցնում եմ` «Իսկ երեխա չունեցա՞ք»: Վախեցած պատասխանում է` «Վա՛յ, վա՛յ, ի՞նչ երեխա… եթե ես երեխա ունենայի` մեղքի տակ էի ընկնելու: Ախր ես իմ կյանքի ձեռքն եմ կրակն ընկել, բա որ երեխա ունենայի: Իմ կյանքում միակ բանը, որ ճիշտ ա եղել` դա էն ա, որ Աստված ինձ երեխա չի տվել: Հավատա, որ երեխես մեղք կլիներ, եթե իմ հետ ապրեր»: Անժիկը գրքերի սիրահար է: Երիտասարդ տարիներին տրցակներով գրքեր էր կարդում, բայց հիմա չի կարողանում` ուղեղը լարվում, նյարդայնանում է: Երբ նյարդայնանում է` վերցնում է շյուղերն ու գործում է, քանդում է, գործում-քանդում է: Այդպես նյարդերը հանգստանում են: Ասում է` «Մայրս 90 տարեկան անկողնային հիվանդ ա: Հիմա մեկ-մեկ գնում խնամում եմ: Ճիշտն ասած` չեմ կարա իրանց նման լինեմ ու լքեմ իմ հարազատին: Երեւի հոգուս խորքում ես իրանց ներել եմ, որովհետեւ սիրտս չի տանում, ինչ էլ լինի՝ մայրս ա: Մի երկու անգամ հերս էլի վռնդել ա, ծեծել ա, բայց գալիս նեղացած լացում` էլի գնում եմ»: 2-րդ կարգի հաշմանդամ Անժիկ Խաչատրյանը ստանում է 10.000 դրամ հաշմանդամության թոշակ եւ 10.000 էլ` ընտանեկան նպաստ: Ամբողջ գումարը ծախսում է մոմի, նավթի վրա ու քաղցած ապրում է, որովհետեւ ինքը սովին դիմանալուն սովոր է: Անժիկի վագոնը սոսկալի է: Կարտոններից պատեր, հատակ ու առաստաղ: Անապակի պատուհաններ, որտեղ ձմռանն ապրելը նույնն է, թե դրսում ապրես: Փալասներ ու ջրի տարաներ, որոնք ամեն օր գրկած՝ Անժիկը ահագին հեռվից ջուր է կրում: Ասում է` «Գիտե՞ս, որն ա երազանքս: Ես էնքան եմ սիրում կրթված, գրագետ մարդկանց: Երազում եմ, որ գրագետ ընկերուհի ունենամ, որն ինձ սիրի: Չզզվի ու չխուսափի ինձնից, գա, նստենք ու զրուցենք: Օրինակ` հիմա կիսվում, թեթեւանում եմ, չէ՞, ոնց որ էս աշխարհի երջանիկ մարդը լինեմ: Մոռանում եմ դժբախտությունների մասին ու ինձ լավ եմ զգում»: Անժիկը ժպտում է ու էդ ժպիտի տակ թաքնված պատմությունները ոչինչ են այս կնոջը իրեն երջանիկ զգալու համար պարգեւած այդ մի քանի ակնթարթների դիմաց: Անժիկին շատ բան պետք չէ երջանիկ ապրելու համար, ընդամենը մի ընկերուհի, որը համբերատար իրեն կլսի: Որը չի խորշի Անժիկի վագոնի անտանելի պայմաններից ու մի քիչ էլ գրագետ կլինի: Անժիկին ապրելու համար մի բան էլ է պետք: Գոնե էս մի կռվի մեջ հաղթանակ: Հիմա էլ վագոնից Անժիկին վռնդում է վագոնի փայտե հատակի տակ ձագեր ծնած փողոցային շունը: Ասում է` «Վախենում եմ, գիշերվա կեսին սկսում ա հաչալ, հարձակվել: Ինչքան վախեցնում, քշում եմ` էլի գալիս ա վագոնի տակ: Մի օր քնած տեղս աչքերս բացեմ` տեսնեմ բարձրացել ա վերեւ: Նենց հարձակվեց… վախից գնացի հոգեբուժարան: Ես շատ շուտ եմ վատանում, որովհետեւ ներվերս թղթի նման են դարձել»: Անժիկն ու ձագեր հանած շունը հիմա պայքարում են: Համատեղ կյանքն Անժիկը չի պատկերացնում միայն այն պատճառով, որ շունն Անժիկի հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ խաղաղությունը խախտում է անասնական իր բնազդով: Ժամանակ առ ժամանակ շանը վռնդում է, բայց ձագերին «տնավորած» շունը նախահարձակ է լինում: Անժիկը կրկին կանգնել է վռնդվելու վտանգի առաջ: Ուզում է այս անգամ ինքը հաղթող դուրս գա: Էս զավեշտալի հաղթանակն անգամ Անժիկին կհզորացնի: Անժիկն ընդամենը պետք է հաղթահարի գերզգայուն վախն ու առաջ գնա: Հաղթանակից ու ինչ-որ արգելք հաղթահարելուց հետո ազատության զգացումն այս կնոջ կյանքում օդի պես անհրաժեշտ է: Թեկուզ իր վագոնում ապրող շան հետ պայքարում…