Երեխաներից սկսած, վերջացրած օլիգարխներով

14/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հոկտեմբերի 25-29-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվելու է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը: Փառատոնն իր մեջ ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ է ներառելու, այլեւ բազմազան ծրագրեր է փորձելու իրականացնել:

«Արեւորդիի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը վստահ է, որ միայն ֆիլմերի դիտմամբ չի ստացվի էկոլոգիական լուրջ խնդիրներ լուծել. «Մենք սկզբից դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի հետագայում այդ դաշտի վրա հիմնվենք»: Անհատների ուժերով իրականացվող էկոլոգիական պայքարը սակավ արդյունավետ է լինում, քանի որ գործելու դաշտ չկա: Մանավանդ մեր հանրապետությունում, որտեղ օրենքներն այնքան արագ են փոփոխվում, որ անընդհատ օրենքը շրջանցելու նոր ճանապարհներ են բացվում: «Մարդիկ դժվարությամբ են հասկանում, թե ի՞նչ է նշանակում վայրի բնության պահպանությունը կամ ի՞նչ է նշանակում շրջակա միջավայրի պահպանումը: Եվ արդյունքում՝ չենք իմանում, թե ինչպե՞ս է հարկավոր իրավաբանորեն պայքարել էկոլոգիական աղետների դեմ»,- ասում է Ռ.Խաչատրյանը: «Արեւորդին» մարդու ու միջավայրի ներդաշնակումը Հայաստանի մարզերում էկո-ակումբներ ստեղծելուց է սկսել: Կրթական-աշխատանքային խմբերում միահյուսված են էկոլոգիան ու լրագրությունը, երեխաները բնապահպանական խնդիրներ ուսումնասիրելով` սովորում են դրանց մասին բարձրաձայնել ու սեփական ուժերով ֆիլմեր նկարահանել: Միգուցե տարիներ անց այդ երեխաներից ոմանք խորհրդարանի պատգամավորներ կամ լուրջ իրավաբաններ դառնալով` փոքր-ինչ ավելի հեռանկարային ու գիտակ որոշումներ կընդունեն` մտածելով, որ բնության սպառումը անվերջ ու անհետեւանք լինել չի կարող: «Արդյոք էկո-ակումբներն իրոք կարողանո՞ւմ են կոնկրետ քայլեր անել» հարցին Ռ.Խաչատրյանը պատասխանում է. «Իրենց գյուղերում երեխաները շատ բան են կարողանում փոխել: Օրինակ, հավաքում են պլաստիկ շշերն ու տոպրակները, որոնք սովորաբար գետեր են նետվում ու հանձնում են դրանք վերամշակման գործարանին: Ամբողջ աշխարհում պլաստիկ թափոնները լուրջ եւ բավականին թանկ հումք են համարվում, իսկ մենք ոչ միայն չենք կարողանում դրանից օգտվել, այլեւ աղտոտում ենք մեր շրջապատը: Երեխաները նաեւ ծառատունկեր են իրականացնում»: Փառատոնի օրերին էկո-ակումբները հանդես կգան առանձին տաղավարներով ու կներկայացնեն իրենց մտքի արգասիքները` թափոններից վերամշակված ապրանքատեսակները` բացիկները, քանդակները, արեւային էներգիայով աշխատող մետաղյա սարքերը: Իսկ վայրի կենդանիների պաշտպանությանը միտված քայլերը մեկնարկելու է դիմակահանդեսի ձեւաչափով: Պատանիները կենդանիների կաշվի մեջ են մտնելու ու զգեստավորված երթ են կազմակերպելու Երեւանի փողոցներում: Լավ կլինի, իհարկե, որ այդ երթը կարողանար մինչեւ Երեւանի Կենդանաբանական այգի հասնել ու ահազանգեր նաեւ վանդակներում պահվող կենդանիների խնդիրների մասին: Սակայն այդ գաղափարը դեռ հեռու է իրականությունից: Այս տարի իրականացվելու է բնության առաջին տարրը խորհրդանշող «Ջուր» գաղափարը, որը պետք է արտացոլվի լուսանկարչական աշխատանքներում: Լուսանկարների այս մրցույթում (որի հաղթողներին տրվելու են գումարային պարգեւներ), ջուրը շատ լայն է դիտարկվելու: Կաթիլը, ամպակույտերը, հսկայական սառցաբեկորները, գահավիժող ջրվեժը, արագահոս գետը կամ թեկուզ առավոտվա ցողը կարող են ընդգրկվել աշխատանքներում ու միաժամանակ` հիացնել գեղեցկությամբ ու լուրջ հիմնահարցեր բարձրացնել:

«Արեւորդի» փառատոնի աշխատաոճը միտված չէ արագ արդյունք ստանալուն, Ռ.Խաչատրյանն ասում է, որ իրենք ավելի շուտ ցանկանում են մեսիջներ տարածել ու հագեցնել դաշտը ինֆորմացիայով: «Մեսիջը հենց երեխաներն են տարածում, թեկուզ իրենց ծնողների, հարեւանների շրջապատում, բայց տարածում են: Իսկ մենք փորձում ենք օգնել նրանց տեսնել, հետո վերլուծել, քննադատել տեսածը: Մեր իրական նպատակը երեխաներին ոգեւորելն է: Երեխաները շատ արագ տեսնում են այն երեւույթները, որոնք իրենց տեղում չեն (աղբը, ջուրը, մարդկային հարաբերությունները): Նրանք կարող են կոտրել համատարած անտարբերությունը: Եվ անում են դա, թեկուզ նրանով, որ ուսումնասիրում են շրջապատը: Եթե 20 տարի առաջ փորձեինք խրախուսել նրանց վերլուծելու ու քննադատելու ունակությունները, այսօր այսքան շատ բնապահպանական աղետներ չէինք ունենա»,- ասում է նա: Էկոլոգիական խնդիրների մասին պատմող ֆիլմերը փառատոնի օրերին անպայման ավարտվելու են քննարկումներով: Դպրոցականների այցը կինոթատրոն ոչ միայն անվճար ու ցանկալի է լինելու, այլեւ որոշ իմաստով` պարտադիր: «Արեւորդին» բանակցում է Երեւանի քաղաքապետարանի հետ` կինոդիտումները որպես դասաժամ ներկայացնելու համար: Երեխաներին հնարավորություն է տրվելու հարցեր տալ ֆիլմերի հեղինակներին, իրավաբաններին ու բնապահպաններին: Օրինակ, «Հիմարների դարաշրջան» անգլիական ֆիլմը, որը ընդգրկվել է փառատոնի ծրագրում, կարող է շատ հարցեր բարձրացնել: Ֆիլմը պատմում է ապագայում տեղի ունեցող ջրհեղեղի մասին, որից հետո երբեմնի հարուստ բնաշխարհ ունեցող մոլորակի կյանքի մասին տեղեկություն է մնացել միայն փոքր կղզի-գրադարանում: Եվ ապագայի Նոյերը իրենց տապանը կարող են հավաքել միայն գրքերի տեսքով, քանի որ իրենց պապերը ոչնչացրել են բնությունը:

«Արեւորդին» ֆիլմերի ընտրությամբ` նպատակ ունի երիտասարդ հայերին հետազոտելու, ուսումնասիրելու ու վերջիվերջո սեփական հողակտորի համար պատասխանատվություն կրելու մղել: Հոկտեմբերի 25-ին փառատոնը կբացվի լուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանի ու պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ստեղծած «Տունը» ֆիլմով, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 5-ին` միանգամից Երկրագնդի տասնյակ խոշոր քաղաքներում: «Տունը» վիզուալ շեդեւր է, գեղեցիկ ու մտահոգիչ մի պատկերաշար, որը ստեղծվել է երկու տարվա ընթացքում մեր մոլորակի վրա արված ֆոտո ու տեսանկարահանումների արդյունքում: Յան Արտյուս Բերտրանը, ում ֆոտոաշխատանքներին ծանոթանալու ու հեղինակի հետ շփվելու շանս հայաստանցիները ունեցան մի քանի տարի առաջ, վաղուց արդեն աշխարհում բնությունը լուսանկարող անգերազանցելի վարպետ է համարվում: Նա լուսանկարում է բարձունքից, այն կետից, որտեղ սավառնում են թռչուններն ու լողում են ամպերը: Դրա շնորհիվ մեր մոլորակի վրա կատարվող յուրաքանչյուր փոփոխություն միանգամից ընկալվում է ավելի խորն ու սիմվոլիկ: Եթե ինչ-որ տեղ մարդը սխալ միջամտություն է անում, ապա դրա արձագանքը զգացնել է տալիս նաեւ հեռավոր անկյուններում, քանի որ փոխվում է Երկրագնդի խորհրդավոր նախշապատկերը եւ բնության մեջ հայտնվում են «սեւ անցքերը»` ամայի ու մահացած հատվածները: Երեւան կատարած այցելության ժամանակ Բերտրանն ասել էր, որ երբ առաջին անգամ տեսավ տիեզերքից նկարահանված Երկիր մոլորակի պատկերը, իր համար միանգամայն հստակ դարձավ, որ «բոլորս շաղկապված ենք բնությամբ, եւ ուր էլ լինենք, ինչ էլ անենք` միեւնույն է, պետք է ընդունենք, որ մեկ տան բնակիչներ ենք»: Բերտրանը ոչ միայն ալբոմներ, գրքեր ու ցուցահանդեսներ է կազմակերպում, այլեւ իր հսկայական լուսանկարների բացօթյա ցուցադրում-ակցիաներ է նախաձեռնում: Նա վստահ է, որ մարդկությունը շոկային էֆեկտի կարիք ունի: Եվ պետք է ընդունի, որ Երկրագնդին հասցված վերքերը դժվար են վերանում, ավելի շուտ դրանք սպիանում են ու որպես ժառանգություն՝ փոխանցվում են մեր երեխաներին: «Տուն» ֆիլմը շլացուցիչ գեղեցիկ կադրեր է պարունակում: Այս ֆիլմը անպայման պետք է դիտելու գնալ երեխաների հետ: Թող տեսնեն, որ յուրաքանչյուր մարդ ընդամենը ավազի մի հատիկ է, եւ ինչպես մանկական կոնստրուկտորներում է լինում` յուրաքանչյուր մանր դետալ իր ուրույն տեղն ունի համաշխարհային կառույցում: Եթե կորչում է մի «վինտիկը», կառույցը փուլ է գալիս:

Մեր տարածաշրջանում միայն Հայաստանն ունի բնապահպանական փառատոն (Թուրքիայում, օրինակ, նման փառատոն կար, սակայն այն փակվեց` չդիմանալով ճնշմանը): Ռ.Խաչատրյանը հույս ունի, որ Հայաստանը կարող է խթանել տարբեր ազգերի էկոլոգների երկխոսությունը: Ընդհանրապես բնապահպանությունն այնքան է սոսնձված քաղաքականությանը, որ թվում է՝ սայլը տեղից շարժելու համար ահռելի ուժեր են հարկավոր: Հայաստանի իշխանավորներից շատերը խոշոր արտադրողներ են, իսկ դա նշանակում է, որ էկոլոգիական մաքրությունը միշտ զիջելու է տնտեսական շահին: Սակայն Երուսաղեմի հոգեւոր ճեմարանում ուսանած Ռուբեն Խաչատրյանը վստահ է, որ բիզնեսի վրա ազդելու տարբեր լծակներ կան: «Եթե ինչ-որ բան կարող է կոտրել քաղաքական կարծրատիպերը, ապա դա անկասկած հենց էկոլոգիան է: Բիզնես կառույցների համար հիմա ոչ այնքան արագ շահ ստանալն է կարեւորվում, որքան մտահոգությունը, թե ինչպես անել, որ միջազգային հիմնադրամներից խոշոր աջակցություն տրամադրեն իրենց: Չէ՞ որ ներդրում անելուց առաջ միշտ ուշադրություն է դարձվում տվյալ բիզնեսի էկոլոգիական մաքրությանը: Երբ արտադրողը ստանում է «կանաչ» պիտակը, դա արդեն վկայում է արտադրողի իմիջի մասին ու Համաշխարհային բանկի կողմից նոր ներդրումների հոսք է ապահովում: Առանց այդ պիտակի շուտով ուղղակի հնարավոր չի լինի ապրանք վաճառել համաշխարհային շուկայում»,- ասում է նա:

«Արեւորդիի» շրջանակներում այս տարի անցկացվելու է սեմինար «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով, որի նախաձեռնողը «Վիվա Սել» ընկերությունն է: Ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանի ցանկությամբ` տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ եւ առեւտրային կանոնների ու էկոլոգիայի միջեւ եզրեր կանցկացվեն: