Վավերացումից թռնելու ժամանակը

12/10/2009

Շաբաթ օրը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այս հարցի հետ կապված քննարկումները մտել են նոր փուլ: Երեկվանից գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները խոսում են Ազգային ժողովի կողմից այս արձանագրությունների վավերացումը կանխելու անհրաժեշտության մասին: ՀՅԴ-ն հայտարարում է «բոլոր միջոցներով» վավերացումը կանխելու վերաբերյալ, գրեթե նույն տոնայնությամբ խոսում են նաեւ «հայրենասիրական ընդդիմության» ներկայացուցիչները, Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում է ընդհանրապես այս գործարքի անթույլատրելիության մասին` ըստ էության բովանդակային գնահատական չտալով դրան, եւ այլն, եւ այլն: Այսինքն` այս փուլում իրադարձությունները զարգանում են վավերացումը կանխելու ուղղությամբ: Նման տրամադրվածություն ունի նաեւ իշխանությունը: Համենայնդեպս, երեկ ՀՀԿ-ականների մեծ մասը հայտարարում էր, թե մեր ԱԺ-ն վավերացման հարցում պետք է սպասի Թուրքիային, «գնդակը Թուրքիայի դաշտում է», եւ այլն: Մինչդեռ, իրականում շատ հնարավոր է, որ ԱԺ-ում այս արձանագրությունների վավերացումը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ամենաշահեկան քայլն է: Եթե ընդունենք, որ իրականությանը համապատասխանում են իշխանության հավաստիացումները, որ այս արձանագրությունները շահեկան են Հայաստանի համար եւ վտանգներ չեն պարունակում, ապա ԱԺ-ն արագացված ռեժիմով պետք է վավերացնի դրանք: Եթե ընդունենք, որ իրականությանը համապատասխանում են Դաշնակցության եւ ընդդիմության ահազանգերը` արձանագրությունների կործանարար լինելու մասին, ապա առավելեւս պետք է դրանք արագ վավերացնել եւ անել ամեն ինչ, որ մերժողը լինի թուրքական կողմը, եւ գործընթացը վիժեցվի Թուրքիայի միջոցով: Իհարկե, դա չափազանց բարդ, սակայն, թերեւս, միակ հնարավորությունն է անբարենպաստ վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Քանի որ անկախ նրանից` լավ է դա, թե վատ` ակնհայտ է, որ Հայաստանն արդեն «շատ է խորացել» այս գործընթացի մեջ եւ դրանից հետ կանգնել չի կարող: Մի խոսքով, երկու դեպքում էլ` արձանագրությունների արագ վավերացումը թերեւս ամենաարդյունավետ ճանապարհն է: Իհարկե` եթե դրան հետեւի դիվանագիտական լուրջ աշխատանք: Սակայն մի կողմից՝ վավերացման անհրաժեշտության մասին խոսելը «ազգային» չէ եւ կարող է սխալ հասկացվել, մյուս կողմից` Հայաստանի դիվանագիտության որակի լավագույն վկայությունը Էդվարդ Նալբանդյանի դեմքի արտահայտությունն էր արձանագրությունների ստորագրման ժամանակ: Այսինքն` իրավիճակը բոլոր առումներով մեր օգտին չի խոսում, եւ տպավորություն է ստեղծվում, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ապավինում են աներեւույթ ինչ-որ բանի: Իշխանությունը մտածում է, որ մի ձեւով այս պատմության «տակից դուրս» կգա, ընդդիմությունն էլ մտածում է, որ իշխանությունը «տակից դուրս չի գա», ու ինքը կգա իշխանության: Բնականաբար, բոլորն էլ իրենց մղումներում «առաջնորդվում են պետության ու պետականության շահով»: