Թերեւս քչերը կարող էին ակնկալել, որ Հայաստանի ու Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունները չեն ստորագրվի: Հակառակը, ՀՀ իշխանությունների հայտարարությունները ստիպում էին չկասկածել, որ փաստաթղթերը կստորագրվեն:
Բայց բոլորի համար անակնկալ էր, որ հոկտեմբերի 10-ին նշված ժամին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այնուամենայնիվ, հանկարծ որոշեց մի քանի ժամով հետաձգել ստորագրման արարողությունը: Թե ինչո՞ւ, հայկական կողմը կոնկրետ բացատրություն չի տալիս: Ընդամենն ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարության տեքստում եղել են ոչ ընդունելի արտահայտություններ: Թե ի՞նչ արտահայտություններ, չի մասնավորեցվում: Մինչդեռ արտասահմանյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ թուրքական կողմը փորձել է հայտարարության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առաջընթացով: Չուշացան նաեւ Դավութօղլուի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները: «Հայաստանը գրավյալ հողերից դուրս չգալով` չի կարող հուսալ Թուրքիայի դրական վերաբերմունքի մասին»,- ստորագրումից կարճ ժամանակ անց կրկին հայտարարեց Էրդողանը:
Իսկ ստորագրումը մի քանի ժամով հետաձգելու ինտրիգը Հայաստանում դարձել է քննարկման առարկա: Քաղաքական գործիչները տարբեր մեկնաբանություններ են տալիս կատարվածին: ՀՅԴ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն, օրինակ, տեղեկություններ ունի, որ ԼՂՀ-ի հետ կապված արտահայտությունները ոչ թե ստորագրման արարողությունից հետո նախատեսված բանավոր հայտարարության տեքստի մեջ են եղել, այլ դա որպես առանձին փաստաթուղթ` իրավական ուժ ունեցող վերապահում, ներկայացվել են Է.Նալբանդյանին, որպեսզի կցվեն ստորագրվելիք արձանագրություններին: «Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ որպեսզի վերապահումն արձանագրության մաս կազմի, պետք է դա գրավոր ներկայացվի դիմացի կողմին: Հայկական պատվիրակությունը դա ստացել է հյուրանոցից դուրս գալուց 10-15 րոպե առաջ եւ որոշել է չգնալ, մինչեւ դա ետ վերցվի կամ ինչ-որ բան փոխվի: Խոսքը չի գնում բանավոր ինչ-որ արտահայտության մասին, փաստորեն խոսքը գնում է Թուրքիայի կողմից հարաբերությունների հաստատումը ԼՂՀ խնդրի կարգավորմամբ պայմանավորելու վերապահման մասին,- ասում է Կ.Մանոյանն ու ավելացնում,- բայց քանի որ Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ միասին կամ առանձին-առանձին հայտարարել են, որ ԼՂՀ հարցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, կարծում եմ՝ այս է պատճառը, որ այդ երկրների ներկայացուցիչները փորձել են Թուրքիային համոզել, որ փոխեն տեքստը: Նույնիսկ մի պահ մեկ այլ տարբերակ են ուղարկել: Այդ ընթացքում Թուրքիայի պատվիրակությունը եղել է Ցյուրիխի համալսարանում, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայերի հյուրանոցի ներքեւում էր»:
Ռուսական մամուլում երեկ տեղեկություն հրապարակվեց, թե ստորագրման արարողությանը մասնակցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Է.Նալբանդյանին գաղտնի գրություն է ուղարկել. «Էդվարդ, համաձայնվիր` առանց հայտարարությունների» բովանդակությամբ: Գրության տակ ստորագրել են նաեւ Ֆրանսիայի ու Սլովենիայի արտգործնախարարները, ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Ամերիկյան կողմն էլ հայտարարում է, որ տարաձայնությունը հարթվել է Հ.Քլինթոնի շնորհիվ: Ամեն դեպքում այս երկու տեղեկությունները ցույց են տալիս, որ Է.Նալբանդյանը Ցյուրիխում գտնվել է վերը նշված բոլոր կողմերի ճնշման տակ: «Դա նշանակում է, որ այդքան էլ հանգիստ սրտով չի ստորագրել, դրա համար էլ նրա դեմքն ուներ իր արտահայտությունը, ինչը 100 աստիճան տարբեր էր Դավութօղլուի դեմքի արտահայտությունից»,- ասում է Կ.Մանոյանը:
ՀՅԴ ներկայացուցչի ասելով՝ առանց հայտարարությունների ստորագրումն այնքան էլ մեծ ձեռքբերում չէր հայկական կողմի համար: Ձեռքբերում կլիներ, եթե այդ միջադեպից հետո Է.Նալբանդյանն ընդհանրապես հրաժարվեր ստորագրել այդ արձանագրությունները: «Եթե մինչեւ վերջին վայրկյանն էլ Թուրքիան արդեն արձանագրությունների մաս կազմելու տեսքով փորձում է ԼՂՀ-ն կապել հայ-թուրքական հարաբերություններին, դա բավական հիմք պետք է լիներ, որ մերոնք չստորագրեին այդ փաստաթղթերը: Փաստորեն մերոնք են ուզում առանց նախապայմանների, բայց Թուրքիայի համար միշտ էլ կա նախապայման»,- ասում է Կ,Մանոյանն ու ավելացնում, որ այդպիսով հայկական կողմն էլ զրկվել է իր հայտարարությունը անելու հնարավորությունից:
Է.Նալբանդյանը, թեեւ Դավութօղլուի նման վերապահում չի ներկայացրել, բայց ցանկացել է բանավոր հայտարարության մեջ օգտագործել «ցեղասպանություն» բառը, ինչին էլ իր հերթին ընդդիմացել է թուրքական կողմը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ համոզված է, որ Դավութօղլուի հայտարարությունն ընդամենը պետք է բացահայտեր, որ «ՀՀ իշխանությունները ստում են»: «Նալբանդյանն ընդամենը կարողացել է կանխել ստորագրված արձանագրությունների եւ գործարքի էությունը բացատրող հայտարարությունները: Եթե Թուրքիայի արտգործնախարարն աներ իր հայտարարությունը, բոլորի համար պարզ կդառնար, որ ՀՀ իշխանություններն ուղղակի ստում են, երբ փորձում են ներկայացնել գործընթացն այնպես, ինչպես դա ներկայացնում են: Երկու կարեւորագույն հանգամանքում նրանք կեղծում են իրողությունը: Առաջինը` երբ ասում են, թե պատմական հանձնաժողովը չի ուսումնասիրելու ցեղասպանության հարցը, եւ երկրորդը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապ չունի ԼՂՀ խնդրի կարգավորման հետ: Դավութօղլուի հայտարարությունն ընդամենը պետք է բացահայտեր, որ երկու դեպքում էլ ՀՀ իշխանությունները ստում են: Նալբանդյանը չի ստորագրել, որպեսզի կարողանա դա թաքցնել: Ուրեմն պարզ է դառնում, որ Արտգործնախարարությունը պայքարում է, որ ընդամենը կարողանա ապահովի իր PR-ը եւ հայ ժողովրդից թաքցնի այս գործարքի էությունը»,- ասում է Լ.Զուրաբյանը:
ՀՅԴ-ն, սակայն, դեռ չի շտապում պահանջել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատու Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Այդ հավանականությունը չենք բացառում, բայց մեր նպատակն է՝ անել այնպես, որ արձանագրությունները չվավերացվեն»,- ասում է Կ.Մանոյանը:
ՀՅԴ-ն այս անգամ հույս ունի, որ ՀՀ Ազգային ժողովը չի վավերացնի այդ արձանագրությունները: Կ.Մանոյանին հույս են տալիս Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի երեկվա այն հայտարարությունները, թե մինչեւ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի փաստաթղթերը, ՀՀ խորհրդարանը չի վավերացնի: ՀԱԿ-ն էլ դեռ քննարկում է, թե այս իրավիճակում որոնք են լինելու համարժեք գործողությունները: «Թուրքիան աներկբայորեն հայտարարում է, որ սահմանը բացելու է միայն ԼՂՀ հարցի կարգավորման դեպքում: Թուրքիան հնարավորություն ունեցավ ձեւականորեն համաձայնել արձանագրությունների հետ` օգտագործելով վավերացման մեխանիզմը: Հայաստանին ներքաշեցին այդ հնարքների մեջ եւ ձեռք բերեցին այն, ինչ իրենց պետք էր: Անկախ վավերացումից էլ արդեն կասեցված է ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Միջկառավարական հանձնաժողովի ստեղծման լուրն արդեն բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպություններն ունեն եւ այսուհետ հղում կկատարեն դրան ու ավելորդ կհամարեն ցեղասպանության ճանաչումը: Այսինքն՝ անկախ վավերացումից էլ Թուրքիան արդեն ստացել է՝ ինչ իրեն պետք է: Իսկ Հայաստանի ստանալիքը կապված է վավերացման հետ, ինչը Թուրքիան կապել եւ կապելու է ԼՂՀ հարցի հետ»,- ասում է Լ.Զուրաբյանը: