Այսօր Ցյուրիխում կայանալու է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությունը, որը միջազգային կարեւորության իրադարձություն է դարձել: Թերեւս՝ նաեւ այն պատճառով, որ ստորագրման արարողությանը մասնակցելու են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները, այլ, ինչպես երեկ է վերջնականապես հաստատվել, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս այսօր սկսում է իր եվրոպական շրջագայությունը, եւ, բնականաբար, ամենեւին ոչ պատահականորեն այն մեկնարկում է Շվեյցարիայից: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը կայցելի Շվեյցարիա, որտեղ կկայանա հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությունը»,- երեկ հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Պետքարտուղարը պատրաստվում է սկսել իր Եվրոպական շրջագայությունը Ցյուրիխ այցելությամբ, որտեղ նա կմասնակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների ստորագրման արարողությանը, որպեսզի իր աջակցությունը ցուցաբերի այն գործընթացին, որը, մենք հավատացած ենք, պատմական քայլ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի համար հարաբերությունները բարելավելու ճանապարհին»,- ասել է նա: Ընդ որում, ամերիկացի դիվանագետը նշել է, որ ստորագրման արարողությանը հրավիրված են նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները եւ ԵՄ ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Այն, որ ոչ միայն Հ. Քլինթոնն է մասնակցելու այդ արարողությանը, այլ դրա մյուս հրավիրյալների մասին հատուկ հայտարարում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հերթական անգամ վկայում է, որ այս գործընթացն ընթանում է ԱՄՆ-ի «դոմինանտ հովանավորությամբ»: Բացի այդ, Քլինթոնի մասնակցությունը վկայում է նաեւ այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների առնվազն այս փուլում Թուրքիան, ըստ էության, հասել է իր ցանկությունների առավելագույնին: Ընդամենը երկու օր առաջ «The Wall Street Journal» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բառացիորեն հայտարարել է. «Մենք նույնպես կցանկանայինք տեսնել Մինսկի խմբին՝ որպես վկա այդ համաձայնագրի ստորագրմանը, եւ եթե ֆրանսիացիները չգան, հավանական է, որ կգան ամերիկացիներն ու ռուսները»: Գորդոնի երեկվա հայտարարությունը ասվածի լավագույն ապացույցն է: