Մեր երկրի ուրվականները

10/10/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նուբարաշենի կենտրոնական աղբավայրի հարակից տարածքում «խոզանոց» կոչվող թաղամաս կա, որտեղ ոչ թե խոզեր են ապրում, այլ 43 ընտանիքներ:

Եթե չփնտրես խոզանոցի տարածքը, աչքովդ չտեսնես` չես հավատա այն «լեգենդներին», որոնց մասին խոսում են մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ առիթ են ունեցել ոտք դնել այդ տարածք: Երեկոյան ժամերին, երբ մայրաքաղաքի աղբատար մեքենաները ժամանում են աղբավայր` խոզանոցում ապրող 43 ընտանիքների անդամները պարկերը ձեռքներին աղբի մեջ քուջուջ են անում: Ժամը 18:00-ից հետո Նուբարաշենի աղբավայրում անհավատալի տեսարան է բացվում. աղբի մեջ անթիվ մարդիկ են վազվզում: Մարդիկ, որոնք սոված ու լքված են, որոնք պատրաստ են իրար բզկտել աղբի միջից գոնե 10 դրամ արժեքով դեն նետած ցանկացած իր գտնելու համար:

Խոզանոց թաղամասի բնակիչների հետ շփումը ճնշող ու անտանելի է: Մարդիկ չարացած են ու պատրաստ են հետեւիցդ լուտանքների տարափ տեղալ: Բոլորն իրար նման ու տարօրինակ են: Երբ զգում են, որ «իրենցից» չես` իրենց պաշտպանելու համար ամեն ինչ անում են, որ վախենաս, հեռանաս: Բոլորը կաշկանդված են, մտածում են` կարող է մեկի հագին տեսնես տանդ դիմացի աղբանոց նետած քո հնամաշ, անպետք կոշիկը կամ շորը: Ոչ ոք չի ցանկանում իր տուն հրավիրել, որովհետեւ այստեղ բոլորի «տունը» կառուցված է մեր բոլորի դեն նետած աղբից, իրերից, բոլորի տունը հարդարված է աղբանոց նետած մեր կոտրված ծաղկամանով կամ խունացած վարագույրով: Խոզանոցի «տները» կառուցված են աղբանոցից բերած թիթեղներով, իսկ ներսումգ ներսում սոսկալի է, անասուններին հատուկ պայմաններ: Իսկական գոմեր, իրար ետեւից շարված, միանման, ճիշտ այնպես, ինչպես այս մարդիկ են իրար նման: Ասում են` նախկինում այս տարածքում խոզերի համար կեր են պահեստավորել: Խոզանոց թաղամասում շրջում եմ` ամեն քայլափոխիս հետ ինձ հետ տհաճ ռեպլիկներ տանելով` «Էլի մեկն եկավ, որ գնա խնդա վրներս», «Դե՛, էս էլ իրանց աշխատանքն ա, չէ՞, կուրիոզ են ման գալիս: Մենք էլ իրանց կուրիոզն ենք», «Թե ասա, որ գրեցիր՝ ի՞նչգ»: Աղբավայրի գարշահոտն այս տարածքում թթվածին շնչելը դարձրել է անհնար: Հոտառությունդ դառնում է անզոր, որովհետեւ 5 րոպե այդ հոտը շնչելուց հետո ուզում ես փսխել: Խոզանոցի բնակիչները սովորել են: Ոչ ոք չի ցանկանում իր «դարդերից» խոսել, որովհետեւ լուսանկարչական սարքս տեսնելուն պես վազում են «տուն» ու փակվում են: Կարծում են՝ եկել եմ իրենց ծաղրելու, չարախնդալու, ստորացնելու:

«Գորբաչովն իմ նամակին անձամբ պատասխանել ա, հիմա ո՞ւմ գրեմ»

70-ամյա Արտաշ պապը քթի տակ ինքն իրեն խոսելով աղբի միջից «ջոկած» ցելոֆաններն առանձնացնելով՝ դրանք հանձնում է սառը ջրի մեջ ձեռքերը թաղած կնոջը: Անդուր ճռռոցով բացվող դռան ետեւից ինձ տեսնելուն պես պոռթկում է` «Ինչի՞ ես նկարում, որ մեր վրա մարդկանց ծիծաղացնե՞ս: Նկարում ես, թե ո՞նց եմ ձեր քաքերը մաքրում, տանում, հանձնում ու հաց առնում: Ուզում ես նկարես, թե ո՞նց ենք խոզի պես ապրում, ո՞նց ենք էս կեղտի մեջ գոյատեւում»: Արտաշ պապը կտրուկ գցում է կեղտոտ ցելոֆաններն ու պատի տակ հարմարվելով՝ բարկությունից դողացող ձեռքերով ծխախոտ է վառում: Հաստատ ուզում է վիրավորվեմ ու հեռանամ, բայց չեմ վիրավորվում ու չեմ հեռանում, որովհետեւ հասկանում եմ իր զայրույթըգ Ասում եմ` «Իզուր եք բարկանում ու էդպես մտածում: Ես էլ ձեր նման մարդ եմ, եկել եմ իմանալու, թե ոնց եք ապրում»: Արտաշ պապը մի քիչ փափկում է, բայց ներքուստ կռվում, անիծում է: Ասում է` «Քեզ շատ պետք ա՞, որ իմանաս` մենք ո՞նց ենք ապրում: Եկել ես քո գործն անելու, էլիգ»: Հետո Արտաշ պապը պատմում է, որ 45 տարի կռունկավար է աշխատել, բայց երբ Սովետը քանդվեց` ամեն ինչ կորցրեց: Ասում է` «Սովետի ժամանակ հարգված մարդ եմ եղել, աշխատասեր, կոկիկ, իսկ հիմագ: Ոչ թե անկախացանք, այլ անտեր դարձանք: Գնա բոլորին ասա, որ մենք Սովետից հետո ղեկավարություն չունենք, ղեկավարություն գոյություն չունի: Էն ժամանակ ես Գորբաչովին նամակ եմ գրել, ու նա ինձ պատասխանել ա: Հիմա եթե իմ բողոքը գրեմ` ո՞վ կպատասխանի, ո՞վ շան տեղ կդնի»: Սովետը քանդվեց ու նրանք եկան խոզանոց ու սկսեցին «աղբից հաց քամել»-ապրել: Կինը` Գեղեցիկ տատն, այնպիսի արհամարհանքով է ինձ նայում, որ նրա հայացքից «չորանում եմ»: Կեղտոտ ցելոֆանը լցնում է աղբանոցից գտած «լոգարանի» մեջ ու սառը ջրից մռմռացող ձեռքերով սկսում է այն «մաքրազարդել»: «Նկարի՛, աղջիկ ջան, նկարի, թե ոնց եմ էս տարիքիս զիբիլ մաքրում, որ հացի փող վաստակեմ: Մի ոտքս ստեղ ա, մյուսն` էն աշխարհում, բայց քանի որ դեռ էն աշխարհ ճամփա չեմ ընկել` պիտի զիբիլով ապրեմ»: Գեղեցիկ տատն ու Արտաշ պապը խոզանոց թաղամասում ապրում են աղջկա, փեսայի ու նրանց երեք երեխաների հետ: Նրանց ապրուստի միջոցն աղբն է: Ամեն երեկո, մեծից փոքր, իջնում են աղբավայր` ցելոֆան, շշեր, տարաներ, ռեզինե իրեր, կոշիկների տակացուներ գտնելու: «Բերում, մաքրում, լվանում ու հանձնում ենք, որ մի երկու կոպեկ աշխատենք»,- ասում են նրանք: 8 տարեկան Ռուբիկն ամեն օր դասերից հետո ծնողների հետ գնում է աղբանոց` հարմար բան գտնելու: Խոզանոց թաղամասում բացի թիթեղյա տներից ոչինչ չկա: Նուբարաշենի դպրոց հասնելու համար տարածքի դպրոցական երեխաների ծնողները ստիպված են ավտոբուս վարձել, որպեսզի երեխաներին տեղափոխելու խնդիրը լուծվի: «Էստեղ ոչ մարշրուտկա ա մտնում, ոչ էլ ավտոբուս: Մենք ավտոբուսի վարորդին վճարում ենք, որ առավոտ ու դասերից հետո երեխեքին տեղափոխի: Նիսյայով ենք պայմանավորվել, որ թոշակի ժամանակ պարտքերը փակենք»,- ասում են նրանք:

3 երեխաների մայր Մարսելան ասում է, որ նախկինում 25.000 դրամ ընտանեկան նպաստ էին ստանում, բայց ամիսներ առաջ զրկել են` պատճառաբանությամբ, թե ծնողների թոշակը բարձր է: Արտաշ պապի եւ Գեղեցիկ տատի թոշակի չափը միասին կազմում է 45.000 դրամ, որն անգամ օրվա հաց գնելուն չի բավականացնում. «Ընտրությունների ժամանակ մարդիկ հիշում են, որ էստեղ ոչ թե խոզեր, այլ մարդիկ են ապրում: Գալիս կտեր են տալիս, քիչ ա մնում ոտներս ընկնեն, բայց հետոգ»: Մարսելայի ամուսինը` Վրեժը, վստահեցնում է, որ առավոտից իրիկուն փաստաթղթերը ձեռքին դիմում է բոլոր հիմնարկություններին ու անհատ ձեռներեցներին բանվորության աշխատանք գտնելու համար, բայց մերժվում է: Ստիպված իջնում է աղբավայր: «Ստիպված զիբիլ ենք քչփորում: Ցելոֆանները տանում վերամշակում են, շշերը հանձնում ենք, նույնն էլ` ռեզինից իրերը: Որոշ բաներ էլ ապրելու, հագնելու համար մեզ են պետք լինում»,- ասում է Մարսելան: Գեղեցիկ տատն ասում է, որ իրենք էս երկրի ուրվականներն են ու ոչ ոքի պետք չեն: «Իրիկունը գնում ենք զիբիլանոց: Հարյուրավոր մարդիկ զիբիլ են քուջուջ անում: Մեկը քֆուր ա տալիս, մյուսն անիծում ա, մեկի կեղտն ես մաքրում, մյուսի ձեռքից ստիպված ես լինում մի կտոր հացի համար վերցրած շիշը խլել: Էս ի՞նչ ապրելու ձեւ ա ախր: Մարդ ենք, բայց խոզի կյանքով ենք ապրում: Նայի՛, սառը ջրից ձեռքերս կապտել են, մրմուռից լացս գալիս ա, բայց ի՞նչ անեմ, կյանքն ա ստիպում»: Գեղեցիկ տատը վստահեցնում է, որ մեկ ամիս աղբանոցում «աշխատելու» դեպքում վաստակում են ընդամենը 10.000 դրամ: Արտաշ պապին ասում եմ` «Թույլ կտա՞ք Ձեզ նկարեմ»: Հեգնելով պատասխանում է` «Նկարի, նկարի, մի հատ էլ տար դիր ռամկի մեջ, կախի»:

Աղբավայրի հարակից տարածքում գտնվող խոզանոց թաղամասի բնակիչների մասին շատ բան կա գրելու ու պատմելու: Բայց ամեն բառն ու տեսարանը մտաբերելիս խոզանոցի գարշահոտը դիպչում է քթիս: Այս մարդկանց կենսակերպը բառերով վերարտադրելն անհնար է: Տեսնել է պետք: