Աշխատավարձերը չեն տալիս

10/10/2009

Երեկ մեր թերթի խմբագրություն եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արթուր Գրիգորյանը, ով ամիսներ առաջ դատի էր տվել համալիրի տնօրինությանը` աշխատավարձը չտալու համար: Ա. Գրիգորյանը համալիրում ընդունվել է աշխատանքի 2008թ. օգոստոսից եւ այնտեղ աշխատել է մինչ 2009թ. ապրիլի 9-ը: Այս ամիսների ընթացքում, ըստ համալիրի անվտանգության նախկին աշխատակցի, իրենք վարձատրվել են մասնակիորեն եւ շատ անկանոն: «Մենք անժամկետ պայմանագիր էինք կնքել համալիրի տնօրինության հետ: Բայց էս ապրիլի 9-ին ես դուրս եկա աշխատանքից, որովհետեւ վստահ էի, որ միեւնույն է` կա՛մ իմ կամքով պետք է դուրս գայի, կա՛մ ինձ կհեռացնեին: Ըստ պայմանագրի` ես ստանում էի 100.000 դրամ աշխատավարձ»,- նշեց Արթուր Գրիգորյանը, ով ապրիլի 18-ից դատական գործընթացի մեջ է: «Իմ պահանջը մեկն է` ես ուզում եմ իմ մնացած աշխատավարձը հետ վերցնել: Պայմանագիրն ինձ մոտ է, բոլոր փաստաթղթերն ունեմ, բայց դեռ չեմ կարողացել աշխատավարձս ստանալ: Ես էս դարի Պեպոն եմ` բարաթը ձեռքիս` չեմ կարողանում ճշմարտությունն ապացուցել»,- ասաց համալիրի նախկին աշխատակիցը, ում կարծիքով՝ իր աշխատավարձի պարտքը կազմում է շուրջ 240.000 դրամ: «Արդեն մի չորս անգամ դատական նիստ է եղել: Էս վերջինը սեպտեմբերի 9-ին էր, ու անժամկետ հետաձգեցին: Ինձ հետ կան նաեւ համալիրի եւս 8 աշխատակիցներ, ովքեր նույնպես դատի են տվել տնօրինությանը` աշխատավարձերը չստանալու համար»,- նշեց Ա. Գրիգորյանը` եզրափակելով. «Ես հույս ունեմ, որ դատը կշահեմ: Մերոնցից մի հոգի արդեն շահել է դատը, բայց ամեն դեպքում, եթե չհաջողվի` դիմելու եմ Եվրադատարան»: