Ամերիկահայ գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսջյանն ամենայն հավանականությամբ Հայաստանում առաջիկայում կդադարեցնի իր բիզնես ծրագրերը` խորհրդանշական ներկայության համար թողնելով միայն «Գաֆեսջյան թանգարանը»: Բանն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում տասնյակ-միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարած Գաֆեսջյանին հետեւողականորեն խաբել են` բառի բուն իմաստով նրանից միլիոնավոր դոլարներ «քցելով»: Դա, բնականաբար, կատարվել է ամենատարբեր մեխանիզմների ու ֆինանսական սխեմաների միջոցով, որոնց սկզբնական շրջանում Գաֆեսջյանը ուշադրություն չի դարձրել, չնայած այն բանին, որ հայկական լրատվամիջոցները բազմիցս են այդ մասին ահազանգել: Եվ երբ միայն թանգարանի կառուցման համար նրա հայաստանյան «գործընկերները» 150 մլն դոլար են պահանջել, Գաֆեսջյանը հասկացել է, թե իրականում ո՞ւմ եւ ինչի՞ հետ գործ ունի: Կատարվածի հիմնական պատասխանատուն (նաեւ ֆորմալ առումով), իհարկե, «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթրսն է, որն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Սակայն որպես Գաֆեսջյանի հայաստանյան հիմնական գործընկեր՝ առավելապես հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր Բագրատ Սարգսյանը, ում անունը եւս սերտորեն կապվում է ամերիկահայ գործարարի գումարների վատնման հետ: Իրականում այս «ազգանվեր» գործում ներգրավված մարդկանց անունների ցանկը բավական մեծ է: Արդյունքում, վերջին ամիսների ընթացքում Գաֆեսջյանը, ըստ բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրների, արդեն վաճառել է Հայաստանի ֆինանսական ոլորտում իր ունեցած հիմնական բիզնեսները` «Կասկադ բանկը», «Կասկադ ինշուրընս» ապահովագրական ընկերությունը եւ այլն: Հավաստի տեղեկությունների համաձայն, նա ցանկանում է վաճառել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության իր մասնաբաժինը: Ամենայն հավանականությամբ, նոյեմբերին Ջերարդ Գաֆեսջյանը ժամանելու է Հայաստան, եւ այս պատմությունների վերաբերյալ թերեւս նոր մանրամասներ ի հայտ կգան: Սակայն հատկապես այս օրերին Սփյուռքի մասին քննարկումների, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի նկատմամբ սփյուռքահայերի վերաբերմունքի համատեքստում ամերիկահայ բարերար Ջ. Գաֆեսջյանի հետ կատարվածը, մեղմ ասած, շատ «խորհրդանշական» է: