Ոչ միայն սփյուռքում, նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում:
Այդ երկու փաստաթղթերը չստորագրելու, խորհրդարանում չվավերացնելու եւ հայ-թուրքական ու ԼՂՀ հարցերում զիջումներով լուծումների չգնալու համար նախօրեին համատեղ պայքար ծավալելու հայտարարություն արեցին ՀՀ 12 քաղաքական ուժեր: Իսկ հայկական գաղթօջախներում դժգոհությունն այնքան բուռն դրսեւորումներ է ստացել, որ այդ երկրների իշխանությունները զրահատեխնիկա են հանել փողոցներ, որպեսզի ապահովեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը սփյուռքի հայրենակիցներից: Իսկ Ս. Սարգսյանը ոչ միայն հաստատակամ է այդ արձանագրությունները ստորագրելու եւ վավերացնելու հարցում, այլ «միամիտ» է անվանում իրեն սպառնացողներին: Այնուամենայնիվ, մարդկային առումով բավական ծանր կացության մեջ է հայտնվել ՀՀ նախագահը, նա շրջում է աշխարհի տարբեր երկրներով եւ իր հայրենակիցների մի զգալի մասի կողմից արժանանում է, մեղմ ասած, մերժողական ընդունելության: Արդյոք նախագահը կարո՞ղ է կամ ցանկություն ունի՞ հրաժարվել իր ժողովրդի կողմից «դավաճանական» որակված արձանագրություններից: Վերը նշված 12 քաղաքական ուժերից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ միայն իր քաղաքական կամքը կարող է Ս.Սարգսյանին պարտադրել հրաժարվել այդ փաստաթղթերը վավերացնելուց: Սակայն նա մեծ հույսեր չի կապում նախագահի քաղաքական կամքի հետ եւ կարծում է, որ հոկտեմբերի 10-ին դրանք կստորագրվեն եւ վավերացման համար կներկայացվեն ԱԺ-ին: «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միակ գործոնը կարող է լինել թերեւս Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ խորհրդարանի լուծարումը: Երկուսն էլ ընդունելի տարբերակ են ինձ համար: Ինձ համար ընդունելի են նաեւ այն տարբերակները, որոնք ուղղակի չեն բերի նմանատիպ արձանագրությունների հաստատմանը ԱԺ-ում: Բայց հակառակ պարագայում կարող եմ ասել, որ ինքը կհրաժարվի եւ Սահմանադրությունից, եւ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից»,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Նա, սակայն, չի էլ հավատում, որ Ս.Սարգսյանը հրաժարական կտա, եւ որ այդ հրաժարականը լինի կամավոր: Նրա կարծիքով, թերեւս, նախագահը հրաժարական կտա, եթե դրա համար լինի հասարակության պահանջը: Մինչդեռ Հայաստանում հասարակական լայն զանգվածները կարծես թե չեն ընդվզում հայ-թուրքական այս զարգացումների դեմ: «Ես կարծում եմ, որ այսօր հասարակության կողմից նկատվող որոշակի պասիվությունը առերեւույթ է եւ ոչ թե խորքային: Հասարակությունն այս հարցում սպասում է քաղաքական ուժերի միասնության»,- կարծում է պատգամավորը: Արձանագրությունների վավերացումը կասեցնելու հիմնական պատրվակը համարելով նախագահի հրաժարականը` ինչո՞ւ «Ժառանգությունը» նման պահանջ չի ներկայացնում: Հատկապես, երբ իրենց մասնակցությամբ արդեն քաղաքական միավորում է ձեւավորվել: «Սպասենք ամսի 10-ին»,- շատ խորհրդավոր ասում է Ա. Մարտիրոսյանը` չմանրամասնելով, թե հոկտեմբերի 10-ին` այդ 2 արձանագրությունների ստորագրումից հետո ինչ են անելու:
Իսկ նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ Ս. Սարգսյանին «որեւէ բան չի կանգնեցնի», բայց նա նույնպես պնդում է, որ այս արձանագրություններն այս տեսքով պետք չէ վավերացնել: Արդյոք արդեն անշրջելի՞ է ՀՀ նախագահի սկսած գործընթացը: «Եթե խոսքը վավերացման մասին է, կարծում եմ` այո: Որեւէ արտառոց բան պիտի լինի, որ այս փաստաթղթերը ՀՀ-ում չվավերացվեն: Ենթադրենք, Թուրքիայում ձգձգվի վավերացումը, միգուցե Հայաստանում էլ ձգվի այդ հարցը: Սակայն որեւէ փաստաթուղթ անդառնալի չի կարող համարվել, խորհրդարանը կարող է 3 ամիս 1 տարի հետո անդրադառնալ այս հարցին եւ չեղյալ համարել փաստաթղթերը: ԽՍՀՄ փլուզումից մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասում է Տ. Թորոսյանը: Նա նույնպես համաձայն է, որ այս փաստաթղթերի նկատմամբ ՀՀ-ում հասարակության վերաբերմունքը համարժեք չէ սփյուռքում բարձրացած դժգոհության ալիքի հետ: Նրա կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ մեր երկրում հասարակությունը գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ, եւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները լիարժեք տեղեկատվություն չեն տալիս այդ փաստաթղթերի մասին: Բացի այդ, նրա խոսքերով, շատերը, ովքեր կողմ են արձանագրություններին, նենգափոխում են դրանց դրույթները: «Հարց են բարձրացնում, թե կո՞ղմ եք սահմանները բացելուն: Որեւէ ողջամիտ մարդ չի կարող դեմ լինել: Բայց ակնհայտ է, որ խոսքը տվյալ դեպքում ուրիշ բանի մասին է. արձանագրություններն այս տեսքով ընդունելի՞ են, թե՞ ոչ: Անգամ այս պայմաններում հասարակության զգալի մասը դեմ է այս արձանագրությունները վավերացնելուն: Հետեւաբար, երբ փակ է այս ամենը, չի կարելի խոսել հասարակության համարժեք արձագանքի մասին: Բացի այդ, սխալ է այս հարաբերական անդորրն ընդունել որպես անհանգստության բացակայություն: Սա պետք է մտահոգի առաջին հերթին իշխանություններին»,- ասում է պատգամավորը:
Տ.Թորոսյանը նույնպես վստահ է, որ արձանագրություններն այս տեսքով չընդունելու եւ հարցին հայանպաստ լուծում տալու համար անհրաժեշտ է միայն նախագահի կամքն ու ցանկությունը: «Երբ Քի Վեստում արդեն ամեն ինչ ավարտվել էր, եւ կարծես թե պիտի փաստաթուղթ ստորագրվեր, հայր Ալիեւն ասաց, որ ինքը պիտի գնա Բաքու` դրանից հետո կստորագրի: Նա գնաց Բաքու եւ ասաց` ոչ: Այնպես որ, ցանկության դեպքում դժվար չէ այդ բառն արտասանել»,- ասում է Տ.Թորոսյանը:
Սակայն հասարակության լայն շրջանակներում նաեւ կարծիք կա, որ Ս.Սարգսյանն այդ արձանագրությունները չընդունելու հնարավորություն չունի` այդ հարցում ճնշում են գործադրում գերտերությունները, որովհետեւ նա իր երկրում ունի լեգիտիմության խնդիր: «Ճնշումներ միշտ էլ կարող են լինել, ակնհայտ է, որ մեծ տերությունները հետաքրքրություն ունեն այս փաստաթղթերի ստորագրման եւ վավերացման համար: Բայց չեմ կարծում, որ դա է պատճառը: Պետք է գիտակցել, որ այս փաստաթղթերի արժեքը շատ ավելի բարձր է, քան ցանկացած ներքաղաքական հարց: Այնպես որ, դա բացատրություն չէ»,- ասում է Տ.Թորոսյանը: