Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բոլոր նախարարությունները «իրականացրել են եւ իրականացնում են» սահմանի բացման տնտեսական հետեւանքների վերաբերյալ ուսումնասիրություններ: «Կարծում եմ` կհամաձայնեք, որ այդ նյութերի գերակշիռ մասը ունի նաեւ գաղտնի բնույթ, քանի որ խոսքը գնում է ազգային անվտանգության հետ առնչվող խնդիրների մասին»,- ասաց նա: «Իսկ ինչո՞ւ ԱԺ ներկայացված 2010թ. բյուջեի նախագծում եւ ուղերձում ոչ մի խոսք չկա սահմանի բացման հնարավոր տնտեսական հետեւանքների մասին»,- հարցրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: «Բյուջեի ձեւավորման ընթացքում մենք հիմք ենք ընդունում այն իրավական հիմքերը, իրողությունները, որոնք առկա են այդ պահի դրությամբ: Չի բացառվում, որ տնտեսական իրադրության կտրուկ փոփոխության, այդ թվում՝ սահմանների բացման հետ կապված, ապագայում կատարվեն համապատասխան փոփոխություններ»,- պատասխանեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Ո՞րն է ՀՀ կառավարության պաշտոնական տեսակետը ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դե յուրե սահմանի վերաբերյալ, եւ որն է դրա իրավական հիմքը»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ե՛վ դե յուրե, եւ՛ դե ֆակտո մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ-ի ժամանակ եւ որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ առկա են: Մենք Սովետական Հայաստանի իրավահաջորդն ենք: Չեմ կարծում, որ այսօր փաստացի առարկայական քաղաքականության մեջ իրատեսական է կասկածի տակ դնել այն սահմանները, որոնք այսօր ձեւավորվել են: Իհարկե, այդպիսի (կասկածի տակ առնող) քննարկումներ եղել են եւ շարունակվում են, բայց մենք ընդունում ենք այն իրողությունը, որը որ ժառանգել ենք»,- պատասխանեց վարչապետը: «Ձեր պատասխանը նշանակում է հայրենազրկում եւ հրաժարում»,- արձագանքեց Ր. Հովհաննիսյանը: