Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները խոսելու եւ գրելու առատ նյութ են տվել քաղաքական գործիչներին, մեկնաբաններին եւ լրագրողներին։ Հիմնականում խոսքը գնում է Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, ինչը բնական է։ Սակայն սահմանի հնարավոր բացման տնտեսական կողմը մի տեսակ դուրս է մնացել ուշադրությունից։
Առ այսօր չի ներկայացվել որեւէ լուրջ վերլուծություն, թե սահմանի բացումն ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության, տեղական արտադրողների վրա։ Լուրջ վերլուծությունների բացակայությունն, իր հերթին, թույլ է տալիս, որ տարբեր մարդիկ կամ կազմակերպություններ խնդիրը ներկայացնեն իրենց ձեռնտու տեսանկյունից։ Օրինակ՝ հարաբերությունների կարգավորմանը կողմ մարդիկ կարծում են, որ սահմանի բացումը կնվազեցնի տրանսպորտային ծախսերը եւ կխթանի մրցակցությունը։ Մյուսները, հակառակը, համոզված են, որ թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան, եւ տեղական, առանց այն էլ՝ անդունդի եզրին գտնվող մեր արտադրությունը վերջնականապես կկործանվի։ Ոմանք էլ հարցի տնտեսական կողմին գումարում են նաեւ բարոյական, ազգային-հայրենասիրական ասպեկտը։ Օրինակ՝ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը մի քանի օր առաջ իր ասուլիսի ժամանակ հիշեցնում էր իրենց կողմից քարոզվող երկու հիմնական կարգախոսները՝ «Հարգենք մեզ, գնենք մերը» եւ «Ո՛չ թուրքական արտադրանքին»։ Ինքը՝ Ա. Պողոսյանը, նշում է, որ նման կոչով հանդես են գալիս 2001 թվականից ի վեր։ Դժվար է ասել՝ կոչի տոնայնությունն է անհամոզիչ եղել, թե մարդիկ ուշադիր չեն եղել, փաստն այն է, որ կոչը արդյունք չի տվել։ Ավելին՝ հակառակ արդյունք է տվել։ Եթե 2001թ. Թուրքիայից ներմուծումը կազմում էր 33 միլիոն դոլար, ապա 2008թ. այդ ցուցանիշն աճել է 8 անգամ՝ կազմելով 267.7 միլիոն դոլար։ Որքան էլ զարմանալի լինի, այսօր՝ անգամ փակ սահմանների պարագայում, Թուրքիան տեսակարար կշռով մեր թվով 6-րդ առեւտրային գործընկերն է։ Այս տարվա առաջին 8 ամիսների տվյալներով պատկերը չի փոխվել։ Ճիշտ է, ապրանքաշրջանառության ծավալները համաշխարհային ճգնաժամի պատճառով փոքրացել են (ինչպես եւ մյուս երկրների դեպքում), սակայն Թուրքիայից ներմուծումը կազմում է մեր ընդհանուր ներմուծման 4.7%-ը։ Հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայից ներմուծումը՝ ըստ առեւտուր անող երկրի, եղել է 89.9 միլիոն դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 101.6 մլն։
Այն մտավախությունները, թե թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան սահմանի բացման դեպքում, արդարացված չեն այն պարզ պատճառով, որ անգամ փակ սահմանի դեպքում դրանք արդեն «ողողել» են՝ իրենց չափով։ Թուրքերն այսօր Հայաստան են ներմուծում գրեթե ամեն ինչ՝ բացի սննդամթերքից, խմիչքից եւ ծխախոտից։ Այսպես, ներմուծման վիճակագրությունը ներկայացվում է ըստ 97 ապրանքախմբերի։ Թուրքիայից Հայաստան են ներմուծվում ապրանքներ՝ ավելի քան 60 ապրանքախմբերով, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանումը տեղավորվում է ընդամենը 14 ապրանքախմբի մեջ՝ 1.85 միլիոն դոլար ընդհանուր ծավալով։ Ընդ որում, դրա առյուծի բաժինը՝ 1.5 միլիոնը, կազմում են չմշակված մորթին եւ կաշին։ Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե Թուրքիայից ներմուծվում են հիմնականում կաշվե իրեր եւ կոշկեղեն։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն (տես աղյուսակը)՝ ամենից շատ (40 մլն դոլար կամ ներմուծման 15%-ը) կազմում են բիտումային նյութերը, հետո պլաստմասսան, փայտը եւ դրանցից պատրաստված իրերը։ Իսկ կոշկեղենի, կաշվե եւ մորթյա իրերի ներմուծման ծավալը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2008թ. չի գերազանցել 3 միլիոն դոլարը։
Մի խոսքով, թուրքական արտադրանքն այսօր գրավում է հայկական շուկայի մի որոշակի մասը, եւ դրանից շատ մեծ շեղումներ դժվար թե լինեն։ Սպառողների ասոցիացիայի նախագահը կոչ է անում չգնել թուրքերինը, այլ՝ հարգել մեզ եւ գնել մերը։ Ենթադրենք՝ ձեր մեքենայի դիմապակին կոտրվել է։ Դուք հարգում եք ինքներդ ձեզ, բայց… հայերը մեքենայի դիմապակի չեն արտադրում։ Ընտրության հնարավորությունն էլ մեծ չէ՝ կամ թուրքականը պետք է գնեք, կամ օրիգինալը, որը 2 անգամ ավելի թանկ է։ Եթե զուտ որակային առումով ընտրություն կատարեք, անշուշտ, գերմանականն ավելի լավն է։ Բայց եթե միջոցները սուղ են, եւ չեք էլ ուզում օգնել թշնամուն, ուրեմն… պետք է ցելոֆան փակցնեք դիմապակու փոխարեն։ Ա. Պողոսյանը մեր այս դիտարկմանը պատասխանում է՝ երբ ընտրության հնարավորություն չկա, մենք էլ նույն արտադրանքից չենք արտադրում, այդ դեպքում կարելի է գնել նաեւ թուրքականը։ Այդ դեպքում դավաճան չես։ Ակամայից հիշում ես վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը՝ պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ, որից Չինաստանը չի արտադրում։
Հետաքրքիրն այն է, որ կոչ անելով թուրքական ապրանքներ չգնել՝ հայ սպառողների պաշտպանները լավատեսությամբ խոսում են այն մասին, որ կարելի է մուտք գործել թուրքական շուկա, օրինակ՝ էլեկտրաէներգիա վաճառել։ Իհարկե կարելի է, եթե Թուրքիայում էլ իրենց սպառողների շահերը նման կերպ պաշտպանեն, եւ կոչերն էլ նույն ազդեցությունը ունենան։ Նշենք, որ աչքի անցկացնելով արտահանման եւ ներմուծման կառուցվածքը, կարելի է մեծ թվով հայկական ապրանքատեսակներ գտնել, որոնք կարող են մրցունակ լինել թուրքական շուկայում, սակայն այսօր չեն արտահանվում։ Օրինակ՝ տրիկոտաժե հագուստը։ 2008թ. ընթացքում Հայաստանից արտահանվել են ավելի քան 25 միլիոն դոլարի տրիկոտաժե հագուստի պարագաներ։ Ընդ որում, հայկական արտադրանքի որակն անխոս լավն է, քանի որ դրանք արտահանվել են հիմնականում եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, մեծ մասն՝ Իտալիա եւ այլն։ Մինչդեռ այս ապրանքախմբի գծով դեպի Թուրքիա արտահանումը կազմել է 0, իսկ ներմուծումը՝ շուրջ 11 միլիոն դոլար։ Նման օրինակների շարքը կարելի է շարունակել։ Իրականում, խնդիրների (եթե այդպիսիք առաջանան) պատճառը պետք է փնտրել ոչ թե սահմանի բաց ու փակ լինելու, այլ՝ հենց մեր տնտեսության մրցունակության, ավելի ճիշտ՝ անմրցունակության մեջ։ Իսկ դրա պատճառները բոլորին են հայտնի՝ կոռուպցիա, մրցակցային դաշտի լուրջ խնդիրներ, հովանավորչություն, ըստ էության՝ չգործող դատաիրավական համակարգ եւ խայտառակ փոխարժեքային քաղաքականություն։ Փակ սահմանը պարզապես մասամբ ծածկում է այս թերությունները։ Սակայն փակ սահմաններով եւ մրցակցությունից խուսափելով չի կարելի նորմալ երկիր ու տնտեսություն կառուցել։ Իհարկե, ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ հարկավոր էր նախ պատրաստվել սահմանի բացմանը, լուծել ներքին խնդիրները, նոր միայն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր այդպիսի հայտարարություններ անողների մեծ մասը հենց այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իշխանության հետ ձեռք ձեռքի տված «նախապատրաստում» էին մեր տնտեսությունը։